ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Այս փոքրիկ ավազամուկը հավանաբար մեծ ցանկություն է ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղի ունեցող գիտաժողովին մասնակցելու: Սակայն, ինչպես երեւում է, նա այդպես էլ չի կարողացել ներս մտնել ու մնացել է ապակիներից այն կողմ: Եվ չնայած այդ հանգամանքին` շատ ուշադիր ու զննող հայացքով նայում է շուրջբոլորը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, ապա այդ ընթացքում շարունակվո՞ւմ է քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը:

Երանուհի Մանուկյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների եւ զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում խորհրդի որոշմամբ այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով շարունակվում է:

 

 

 

ՀԱՐՑ. 2010թ. աշխատանքի վայրում ձեռքս վնասվել է` կտրվել եւ ընկել է: Հենց նույն օրը ենթարկվել եմ վիրահատության: Հետագայում նույն խնդրի հետ կապված եւս 7 անգամ վիրահատություն եմ ունեցել: Նշեմ, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում: «Շինֆորում» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Գասպարյանի հետ կնքել ենք պայմանագիր, ըստ որի` նա ամեն ամիս որպես փոխհատուցում ինձ վճարում է 40.000 դրամ: Սակայն արդեն 4 ամիս է` չեմ ստացել ինձ հասանելիք գումարը: Ի դեպ, հուլիս ամսին լրանում է պայմանագրի ժամկետը: Երբ դիմում եմ Տ. Գասպարյանին, ինձ պատասխանում է, որ ընկերությունը հիմա ֆինանսական խնդիրների մեջ է, եւ հայտնի չէ, թե կուտակված գումարը երբ կարող է վճարել: Նա անգամ ոչինչ չի ասում պայմանագրի երկարացման հետ կապված: Տեղեկացնեմ, որ ապրում եմ վարձով: Խնդրում եմ այս հարցին որեւէ լուծում տալ:

Արտավազդ Անտոնյան (3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք մի փոքր ֆինանսական խնդիրներ ունենք, այդ պատճառով երկարաձգվել է: Պայմանագիրը կներկայացվի, դեռ կորոշենք, կասենք իրեն: Ֆինանսական խնդիրները կլուծենք, պայմանագիրը մինչեւ հուլիս ժամկետի մեջ է, դրանից հետո էլ կերկարացնենք:

«Շինֆորում» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Գասպարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ահա, այսպես են վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Այն, որ մարդը դժբախտ դեպքի արդյունքում հայտնվում է նման իրավիճակում, իրականում ոչ մեկին չի հետաքրքրում: Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշ ժամանակ առաջ անհասկանալի պատճառաբանումներով Արտավազդ Անտոնյանի հաշմանդամությունը 2-րդ կարգից դարձրել էր 3-րդ: Չնայած քաղաքացու առողջական վիճակում լավացում ու առաջխաղացում չի եղել:




Լրահոս