
Հունաստանի ոստիկանությունը, համագործակցելով Ֆրանսիայի իրավապահների հետ, արդեն երկրորդ օրն է՝ հատուկ գործողություն է իրականացնում Սալոնիկ քաղաքում՝ ընդդեմ միջազգային հանցավոր խմբի անդամների:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ լայնամասշտաբ ոստիկանական գործողությունն ընթանում է միանգամից մի քանի եվրոպական քաղաքում, Սալոնիկում արդեն ձերբակալվել է 14 մարդ, որոնք, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» անդամներ են:
Ըստ ոստիկանական աղբյուրների՝ ձերբակալվածների թվում է վրացական հանցավոր խմբավորման պարագլուխը, ում անվանում են «Եվրոպայի Էսկոբար», փոխանցում է Alpha հեռուստաընկերությունը: Նրա դեմ առաջադրվել են սպանության, թմրանյութերի առքուվաճառքի, զենքի անօրինական կրման, մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքներ: Նա հետախուզման մեջ է գտնվել Ֆրանսիայում և Իսպանիայում: Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել՝ ֆրանսիական ոստիկանության տված հրամանի համաձայն: Հունական Enikos պարբերականը հայտնում է, որ խոսքը 57-ամյա L.S-ի մասին է, որը համարվում է Եվրոպայում «վրաց-ռուսական» մաֆիայի պարագլուխը։
«Ձերբակալվածների թվում կան վրացիներ, ռուսներ և հայեր»,- գրել է պարբերականը: