ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտել է հերթական թշնամության թիրախը` հանձին ամերիկյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից մեկի` Amazon-ի: Թրամփը ակտիվ քննադատություն է տեղում խոշոր բիզնեսի նկատմամբ` պաշտպանելով ամերիկյան միջին ու մանր գործարարության շահերը: Իր բոլոր թերություններով հանդերձ` ԱՄՆ նախագահն այս առումով, թվում է, մրցակից չունի եւ հենց խոշոր ֆինանսատնտեսական կորպորացիաների դեմ արշավի խոստումներով էլ ժամանակին վաստակեց շարքային ամերիկացիների ընտրական քվեն:

Համաշխարհային նշանակության համացանցային այս օնլայն խանութի` Amazon-ի միջոցով միլիոնավոր ամերիկացիներ գնում են իրենց անհրաժեշտ գրեթե ամեն ինչ` առանց ստիպված լինելու տանից դուրս գալու ու խանութներում ժամանակ ծախսելու: Amazon-ը դարձել է ոչ միայն կենցաղային ապրանքների, այլեւ առօրյա սննդի մատակարար, ինչը ծանր վնաս է հասցնում ամերիկյան միջին ու մանր գործարարներին: Առեւտրական հարաբերությունների վիրտուալացումը օրինաչափորեն խաթարում է միջին ու մանր գործարարության եկամուտները: Դրա հետ մեկտեղ այն շղթայաբար ազդում է նաեւ աշխատատեղերի քանակի նվազման վրա: Բնականորեն խոշոր բիզնեսի հասցրած հարվածը մանր ու միջին գործարարներ դասին, դրա արդյունքում նաեւ աշխատատեղերի նվազումը սպառնում է ամերիկյան հասարակության տնտեսական կորուստներին: Փոխարենը ուժեղանում է խոշոր բիզնեսը, որը ոչ մի դեպքում չի կարող լինել ամուր պետության հենարան: Սա տնտեսագիտական տարրական կանոն է, որը հասկանում է խելացի ու պետության ապագայով մտահոգ վերնախավը:
ԱՄՆ նախագահ Թրամփը, իր էքսցենտրիկության ու էգոիզմի դրսեւորումներով հանդերձ, չափազանց լավ է պատկերացնում գործարար աշխարհը: Լինելով վերջինիս ներկայացուցիչ` Թրամփը միաժամանակ գիտակցում է, որ խոշոր բիզնեսը չի կարող ապահովել համընդհանուր բարեկեցություն: Նա տնտեսական հարաբերություններում կենտրոնական տեղը վերապահում է միջին դասին, որը պետության ողնաշարն է ու ճգնաժամային պահին իր ուսերի վրա է կրում պետության համար անհրաժեշտ բեռը: Թրամփը դեռեւս նախընտրական շրջանում էր հայտարարում, որ մրցակից Հիլարի Քլինթոնը խոշոր բիզնեսի ու ֆինանսա-կորպորատիվ շրջանակների սպասարկուն է, որոնք կեղեքում են շարքային ամերիկացիներին: Այդ քարոզչությունն իրականում լուրջ նշանակություն ունեցավ ընտրության ելքի համար: Թրամփը ամերիկացիներին համոզեց, որ ինքն է միջին խավի շահերի պաշտպանը, իսկ այժմ նախագահի պաշտոնում քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Թիրախավորելով Amazon-ին` Թրամփը հայտարարում է, որ վերջինիս վճարած հարկերը տեղական ու նահանգային մակարդակներում չնչին են, փոստային գրասենյակների հատուկ պայմաններով օգտագործումը խոշոր վնաս է հասցնում ԱՄՆ-ին եւ մրցակցությունից դուրս է մղում բազմաթիվ միջին ու մանր գործարարների: Հակառակ Թրամփ պնդումների` մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ Amazon-ը վճարում է միլիարդավոր հարկեր թե՛ նահանգային, թե՛ տեղական մակարդակներում, չի օգտվում փոստային ծառայության հատուկ պայմաններից, այլ պարզապես օրական միլիոնավոր ծանրոցներ ուղարկելու շնորհիվ ստացել է զեղչեր եւ, վերջապես, օգնում է մանր ու միջին առեւտրականներին իր օնլայն հարթակի միջոցով վաճառել սեփական ապրանքը:
Կարծիք կա, որ Թրամփը թիրախավորել է Amazon-ը վերջինիս սեփականատիրոջ` Ջեֆֆ Բեզոսի պատճառով, քանի որ նրան է պատկանում նաեւ Washington Post պարբերականը, որը Թրամփի ամենախիստ քննադատներից մեկն է: Անշուշտ, դա չի բացառվում` հաշվի առնելով Թրամփի բնավորությունն ու անհանդուրժողականությունը իր հանդեպ նվազագույն իսկ քննադատության հանդեպ: Դրանով հանդերձ` Թրամփը բարձրացնում է չափազանց կարեւոր խնդիր` խոշոր եւ մանր ու միջին բիզնեսի հակադրության հարցը: Աշխարհի ցանկացած անկյունում այդ հակադրությունը կա, ինչը լիովին բնական է: Խոշոր բիզնեսը շարունակաբար ընդլայնվելու, փոքր մրցակիցներին կլանելու բնական հատկություն ունի, իսկ մանրերի խնդիրն է դիմակայել այդ մրցակցությանը: Սակայն բիզնես հարաբերությունների կարգավորման առաջին պատասխանատուն պետությունն է: Պետական իշխանության վարած քաղաքականությունը պետք է միտված լինի, խոշորների առկայությամբ հանդերձ, ամուր պահել մանր ու միջին գործարարությանը` վերջինիս զարգացման համար պայմաններ ստեղծելով: Բավականին բարդ առաջադրանք է հավասարակշռության պահպանումը, ինչն առաջին հերթին խոսում է իշխանական վերնախավի մտավոր ունակությունների մասին, ապա նաեւ սահմանում` արժանի է այդ վերնախավը շարունակելու իր իշխանավարությունը, թե ոչ: Իսկ դրա պատասխանը տրվում է ընտրությունների ժամանակ, երբ ժողովրդավարական կարգերում, ֆորս-մաժորները բացառած, փոխվում է այն վերնախավը, որը կորցրել է հավասարակշռությունը մի կողմից` խոշոր, մյուս կողմից` մանր ու միջին բիզնեսի միջեւ:
Հայաստանին այս հեռանկարը, սակայն, չի սպառնում: Ավելի քան 20 տարի է, ինչ Հայաստանում վարվում է բիզնեսի հետեւողական խոշորացման քաղաքականություն` քայլ առ քայլ ջարդելով միջին խավին: Եվ սա բնական է, քանզի խոշորների միջոցով նախ առավելագույնս վերահսկողություն է սահմանվում շուկայի նկատմամբ, ապա եւ կայուն է ստվերային եկամուտը: Ի վերջո, մանր ու միջին գործարարության աճը կարող է սասանել հիմքում օլիգարխիկ իշխանության դիրքերը: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ փոքր երկրում մի հոգի պետք է շաքար ներկրի: Նրա երեք վարչապետները` Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, եղել են խոշոր բիզնեսին արտոնություններ տրամադրելու ու դրա շուրջը երկրի տնտեսական կյանքը կազմակերպելու քաղաքականության կրողներ եւ իրականացնողներ: Այսպիսի մտածողությամբ ու նեղ-անձնական շահերով առաջնորդվող վերնախավով Հայաստանը չի կարող ապագա ունենալ, քանի որ հատկապես փոքր երկրի համար միջին խավի վրա հիմնված ազատ տնտեսական հարաբերությունները օդ ու ջրի պես անհրաժեշտ են: Իսկ հակառակի արդյունքը կոռումպացված, թուլացող ու դատարկվող ներկայիս Հայաստանն է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ ՀՈՂ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է: Պատճառը ոռոգման ջրի խնդիրն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պատճառով երեկ ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչներն են փորձել բողոքի ակցիա անցկացնել, ճանապարհ փակել: Սակայն, ի վերջո, բավարարվել են միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին նամակ ուղարկելով: Գյուղացիների պատմելով` իրենք ոռոգման ջուր չլինելու պատճառով վերջին տարիներին չեն կարողանում մշակել հողատարածքները: Այս խնդիրը միայն Լուսագյուղում չէ, այլ հարեւան գյուղերում` Ակնաշենում, Ջրառատում, Գայում, Գրիբոյեդովում, Ջրարբիում:

Նշված գյուղերում տարիներ շարունակ ջուր չկա, հողերի մեծ մասը չի մշակվում, անջրդի է: Այս ամենի պատճառը Մասիսում գործող ձկնաբուծական տնտեսություններն են: Դրանց գործունեության արդյունքում անապատացվում են գյուղերը: Բացի այս` նկատենք, որ տարեցտարի ցամաքել են խմելու ջրի համար նախատեսված խորքային հորերը, ինքնաշատրվանող աղբյուրները: Թեեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը գտավ հարցի լուծման տարբերակ`փակելով ապօրինի հորերը, բայց միեւնույն է` դա էլ չփրկեց իրավիճակը:
Հակառակը` Էջմիածնի տարածաշրջանի գյուղերում տարեցտարի ոռոգման ջուր չլինելու պատճառով հողերի մեծ տոկոսը անմշակ է մնացել: Նրանցից շատերը հրաժարվել են հող մշակելուց` նախընտրելով ՌԴ-ում արտագնա աշխատանքը: Իսկ մի մասը խորքային հորեր են հորատել իրենց հողատարածքների մոտ եւ էլեկտրական պոմպի միջոցով են փորձում ոռոգել դաշտերը: Նկատենք, որ գյուղերի բնակչության մեծ մասը ՀՀ առեւտրային տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում վարկային մեծ պարտավորություններ ունի, որոնք չկարողանալով մարել` հայտնվել է «սեւ ցուցակում»: Իսկ այս ամենին լուռ հետեւում են կառավարությունը, ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները: Հետեւում են ու ոչինչ չեն ձեռնարկում: Դե, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասին ավելորդ է անգամ խոսել, որովհետեւ գեներալ մարզպետը մատը մատին չի խփում մարզում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Գյուղացիների կողմից բարձրացրած այս խնդրին եւս մարզպետը ականջալուր չի լինի: Ինչպես միշտ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐԶՎԱԾ ՉԷ
Մարտի 23-ին հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի 10 աշխատակից եւ «Էկոպատրուլի» մասնակիցներ: Հրդեհից բավական ժամանակ է անցել: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պարզվել է հրդեհի պատճառը: Նա ասաց, որ հրդեհի 4 օջախ է եղել, կրակը տարածվել է խոտածածկ տարածքներում, ընդհուպ մոտեցել է անտառին, սակայն ծառեր չեն այրվել: Իսկ հարցին, թե գարնանային թաց եղանակ է, ինչպե՞ս կարող էր ինքնաբուխ հրդեհ լինել: Ազգային պարկի տնօրենի խոսքերով` ազգային պարկի տարածքում խոտը չոր է, որը հեշտ է բռնկվում: Լուրեր էին շրջանառվում, որ հրդեհները բռնկվել են այն բանից հետո, երբ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին ազգային պարկի 3 անտառապահներ, հրդեհը կարող էր վրեժխնդրության գործողություն լինել: Արմեն Աբրահամյանն ասաց, որ դա վարկած է, հրդեհի ծագման պատճառների տարբեր վարկածներ կարող են լինել: Քանի որ հրդեհի հետեւանքով ծառեր չեն այրվել, նյութական վնաս չկա, այդ կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել, եւ քննություն չի կատարվում:

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տվյալներով` Տավուշի մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 123 հազար 400 մարդ: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը եղել է 124 հազար 500 մարդ: Մեկ տարվա մեջ 300-ով նվազել է Տավուշի քաղաքային բնակչության, 800-ով` գյուղական բնակչության թիվը: 2017 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է 1376 ծունդ, 1343 մահ: 2016թ. Տավուշում գրանցվել է 1418 ծնունդ, 1394 մահ: 2016 թվականի համեմատ մարզում նվազել է ամուսնությունների, ավելացել ամուսնալուծությունների քանակը: Այսպես` 2016 թվականին Տավուշում գրանցվել է 648 ամուսնություն, 70 ամուսնալուծություն, իսկ 2017 թվականին` 534 ամուսնություն, 103 ամուսնալուծություն: Սահմանամերձ մարզի բնակչության թվի նվազումը, ամուսնությունների քանակի պակասելը, ամուսնալուծությունների ավելացումը մտահոգիչ է, քանի որ Հայաստանը գտնվում է փաստացի, շարունակվող պատերազմի մեջ, իսկ Տավուշի մարզի բնակավայրերի մեծ մասը Ադրբեջանին սահմանակից են: Հայաստանի իշխանությունների կողմից տարփողվող տնտեսական աճը Տավուշի մարզ չի հասել, այլապես այն դրական կազդեր տավուշցիների կենսամակարդակի վրա, ամուսնությունները կավելանային, արտագաղթը կնվազեր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս