Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում, այլ կերպ ասած՝ սեւ ցուցակում:
Իսկ «Վագա Ֆարմ»-ին սեւ ցուցակում ներառելու պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդին դիմել են ՀՀ ֆինանսների, պաշտպանության նախարարությունները: Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ է կազմակերպել, ինչին հայտ է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Ապա 1-ին, 4-րդ եւ 6-րդ չափաբաժինների մասով ճանաչվել է առաջին տեղ զբաղեցնող մասնակից: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել են հրավերի պահանջներին չհամապատասխանող: Միաժամանակ անհամապատասխանությունները շտկելու համար «Վագա Ֆարմ»-ին տրամադրվել է ժամկետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է նշված թղթերը` անհրաժեշտ շտկումներով: Բայց չնայած սրան` «Վագա Ֆարմ»-ը կրկին մերժվել է, այն պատճառաբանությամբ, որ կատարված շտկումները ոչ լիարժեք են: Մասնավորապես հրավերի տեխնիկական բնութագրի «Ծանոթություն» մասով սահմանված դրույթները չներառելու եւ դեղաձեւը չնշելու համար: Օրինակ` ամպիցիլինի մասով դեղաձեւը նշված չի եղել: Բացակայել են նաեւ դեղաչափի, թողարկման ձեւի մասին տեղեկությունները:
Մինչդեռ ըստ «Վագա Ֆարմ»-ի` ընկերության կողմից ներկայացված հայտը մերժելիս ընթացակարգի գնահատող հանձնաժողովը խախտել է գնումների գործընթացի` տնտեսող, արդյունավետ եւ օգտավետ իրականացման սկզբունքը: Մասնավորապես ընթացակարգի 1-ին չափաբաժնով «Վագա Ֆարմ»-ը առաջարկել է 4 մլն 678 հազար դրամ, իսկ հաղթող ընկերությունը` 6 մլն 71 հազար 520 դրամ, 4-րդ չափաբաժնով «Վագա Ֆարմ» առաջարկել է 4 մլն 950 հազար դրամ, իսկ հաղթող ընկերությունը` 5 մլն 250 հազար դրամ, 6-րդ չափաբաժնով «Վագա Ֆարմ» առաջարկել է 4 մլն 480 հազար դրամ, իսկ հաղթող ընկերությունը` 5 մլն 82 հազար դրամ: Այսպես` ստացվում է, որ միայն այս երեք չափաբաժիններով պետության կորուստը կազմում է 2 մլն 295 հազար 520 դրամ: Այսինքն` ՊՆ-ն ընտրել է բարձր գին առաջարկած ընկերությանը:
Բայց «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ «Վարչարարության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Այս դեպքում, ըստ «Վագա Ֆարմ»-ի, ՊՆ-ն ձեւական պահանջներ է ներկայացրել` ընկերությանը ծանրաբեռնելով պարտականություններով: Ավելին` գնումների բողոքարկման խորհուրդից պահանջել է ընկերությանը ներառել սեւ ցուցակում:
Նշենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերության համաձայն` մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Բայց «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ թույլ չի տվել վերոնշյալ օրենքի խախտում, քանի որ անհամապատասխանությունները ընկերության կողմից շտկվել են: Ապա «Վագա Ֆարմ»-ը խնդրել է գնումների բողոքարկման խորհուրդին հաշվի առնել բերած փաստարկները եւ չվերագրել վերոնշյալ օրենքի նախատեսված խախտումը եւ չներառել սեւ ցուցակում:
Իսկ ահա ըստ պաշտպանության նախարարության` ընկերության կողմից շտկվել է արձանագրված անհամապատասխանությունների միայն մի մասը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ «Վագա Ֆարմ»-ը բողոք է ներկայացրել գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ ընթացակարգի գնահատող հանձնաժողովի եւ վիճարկել իրենց հայտը մերժելու մասին որոշումը: Բայց գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է ընկերության բողոքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը, ուսումնասիրելով փաստերը, գտել է, որ «Վագա Ֆարմ»-ի կողմից արդեն շտկված տարբերակով ներկայացված թղթերում կրկին չի նշվել իր կողմից առաջարկվող ապրանքի դեղաձեւը: Ավելին` ընկերությունը պատշաճ կերպով ծանուցված լինելով անհամապատասխանությունների մասին` չի շտկել դրանք: Հետեւաբար խորհուրդը գտնում է, որ ընթացակարգի գնահատող հանձնաժողովը մերժելով «Վագա Ֆարմ»-ի հայտը` գործել է իրավաչափ: Ըստ գնումների բողոքարկման խորհուրդի` ընկերությունը, այնուամենայնիվ, խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված ստանձնած պարտավորությունը: Ապա որոշում է կայացվել ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը սեւ ցուցակում մնալու է երկու տարի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԻԼԻՋԱՆԻ ՋՐԵՐԸ ՊՂՏՈՐՎԵ՞Լ ԵՆ
Դիլիջանում հորդ անձրեւներից հետո քաղաքի խմելու ջրի համակարգը սնող գետերը պղտորվում են: Դիլիջանի բնակիչները հայտնել են, որ վերջին 3-4 օրերին տեղացած անձրեւներից հետո քաղաքի ջրամատակարարման համակարգում ջուրը մասամբ պղտորվել է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, հանրային կապերի ծառայությունից տեղեկացրել են. «Դիլիջանում խմելու ջրի վերաբերյալ սպառողների բողոքներին «Վեոլիա Ջուրը», իհարկե, ծանոթ է: Իրոք կա այդպիսի խնդիր: Սակայն միայն որոշ վերապահումով այն կարելի է «Վեոլիա Ջրինը» համարել: Բանն այն է, որ մեր ընկերությունը ոչ միայն վարձակալել է հանրապետության նախկին 5 ջրամատակարար կազմակերպությունների համակարգը, այլ նաեւ դրանց խնդիրները, որոնցից շատերը տասնամյակների պատմություն ունեն: Այդ թվում նաեւ Դիլիջանում: Այստեղ ջուրը, ի տարբերություն հանրապետության բնակավայրերի մեծ մասի, վերցվում է ոչ թե փակ աղբյուրներից, այլ հարակից գետերից ու գետակներից, որոնք ձնհալից ու հորդ անձրեւներից հետո մշտապես վարարում են ու պղտորվում: Գործող կարգի համաձայն` այդ ջրերը սկզբում ջրի մաքրման կայաններ են հոսում եւ այնտեղ վերամշակվելուց հետո են միայն տրվում սպառողներին:
Ցավոք, Դիլիջանի նշված կայանի թե՛ հզորությունը եւ թե՛ տեխնիկական հագեցվածությունը թույլ չեն տալիս հընթացս եւ անհրաժեշտ որակով մաքրել գետերի ջրերը:
Հաշվի առնելով, որ Դիլիջանը ոչ միայն բնակավայր է, այլեւ առողջարանային եւ զբոսաշրջության կենտրոն, տեղի ջրի մաքրման կայանի լուծումը արմատական վերակառուցումն է: Իսկ սա զգալի միջոցներ եւ ժամանակ պահանջող խնդիր է: Մինչդեռ «Վեոլիա Ջուրը» վարձակալության պայմանագրով 15 տարիների համար նախատեսված 37.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումը պետք է հիմնականում ուղղի համակարգի շահագործմանը, վերանորոգմանն ու պահպանմանը: Նման օրինակ մեծածավալ նախագծերը պետք է իրականացվեն նշված պայմանագրի հայկական կողմի միջոցներով:
Իսկ մինչ այդ «Վեոլիա Ջուրը» իր հնարավորության սահմաններում փորձում է խնդրին լուծում տալ: Մեր պայմանագրի հենց սկզբից` 2017թ., պարբերաբար ձեռնարկվել են միջոցներ ջրի մաքրման կայանի գործունեության բարելավման ուղղությամբ:
Մասնավորապես նպատակ կա տեխնիկական նորամուծությունների շնորհիվ մինչեւ տարեվերջ զգալիորեն շտկել իրավիճակը: Հաշվի առնելով «Վեոլիա Ջրի» ինժեներական կազմի հմտությունը եւ պատասխանատվության բարձր կարգի զգացումը` մենք ոչ միայն հուսով ենք, այլեւ համոզված, որ արդեն 2019թ. նման կարգի արտակարգ պատահարները կհաջողվի բացառել:
Իսկ մինչ այդ, մենք հայցում ենք սպառողների ներողամտությունը եւ հորդորում նրանց նման դեպքերում առաջին հերթին ոչ թե շտապել անորակ ջրի նմուշների պատկերը սոցիալական ցանցերում տեղադրել, այլ ահազանգել 1-85, 011-300-185 հեռախոսահամարներին` աղտոտված ջրի` բաշխիչ ցանց ներթափանցման դեմն առնելու համար»: