Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Նախագահը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական եւ պետական կառավարման ոլորտների վրա: Երկրի ղեկավարը նշել է, որ կատարված է մեծ աշխատանք, եւ արդյունքները տեսանելի են, ավելացնելով, որ միեւնույն ժամանակ շատ են նաեւ անելիքները: «Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության եւ մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման ու պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի կյանքի կոչել նախանշված ծրագրերը, որովհետեւ մեր ժողովուրդն ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, շեշտելով, որ այս գործում ակնկալում է իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված եւ արհեստավարժ աշխատանք: