Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ. ոչ մի լավ բանի սա չի բերելու հենց իշխանությունների համար. Անդրանիկ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բաղրամյան պողոտայում «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մի քանի քաղաքացիներ, այդ թվում` ոստիկաններ, հանրահավաքի ընթացքում տարբեր վնասվածքներ են ստացել ձայնային նռնակների հետեւանքով: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություներ են տեղափոխվել 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան: Ինչպես հիշում ենք` 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ եւս նման հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես «Չերյոմուխա 7», եւ դրա հետեւանքով եղան զոհեր, ընդ որում՝ նաեւ ոստիկանության աշխատակից էր սպանվել:

Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ժամանակին Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, կարելի՞ է զուգահեռ անցկացնել «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերի եւ մարտի 1-ին դեպքերի միջեւ: Եվ ի՞նչ կարող ենք արձանագրել այս պարագայում:

-Սա մարտի 1-ից շատ հեռու է այն առումով, որ մարտի 1-ին բազմաթիվ ուժային կառույցներ են մասնակցել: Իսկ հիմա ոստիկանական ներքին զորքերի ուժերն են, որոնց տրամադրության տակ են հատուկ միջոցներ: Ես որքան հասկացա` ձայնային նռնակ է օգտագործվել: Եվ վիրավորների մեջ կա նաեւ ոստիկան, այսինքն` կիրառելուց իրենք նույնիսկ չեն հասկացել, որ դրանք շատ վտանգավոր են, եւ հաշվի չեն առել, որ մոտ տարածության մեջ են նաեւ ոստիկաններ, եւ վիրավորվել են նաեւ նրանք: Այսինքն` կիրառման հետ կապված ոստիկանությունը հստակ չի տիրապետում` որը որտեղ եւ ինչպես պետք է օգտագործի: Կարծում եմ` ցածր պրոֆեսիոնալիզմի պայմաններում մենք ունեցանք հիմա մի քանի վիրավորներ: Նույն մարտի 1-ին բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել ոստիկանները: Եվ այդպես էլ չեն կարողանում հիմնավորել, թե ում կիրառման արդյունքում է դա. Ցուցարարներ են փնտրում, բայց ցուցարարները կապ չունեն, որովհետեւ դրանք ներքին զորքերի հատուկ միջոցների պայթյունի արդյունքում է: Այստեղ էլ նույն բանը տեսնում ենք, էլի կիրառեցին, էլի վիրավորներ: Պարզապես պետք է այս մարդիկ մի օր հասկանան` դրանք վտանգավոր են, եւ իրենք վիրավորում են ոչ միայն ցուցարարներին, այլեւ իրենց ներքին զորքերի ծառայողներին:

-Այսինքն` իրենք չէի՞ն պատկերացնում, թե ում են վնասվածք հասցնում, թե՞ պարզապես ամեն գնով ցանկանում էին սաստել ցուցարարներին:

-Կարծում եմ` մարտի 1-ից դեռ դասեր չեն քաղել, թե ինչ կարելի է կիրառել, ինչպիսի վայրերում: Իրենց պարզապես թվում է, թե իրենք ռազմական գործողությունների են մասնակցում, եւ այնտեղ ինչ ընկավ ձեռքները, պետք է օգտագործեն: Ժամանակն է, որ այս բոլոր հարցերով մի օր հստակություն մտնի:

-Մարդիկ, չնայած այս դեպքերին, շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Ի՞նչ կարող է լինել արդյունքում` հաշվի առնելով նաեւ նախկինում եղած հանրահավաքների փորձը:

-Այնպես չի, որ մարդիկ եկել են ու հիմա պետք է գնան: Իրենք պահանջներ ունեն եւ շատ խաղաղ ցույցեր են իրականացնում այս պահին: Եվ խաղաղ ցույցերի ժամանակ կիրառել նման ոչ համաչափ ուժ, դա արդյունք է այն բանի, որ, այնուամենայնիվ, մարտի 1-ից դասեր քաղված չեն:

Այս դեպքում չի՞ բացառվում, որ կարող է է՛լ ավելի սրվել իրավիճակը: Ի վերջո, մարտի 1-ին եղան տասը զոհեր:

-Ամեն ինչ հնարավոր է: Ուժային կառույցներն այդպես էլ կայացնում են այդ որոշումները` առանց որեւէ բան հաշվի առնելու: Առանց հաշվի առնելու, որ դիմացը կանգնած է երիտասարդ ուսանողությունը: Գոնե այս անգամ պետք է դա տեսնել, նաեւ կարող է` նրանց մեջ իրենց երեխաներն են: Որոշում կայացնող անձինք պետք է հաշվի առնեն, որ իրենց որոշման արդյունքում ունենում ենք վիրավորներ: Եվ շարունակությունը… անհամաչափ ուժի կիրառման արդյունքում պետք է զոհեր ունենանք: Ես ուզում եմ, որպեսզի ամեն ինչ լինի խաղաղ պայմաններում, այսինքն` իշխանությունը թող իր որոշումները կայացնի օրենքի սահմաններում, իսկ ցուցարարների պահանջները բոլորիս աչքի առաջ են. նրանք բաց ձեռքերով, խաղաղ, առանց որեւէ բանի իրենց պահանջներն են ներկայացնում: Ուժի կիրառումը, ես կարծում եմ, որեւէ լավ բանի մեզ չի տանելու: Պետք է ուժի կիրառումից հնարավորինս հեռու մնալ, մինչեւ հստակություն մտնի, թե ինչ զարգացումներ տեղի կունենան:

-Իսկ իշխանությունը քաղաքական կամք կունենա՞, որպեսզի այլեւս սաստող քայլերի չդիմի:

-Քաղաքական կամք եթե ունենան… ինչ կամքի մասին է խոսքը: Իրենք իրենց որոշումները կայացնում են` առանց հաշվի առնելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Կարծում եմ, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ: Ոչ մի լավ բանի սա չի բերելու, հենց առաջին հերթին իշխանությունների համար:

-Եթե շարունակությունը խաղաղ չլինի, ի՞նչ կունենանք արդյունքում:

-Կլինի շատ խորը հիասթափություն, օտարում: Հասարակությունն առանց այդ էլ ունի խորը վիրավորվածություն գործող իշխանություններից եւ նրա վարած քաղաքականությունից: Հիմա դա ավելի կխորանա: Եվ հասարակության ու իշխանության այս օտարումը պատերազմող երկրի համար պատկերացրեք` ինչպիսի վատթարագույն հետեւանքների կարող է բերել:

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, իշխանությունը դասեր չի քաղում մարտի 1-ի դեպքերից:

-Դասեր չի քաղում, որովհետեւ մենք ունենք օրենքի կիրառման խնդիր` անօրինական որոշումներ կայացրած մարդկանց նկատմամբ: Օրենքը բացակայում է:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս