Արմեն Սարգսյանի` պաշտոնապես նախագահի պաշտոնի ստանձնումից հետո արդիական դարձավ նաեւ նախորդ նախագահի` Սերժ Սարգսյանի լուսանկարը գերատեսչությունների աշխատասենյակներից հանելու հարցը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին` մի շարք ՀՀԿ-ականներ, այդ թվում` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, չէին պատրաստվում հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Պետք է նշել, որ այս հարցում իրավական կարգավորում չկա: Ինչեւէ, երեկ` խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ, Ս. Սարգսյանը ելույթում նշեց. «Այլեւս չկա նկարի իշխանություն, այսօր Հայաստանում կա քաղաքական ուժի իշխանություն»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շարմազանովն այս առթիվ նշեց, թե «Իմ սենյակում Սերժ Սարգսյանի նկարը չեմ հանելու: Ինքն իմ կուսակցության նախագահն է, եւ օրենքն ինձ չի պարտադրում, որ Ս. Սարգսյանի նկարը հանեմ»: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ պետական համակարգի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ական են, նրանք էլ Ս. Սարգսյանի լուսանկարը չեն հանի նույն պատճառաբանությամբ: Բայց անհարմար դրության մեջ են իրավապահները, դպրոցները, որտեղ չեն կարողանա Սերժ Սարգսյանի նկարը փակցնել: