Ինչպես կհանձնի Սերժ Սարգսյանն իր առաջին քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է, որը, հիշեցնենք, դռնփակ ռեժիմով է անցկացվելու: Ապրիլի 17-ին խորհրդարանի կողմից ընտրվելուց ընդամենը մեկ օր անց արդեն նա սկսել է ձեւավորել իր կաբինետը: Մասնավորապես վարչապետի ներկայացմամբ` նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ Արմեն Գեւորգյանն ու Վաչե Գաբրիելյանն էլ` փոխվարչապետեր: Նաեւ նախարարների նշանակումներ են եղել. Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանն էլ` արտաքին գործերի նախարար:

Սահմանադրության 150-րդ հոդվածը սահմանում է կառավարության ձեւավորման կարգը: Մասնավորապես այդ հոդվածում ամրագրված է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին, որից հետո երկրի նախագահը եռօրյա ժամկետում նշանակում է փոխվարչապետների եւ նախարարների:

Սակայն հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը մեկ օր սպասեց եւ որպես վարչապետի թեկնածու` իր առաջին աշխատանքային օրն էլ նշանակումներ առաջարկեց Արմեն Սարգսյանին: Բնականաբար վերջինս էլ չէր կարող այդ առաջարկներին դեմ լինել ու բողոքարկել ՍԴ-ում, ուստի մնում էր միայն հրամանագրերը ստորագրելը:

Իսկ ինչ է սպասվում կառավարության այսօրվա նիստում: Սահմանադրությունում հստակ ամրագրված է, որ կառավարության նիստը վարում է վարչապետը: Այսինքն` այսօր Սերժ Սարգսյանը պետք է վարի նիստը: Նրա կողքին կլինի Կարեն Կարապետյանը՝ արդեն փոխվարչապետի պաշտոնում: Կառավարության օրակարգը դեռեւս մի քանի օր առաջ հրապարակվել էր. երեկվա դրությամբ օրակարգում 20 հարց էր առկա, սակայն նախորդ օրն օրակարգն այլ տեսք ուներ, եւ եղել են հարցեր, որոնք հետագայում դուրս են մնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության օրակարգը խիստ գրաքննության է ենթարկվել, եւ փորձել են ոչ այնքան կարեւոր հարցերը հանել, որպեսզի առաջին օրով չծանրաբեռնեն նորընտիր վարչապետին: Ընդ որում, այն փակ է լինելու, եւ միայն սուղ տեղեկատվություն կհրապարակվի ներսում տեղի ունեցածի մասին:

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի կառավարության նիստին` պարզապես ներկայացնելու նորանշանակ վարչապետին, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը կգնա մենակ: Ամեն դեպքում, նախկինում նախագահը մասնակցել է կառավարության առաջին նիստերին` տալով նաեւ աշխատանքային ցուցումներ: Բայց նոր օրենսդրությամբ նախագահի անունը չկա կառավարության նիստին մասնակցելու իրավունք ունեցողների ցանկում. նա այնտեղ կարող է գալ համապատասխան հրավերի դեպքում:

Ինչեւէ, նշենք նաեւ, որ Սահմանադրության 151-ը սահմանում է կառավարության ծրագրի հաստատման հարցը: Մասնավորապես կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետը պետք է ԱԺ ներկայացնի կառավարության ծրագիրը, որն էլ հաստատվելու է յոթնօրյա ժամկետում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ եթե խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Բնականաբար, այս ամենը տեսության ժանրից է, քանի որ հազիվ թե այս խորհրդարանը հակառակվի իր իսկ ընտրած վարչապետին: Սահմանադրությունում ամրագրված է նաեւ կառավարության հրաժարականի հարցը:

Կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Ստացվում է՝ այսօր կայանալիք նիստին «գլուխները բարձր» կարող են մասնակցել երեք փոխվարչապետներն ու երկու նախարարները: Մյուսները պետք է ահուսարսափով սպասեն, թե ինչ որոշումներ կկայացնի Սերժ Սարգսյանը, եւ ինչպիսի ճակատագիր կսպասվի իրենց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը նպատակ չունի կառավարության կազմում շատ փոփոխություններ իրականացնել եւ կբավարարվի միայն կոսմետիկ փոփոխություններով: Այս կերպ Սերժ Սարգսյանը ցանկանում է նաեւ ցույց տալ, թե գոհ է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունից եւ լրջագույն փոփոխությունների կարիք չի զգում: Միեւնույն է` որպես առաջին փոխվարչապետ` հենց Կարեն Կարապետյանն է շարունակելու ավելի սերտ աշխատել կառավարության կազմի հետ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս