ՖՈՏՈ․ Վանաձորում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներին արվեցին առաջարկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սպիտակ քաղաքից Վանաձորում տեղի ունեցող բողոքի ակցիային միացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, նրա կուսակիցները, ապա շարքային քաղաքացի Միքայել Մարգարյանը`Երևանից: Վերջինս ցուցարաներին առաջարկում էր քայլերթ անցկացնել քաղաքի փողոցներում,մյուս մարդկանց ևս իրազեկել` ինչ է կատարվում, ապա միանալ Երևանի ցուցարարներին: Վերջինս նշում էր, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ դա կազմակերպելու համար:
Զարուհի Փոստանջյանն իր հերթին առաջարկում էր մնալ տեղում և այստեղ շարունակել ակցիան. «Վանաձորն ու Գյումրին են, որ կարող են փրկել Երևանը կոտորածից, մենք ենք թիկունքը լինելու: Հետևաբար, որ ժամին Երևանում լինում է միջոցառում, այստեղ և Գյումրիում նույնպես պետք է լինեն միջոցառումներ: Եթե կան մարդիկ, ովքեր շատ են ցանկանում լինել Երևանում, իհարկե, կարող են լինել, բայց, իմացեք, մենք պարտավոր ենք պահել Երևանի թիկունքը, որովհետև բռնակալական համակարգը մեզ կոտորել է 1996-ին, 2004-ին, 2008-ին` Երևանում, այն միշտ արվել է Երևանում»:

Վերջիններս ընդհանուր հայտարարի չեկան: Զարուհի Փոստանջյանը հակադարձեց Միքայել Մարգարյանին`«Դուք սադրիչ եք, խնդրում եմ գնացեք էստեղից»:
Այս ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ակցիայի մի մասնակից.« Ի սկզբանե մենք ամեն ինչ արել ենք միասին, ընթացքում հայտնվեց Միքայելը, հետո ուրիշներն եկան, փորձեցին մեզ առաջնորդել: Մեզ առաջնորդ պետք չի»:
Քիչ անց «Մերժի՛ր Սերժին» ինքնաբուխ հավաքի երիտասարդ մասնակիցները տեղեկացրին, որ հավաք անցկացնելու թույլտվության ժամկետը ավարտվել է.«այս պահից այս հավաքը դադարեցվում է: Դրանից հետո կարող եք միանալ բողոքի այլ շարժումների կամ շարունակել ակցիան այլ կերպ»: Ինչից հետո նրանք գնացին մշակելու իրենց հետագա գործողությունները:

Ակցիայի մասնակիցները «Մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերաձևակերպեցին`«Տշի՜ր Սերժին»: Այն մարդկանց համար, ովքեր շարունակում էին մնալ Վանաձորի Արցախ պուրակում, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ պիտի մշակվի հստակ գործողությունների ծրագիր: Ստեղծվեցին մարզային քաղաքների համակարգող խմբեր, ովքեր կզբաղվեն հետագա աշխատանքների կոորդինացմամբ:

Մարջան Չոբանյան




Լրահոս