Սադրիչների խմբերը նախկին ու ներկա հայտնի օլիգարխ պատգամավորների ուղարկած «մարդիկ են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները` տեսնելով, որ չեն կարող ստիպել խաղաղ ցուցարարներին օրենք խախտել, որոշել են դիմել հայտնի մեթոդների օգնությանը: Երեկ ուշ երեկոյան սադրիչների խմբեր են գործուղվել Ֆրանսիայի հրապարակ՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների մոտ: Մետաղյա ձողերով զինված հարբած սադրիչների խումբը Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում պարզապես «տակնուվրա են արել» ամեն ինչ. նրանք փայտեր են նետել անցնող ոստիկանական մեքենաների ուղղությամբ, պոկել են լուսաֆորը, ջարդուփշուր արել աղբամանները: Ընդ որում, նրանք այդ ամենն արել են լուռ, առանց որեւէ կոչեր հնչեցնելու, այլ բժշկական դիմակներ հագած: Նաեւ հարձակվել են իրենց նկարահանող լրագրողների վրա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` սադրիչների խմբերը նախկին ու ներկա հայտնի օլիգարխ պատգամավորների, այդ թվում` Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի եւ այլոց ուղարկած «մարդիկ են»:

Նպատակը մեկն է՝ հիմքեր ստեղծել, որպեսզի ոստիկաններն ուժով ցրեն հանրահավաքը: Պատահական չէ, որ չնայած երեկ նրանց լկտի պահվածքին` ոստիկաններն այդպես էլ չփորձեցին միջամտել, կարգի բերել եւ, վերջապես, ձերբակալել` լուռ թողնելով, որ սադրիչներն անեն իրենց ուզածը: Ասել է, թե ոստիկանությունն իր անգործությամբ հիմնավորել է տեսակետը, որ սադրիչներն ուղարկված են իշխանությունների կողմից: Նշենք, որ այս նույն մեթոդն իշխանությունները կիրառել էին 10 տարի առաջ՝ մարտի 1-ին. այն ժամանակ էլ ոստիկանների ուղղությամբ քարեր նետողները, խանութները ջարդուփշուր անող եւ թալանողները սադիչների խմբերն էին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին տուն է ուղարկել:




Լրահոս