ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի մարզի համայնքներում:

Եվ այսպես` գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը արշավ է սկսել համայնքի ղեկավարների դեմ: Մասնավորապես Լոռու եւ Շիրակի մարզում ստուգումներ էին իրականացվել, եւ այդ ստուգումների արդյունքում ձերբակալվել էին Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունա համայնքների նախկին ղեկավարները: Ավելի ուշ չարաշահումների համար ձերբակալվել էին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան համայնքի նախկին ղեկավարը, Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ համայնքի նախկին ղեկավարը:
Բացի այդ` չարաշահումներ էին հայտնաբերվել Արմավիրի մարզում եւս, այստեղ՝ պարարտանյութի եւ սերմացուի բաշխման մասով: Արդյունքում` Արմավիրի մարզի 8 համայնքում` Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ, Ջրաշեն, թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգին հանձնարարական է տրվել, որ աշխատանքներ տանեն նախկին գյուղապետերի հետ` ստիպելով վերադարձնել հափշտակված գումարները: Ավելին` հիմա ձերբակալվածների առաջ պայման է դրվում` եթե վերադարձնեն այդ գումարները, բանտ չեն նստի. ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում:
Սակայն պատկերը այսքանով չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակարգը ստուգում է իրականացնում նաեւ մյուս մարզերում, եւ մյուս մարզերի մասով առաջիկայում կրկին համայնքի նախկին ղեկավարների ձերբակալություններ են սպասվում:
Ինչեւէ: Իրավապահ համակարգը Վայոց ձորի մարզում նոր բացահայտումներ է արել: Ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է սկսել մարզերի համայնքի նախկին ղեկավարների գործունեության մասով եւ բացահայտումներ է արել: Մեզ հայտնի դարձավ, որ Վայոց ձորի մարզում նոր բացահայտում է եղել, կմանրամասնեք` ի՞նչ նոր բացահայտման մասին է խոսքը:
-Մեկ համայնքի` Վերմաշեն համայնքի հետ կապված իրավապահները զբաղվում են:
-Այսինքն` ի՞նչ են անում:
-Այնտեղ որոշակի բան է բացահայտված:
-Կոնկրետ կասեք` ի՞նչ են բացահայտել:
-Նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր: Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, եւ այդ գնման արդյունքում թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում:
-Հստակ կասեք, թե ի՞նչ գնումներ կատարելու մասին է խոսքը:
-Մեկ անձից ինչ-որ գնում են կատարել, հետո պարզվել է, որ գումարի հետ կապված համապատասխան գումարի չափով ապրանք գնում չի կատարվել, ճիշտ հասկացեք` բացահայտումը դեռ ընթացքի մեջ է, ինքս դեռ կոնկրետ բան չգիտեմ, որ կարողանամ հստակ, լրջորեն Ձեզ ներկայացնեմ, բայց կրկնում եմ` ուսումնասիրության ընթացքում ինչ-որ խախտում է հայտնաբերվել:
-Իսկ մյուս համայնքներում ի՞նչ պատկեր ունեք:
-Առայժմ դեռ որեւէ նման այլ բան չունենք, եթե որեւէ տեղ որեւէ բան է հայտնաբերվում, նոր տեղեկանում ենք, իրավապահները ստուգումները շարունակում են:
-Այս բացահայտումների մեջ որպես Վայոց ձորի մարզպետ` Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, Դուք ըստ էության վերահսկող մարմին եք, սակայն անտեղյակ եք, թե ինչեր են անում համայնքի ղեկավարները:
-Ճիշտ հասկացեք, օրենքով սահմանված կարգով մարզպետարանը տեսչական ստուգում է իրականացնում, այդ տեսչական ստուգման ժամանակ յուրաքանչյուր վարչություն սահմանված կարգով մտնում է եւ նայում է փաստաթղթավորված դակումենտները, գնումը կատարվել է, փաստաթղթով ներկայացվել է, թե ոչ: Բայց ֆինանսական ստուգում մարզպետարանները իրավասու չեն իրականացնել: Եվ կարծում եմ, որ այդ հանգամանքը վստահություն է ներշնչում համայնքի ղեկավարին, որ ինքը փաստաթուղթը իրականացրել է, օրինական կազմակերպել է, եւ չպետք է գնան այլ մանր բաների հետեւից:
-Վայոց ձորի մարզպետարանը Զառիթափ համայնքի ղեկավարին դատի է տվել եւ պահանջում է մոտ 1 միլիոն 700 հազար դրամ: Ի՞նչ պատմության մասին է խոսքը:
-Համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով սերմացուի բաշխում է արել, այդ գյուղացիական տնտեսությունը, որ այդ գումարը պետք է վճարեր, չէր վճարում, սերմի գումարի մասին է խոսքը: Եվ մարզպետարանի իրավաբանի օգնությամբ Զառիթափի համայնքի ղեկավարի դեմ հայց ներկայացվեց դատարան, եւ դատարանը հօգուտ պետության որոշում կայացրեց, որ այդ գումարը պետք է բռնագանձվի:
-Եվ վճարե՞լ է համայնքի ղեկավարը:
-Պրոցեսը կարգավորվում է, ընթացքի մեջ է:
-Հնարավոր է` Զառիթափի մասով բացահայտումներ լինեն, քանի որ այլ համայնքներում գյուղացիները վճարել էին համայնքի ղեկավարին սերմացուի գումարը, բայց համայնքի ղեկավարն էր մսխել:
-Չէ՛, չէ՛, սա չարաշահման հետ կապ չունի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԲԱՆԿԵՐԻ ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԳՈՂՈՆԸ
Բանկերի դեմ հարձակումներն ու կողոպուտները շարունակվում են: Եւ հատկանշական է փաստը, որ գողոնները այդպես էլ չեն հայտնաբերվում: Նախ 2017 թվականի տարեվերջին` հոկտեմբերի 9-ին, Պյոտր Ցիգանկովը գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին` հափշտակեց 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմեց փախուստի: Ավելի ուշ` դեկտեմբերի 17-ին, Ցիգանկովին հայտնաբերեցին Վրաստանի Հանրապետությունում, սակայն շուրջ 4 ամիս է անցել, վերջինիս չեն տեղափոխել Հայաստան, եւ դեռ ավելին` 200 հազար դոլար գողոն էլ չկա:
Այս դեպքից հետո` փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ, հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։ Այս դեպքից անցել է շուրջ երկու ամիս, սակայն մինչ օրս չեն հայտնաբերվել այն անձինք, որոնք կատարել են կողոպուտը: Եւ ահա, ըստ էության, ենթադրյալ հանցագործները` տեսնելով, որ իրավապահները չեն կարողանում բացահայտել իրենց ով լինելը, շարունակում են բանկերի դեմ իրենց նպատակային կողոպուտները:
Այսքանով ամեն ինչ չավարտվեց. ապրիլի 2-ին դիմակավորված անձը` ատրճանակով եւ նռնակով զինված, մուտք է գործել «Ֆաստ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի` Խուդյակովի հասցեում գտնվող գրասենյակ եւ հափշտակել մոտ 6.3 մլն դրամ: Նշենք, որ այս կողոպուտը կազմակերպած անձը եւս չի հայտնաբերվել: Չի բացառվում, որ այս կողոպուտի դեպքերը մեկը մյուսի հետ շաղկապված լինեն, իսկ թե ինչ կբացահայտի իրավապահ համակագը, կապրենք, կտեսնենք:

 

 

ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը աշխատանքի տեղավորելու անվան տակ մի շարք քաղաքացիներից խարդախությամբ գումարներ են հափշտակվել: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կարինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2004թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում, չհանդիսանալով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակից կամ լիազորված անձ, ինչպես նաեւ չունենալով նշված դեսպանատանը կադրային փոփոխություններ իրականացնելու իրավունք, մի շարք քաղաքացիների վստահեցրել է, որ կարող է նրանց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանն աշխատանքի տեղավորել եւ խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 28 միլիոն 223 հազար 157 դրամ։ Տեղեկացանք, որ Կարինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով` խարդախություն: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին մեղադրողները հրապարակել են ՊՊԾ գնդում գտնված զենքերի դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքները: Ըստ գործում առկա գրավոր ապացույցների` ՊՊԾ գնդում հայտնաբերվել է նաեւ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, առկա էր նաեւ պաթուցիկ նյութի լուսանկարը: Հայտնաբերվել էին նաեւ ինքնաշեն նռնակներ, նռնակի պայթուցիչներ` ըստ դատախազի հրապարակած գրավոր ապացույցների: Մեղադրողը հրապարակել է, որ ՊՊԾ գնդում հայտնաբերվել են նաեւ տարբեր տեսակի ատրճանակներ եւ այլ զինամթերք: Մեղադրողները շարունակում են հրապարակել գործում առկա գրավոր ապացույցները: Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Արթուր Օհանյանը:

 

 

ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած երեխան ծնվել է Աբովյան քաղաքի ծննդատանը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Ն.Հ. Դալլաքյանի խոսքով` ծննդաբերությունից 20 օր առաջ մոր մոտ սկսվել է արյունահոսություն, ստացել է բուժում, սակայն 31 շաբաթական ժամկետում ծանր արյունահոսություն է վերսկսվել, եւ կյանքի ցուցումներով կատարվել է կեսարյան հատում: Երեխան ծնվել է 1700 գրամ քաշով, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որից հետո նորածինը ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում: Այստեղ ստացել է համապատասխան ինտենսիվ համալիր բուժում: Բաժանմունքի վարիչ Ա.Չոբանյանի կողմից ծնողներին մանրակրկիտ բացատրվել է երեխայի կրիտիկական վիճակում լինելը եւ որպես հնարավոր հետեւանք մահացու ելքը: Օրեր անց վիճակը կտրուկ վատացել է: Կատարվել է շնչափողի մեջ խողովակի տեղադրում եւ մի շարք այլ միջամտություններ: Սիրտ-անոթային անբավարարության պատճառով երեխայի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Ծնողները դիմել են իրավապահ մարմիններին, եւ դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Երեւանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԱԾ` հայտնելով, որ ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, ՊՆ-ում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաեւ ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար խաբեությամբ պահանջել է զգալի չափերով գումար, որի մի մասը ստացել է: Առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրգործով Ն. Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս ընդունել է խարդախությամբ գումար հափշտակելու փաստը` տալով խոստովանական ցուցմունք:




Լրահոս