ԻՆՉՊԵՍ ՀՀԿ-ԻՆ ԶՐԿԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա՝ Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն` ՀՀԿ-ին զրկելով խորհրդարանական մեծամասնություն ունենալու իրավունքից: Իսկ սա հնարավոր է նախ եւ առաջ խորհրդարանը ցրելու եւ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում: Բայց ԱԺ-ն ցրելն այնքան էլ հեշտ չէ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել, եթե երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրում վարչապետ կամ եթե ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը: Այդ դեպքում ՀՀ Սահմանադրության 92-րդ, 149-րդ եւ 151-րդ հոդվածների համաձայն` «ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»: Այլ կերպ ասած` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը պետք է «ինքնասպանություն» գործի` դուրս գալով նոր վարչապետի ու կառավարության դեմ: Սա տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում դժվար է պատկերացնելը: Մեկ փաստ էլ. այս ամենի դեմ պայքարել կարող է թերեւս այն քաղաքական ուժը, որը ժամանակին պայքարեց սահմանադրական հանրաքվեի դեմ, որը ժամանակին բողոքարկեց ԱԺ ընտրությունները` չընդունելով ՀՀԿ-ի՝ մեծամասնությամբ խորհրդարանի լեգիտիմությունը: ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները չեն պայքարել սահմանադրական գործընթացի դեմ, իսկ ԱԺ ընտրություններից հետո ընդունել են արդյունքները` խորհրդարանը եւ իշխանությանը համարելով լեգիտիմ:

 

 

Չնայած իշխանությունների պնդումներին, թե տնտեսական աճի համատեքստում Հայաստանը նաեւ արտահանման եւ ներմուծման ոլորտում է զգալի աճ գրանցել, պաշտոնական վիճակագրությունն այնքան էլ դրական ազդակների մասին չի խոսում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գնալով խորանում է արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը՝ ներմուծման եւ արտահանման տարբերությունը: Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ից արտահանվել է 386,9 մլն դոլարի եւ ներմուծվել 711,5 մլն դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 324,6 մլն դոլար: Մեկ փաստ էլ. կառավարությունն այս ընթացքում խոստացել է Հայաստանում արտահանելի տնտեսություն ունենալ, նույնիսկ արտահանման բարձր ցուցանիշներ ապահովել: Այնինչ` իրականությունը հակառակի մասին է վկայում: Մեկ փաստ էլ. չնայած իշխանությունները խոսում են ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկան գրավելու մասին, սակայն ավելի շատ աճել են ԵՄ-ի հետ առեւտրաշրջանառության ծավալները՝ 53 տոկոսով, դեպի ԵՄ արտահանման ծավալները՝ մոտ 41 տոկոսով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին եւ ներկա համայնքապետերի դեմ «սանձազերծված պայքարի» շրջանակներում իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է. «Վերմաշեն համայնքի նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր: Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, եւ այդ գնման արդյունքում, թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում»:

 

 

 

Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ է կազմակերպել, ինչին հայտ է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել են հրավերի պահանջներին չհամապատասխանող: Միաժամանակ անհամապատասխանությունները շտկելու համար «Վագա Ֆարմ»-ին տրամադրվել է ժամկետ: Դրանից հետո «Վագա Ֆարմ»-ը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված շտկումները ոչ լիարժեք են: Մինչդեռ «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ թույլ չի տվել վերոնշյալ օրենքի խախտում, քանի որ անհամապատասխանություններն ընկերության կողմից շտկվել են:

 

 

 

ՄՆԱՑ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ
Ութ տարվա ընդմիջումից հետո կրկին խորհրդարանի օրակարգում է մերկապար բեմադրող գիշերային ակումբներն օրենսդրությամբ կարգավորելու հարցը, բնականաբար, խիստ հայեցի ձեւակերպմամբ՝ «հեստապար»:
Սուրեն Կարայանի գլխավորած տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ԱԺ է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրինագիծ, որով առաջարկվում է գիշերային ակումբները տեղակայել բնակելի շենքերից առնվազն 400 մետր հեռու, ընդ որում, այդ որոշումը կայացնելու իրավունքը տրվի համայնքների ավագանուն: ԱԺ տարածքային կառավարման, ՏԻՄ եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ պատգամավորները դեմ էին այդ իրավունքն ավագանուն զիջելուն:
Բայց շատ ավելի թեժ էին քննարկումները օրենքով «հեստապար» տերմինի ձեւակերպման շուրջ: Ընդ որում, խորհրդարանի պատմության մեջ դժվար է հիշել` երբեւէ եղել են նման թեժ քննարկումներ օրենքում որեւէ տերմինի ձեւակերպման շուրջ:
Եւ այսպես` օրինագծով առաջարկվում է. «հեստապար` պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են»:
Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Սերգեյ Բագրատյանն ընդվզում էր, թե. «Նախագծում ասվում է՝ աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանալ, դա ո՞րն է: Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ: Այս ձեւակերպումը պետք է հանել»: Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն էլ արձագանքեց. «Իսկ եթե մերկապարուհիներն ընդհանրապես չհանվե՞ն»: Բնականաբար, նման բանավեճը հարուցեց դահլիճում ներկաների ծիծաղը: Եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումներն անցան այսպիսի ուրախ մթնոլորտում:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության այս նախաձեռնությունն ուշագրավ է մեկ այլ առումով. կառավարությունը նաեւ 2010 թվականին էր փորձել նման նախագիծ բերել, սակայն ԱԺ-ում այն դիմադրության արժանացավ: Այն ժամանակ առաջարկվում էր նաեւ մանրամասն կանոնակարգել հեստապարի ժամանակ հաճախորդի վարքագիծը՝ կարո՞ղ է արդյոք դիպչել պարուհուն, քանի՞ մետր հեռավորությունից, եւ այսպես շարունակ: Հիմա, սակայն, այս բոլոր մանրամասները հանվել են նախագծից, մնացել են տարիքային սահմանափակումները:
Ասել է, թե բոլոր պարերը պարել էինք, հիմա մնացել է սարի սմբուլը:




Լրահոս