Ե՞ՐԲ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է ապրիլի 17-ը, այնքան հակադիր կարծիքներ են ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարների շուրջ: Ինչպես հայտնի է՝ «Հանուն Հայաստան պետության» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները պայքար են սկսել՝ Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետով պաշտոնավարումը թույլ չտալու համար: Եվ եթե «Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատը վաղուց հանրահավաքների շարք է սկսել եւ ապրիլի 9-ից դրանք ամենօրյա է դարձնելու, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Իմ քայլը» անվամբ 14-օրյա քայլարշավ է սկսել, որը հանրահավաքով եզրափակելու են Երեւանի Ազատության հրապարակում:

Եվ այս օրերին շատ է քննարկվում, թե ինչը կարող է դրդել ՀՀԿ-ին չառաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ի վերջո, ամրագրված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է քաղաքական մեծամասնությանը, այս դեպքում՝ իշխող Հանրապետական կուսակցությանը: Վարչապետի թեկնածուին ՀՀԿ-ի կողմից առաջադրելու փաստն ամրագրված է նաեւ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրում, եւ վերջիններս էլ հաճախ կրկնում են, թե դա ՀՀԿ-ի գործն է, եւ իրենք չեն խառնվում:
Եվ իրավմամբ, Սահմանադրության հոդված 149-ի 1-ին կետում ասվում է. 1. «Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Իսկ նույն հոդվածի երկրորդ կետում էլ ամրագրված է. «Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Ստացվում է՝ միայն մեկ միջոցով կարելի է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմն առնել, եթե ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն չունենա, ասել է, թե տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն: Եւ երբ դրանից հետո ԱԺ-ում մեծամասնություն կազմի ուրիշ կուսակցություն, նոր կարելի կլինի խոսել վարչապետի այլ թեկնածուի մասին:
Պատահական չէ, որ շատ ուժեր, օրինակ` ՀԱԿ-ը, բարձրաձայնում են ոչ թե միայն Սերժ Սարգսյանի դեմ պայքարի, այլ համակարգի եւ ամբողջական իշխանափոխության մասին, որի պարագայում ՀՀԿ-ն ինքնըստինքյան կզրկվի նաեւ խորհրդարանական մեծամասնությունից:
Իսկ օրենսդրության համաձայն` ՀՀ-ում իշխանափոխություն, այսինքն՝ խորհրդարանը ցրել հնարավոր է հետեւյալ դեպքերում. Սահմանադրության 92-րդ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո»:
Իսկ հոդված 149-ի երրորդ կետերում ամրագրված է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Իսկ 151-րդ հոդվածը ներկայացնում է կառավարության ծրագրի ներկայացման եւ հաստատման կարգը: Մասնավորապես հոդվածի երրորդ կետում ամրագրված է. «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Իսկ չորրորդ հոդվածում ամրագրված է. «Եթե այդ կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Այսինքն՝ հարկավոր է, որ խորհրդարանը գնա «ինքնասպանության ճանապարհով», համառորեն չհաստատի կառավարության ծրագիրը կամ վարչապետին չընտրի, որից հետո իրավունքի ուժով այն լուծարվի: Սա, ինքներդ եք հասկանում, հիմա դժվար թե լինի. պետք է քաղաքական կրքերի գերլարում, փողոցում հանրային ճնշում, որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր դառնա այս տարբերակի իրագործումը:
Արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հեռահար ծրագրերում ունի հենց 149 հոդվածի երրորդ կետում ամրագրված կետերը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այնքան մարդ պետք է հավաքեն, որպեսզի կարողանան շրջափակել ԱԺ շենքը: Ի վերջո, նրանք հեռահար նպատակ ունեն այնպես անելու, որ այդ օրը գումարվող հատուկ նիստը տեղի չունենա: Եվ այդ դեպքում մեկ անգամ էլ վարչապետի ընտրություն հնարավոր կլինի անցկացնել միայն յոթ օր անց, եւ եթե այդ դեպքում էլ դա տեղի չունենա, Ազգային ժողովը կլուծարվի: Սակայն պետք է արձանագրենք, որ նախ ՔՊ-ին պետք է հաջողվի ԱԺ-ի շենքը շրջափակել, բայց, դե, այդ դեպքում իշխող ՀՀԿ-ն ունակ է տարբեր միջոցներով կանխելու նշված ծրագիրը` որոշում ընդունելով, օրինակ՝ ԱԺ նիստն այլ վայրում անցկացնել: Ի վերջո, այդ դրույթն ամրագրված է նաեւ ԱԺ կանոնակարգում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-ԱԿԱՆԻ
Բանկերը արշավ են սկսել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի դեմ: Նրան պատկանող ընկերությունը` «Գրեյթ Վելլի ՀՁ», մեծ պարտքեր է կուտակել. այն ոչ միայն աշխատակիցներին է պարտք, այլեւ առեւտրային բանկերին եւ գործարարներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ավելի քան 2 մլն դոլար պարտքի մասին է. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին` մոտ 286 հազար դոլար, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին` 756,5 եվրո: Բացի այդ` «Գրեյթ Վելլի ՀՁ»-ն ավելի քան 155 մլն դրամ է պարտք ՊԵԿ-ին, 53 մլն 302 հազար դրամ պարտք է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, 82 մլն 250 հազար դրամ պարտք է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Տեղեկացանք, որ օրերս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-Ն, ինչպես նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց են ներկայացրել դատարան ընդդեմ նախկին պատգամավորի, որ դատարանը որոշում կայացնի եւ Տիգրան Արզաքանցյանին պատկանող գույքը այլ աձանց գույքից առանձնացնի, որպեսզի իրենք բռնագանձում տարածեն նախկին պատգամավորի գույքի նկատմամբ: Հիշեցնենք, որ Արզաքանցյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր Գեղարքունիքի մարզում, հսկա միջոցներ ծախսեց, բայց այդպես էլ չընտրվեց:

 

 

ԱՐՏՈՆՅԱԼԸ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 105-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել: Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարագայում: Այս հանձնաժողովի անդամ է հանդիսանում Նահապետ Գեւորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկայանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում:

 

 

ԼԱՎ Է ՆԱՅՈՒՄ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար: Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հետաքրքիր է` ինչ ճակատագիր է ունենալու Կարեն Կարապետյանի կողմից ստեղծված հիմնադրամը նոր վարչապետի օրոք: Հիմնադրամ, որի արդյունավետությունը խիստ կասկածելի է:

 

 

ՆՈՐ ԳԻՐՔ
Ռուսաստանյան «Ազատական առաքելություն» հիմնադրամը հրատարակել է «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» գիրքը։ Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն լսարանի, այնպես էլ փորձագիտական շրջանակների համար, որոնք զբաղվում են Խորհրդային Միության վերջին շրջանի եւ նրա փլուզման պատմության, ԱՊՀ շրջանակներում ձեւավորվող անկախ պետությունների համագործակցության նոր ձեւերի, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի եւ Ռուսաստանի` 1990-ական թթ. սկիզբ առած նորագույն պատմության, ետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացների հարցերով: Ընդ որում, կարծում ենք՝ հրապարակված նյութերը կոտրում են մի շարք կարծրատիպեր, որոնք ձեւավորվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաեւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի հետ: Ս. Սարգսյանն աշխատանքային այց կկատարի նաեւ Իտալիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի եւ Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

 

 

ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին Հայաստանի կառավարությունը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի 2410 եվրո: 2009թ. նոյեմբերի 18-ին դիմումատու Կարեն Պողոսյանը հայց է ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջով: Նա դիմումում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի` արդար դատաքննության իրավունքի խախտում եւ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության իրավունքի խախտում: 2016թ. մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում եւ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է ոչ նյութական վնասի համար դիմումատուին վճարել 1.000 եվրո գումարի չափով փոխհատուցում եւ 1.410 եվրո` դատական ծախսերի համար:

 

 

ԶՐԿՎԵԼ Է ԴՐՈՇԻՑ
Ադրբեջանը զրկվել է իր գլխավոր դրոշից: Ադրբեջանի վարչապետի տեղակալ Աբիդ Շարիֆովը տեղեկացրել է, որ Պետական դրոշի հրապարակից դրոշաձողն ապամոնտաժելը կապված է եղել ուժեղ քամիների նկատմամբ կայունության խնդրի հետ: Նրա խոսքով` ուժեղ քամիների նկատմամբ կայունության հարցում թերությունը թույլ է տրվել գործարանային պատրաստման ժամանակ:




Լրահոս