ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:
Այսպես, քրեական գործերից մեկի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված՝ հավաքի կազմակերպչի և մասնակիցների՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց վրա դրված պարտականությունները, վնասելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող Երևանի հենակետային բժշկական քոլեջի մուտքի դուռը, ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված ևս մեկ քրեական գործի նյութերով էլ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի ՀՀ ԱԺ վարչական շենք, որի ընթացքում քաշքշելու, հրելու և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից բռնություններով զուգորդված անօրինական գործողությունների հետևանքով խախտվել է հասարակական կարգն ու վտանգվել հասարակության անվտանգությունը:
Կատարվում է նախաքննություն: