«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին դիրքորոշումը վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին: Սակայն նա հրաժարվել է խոսել` ասելով, թե ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանում: Նա պատճառաբանել է, թե «լրագրողները սուտ են խոսում»: Սակայն նկատենք, որ Հակոբ Հակոբյանի «նեղացվածությունը» բավական խորը ամրատներ ունի:
Բանն այն է, որ անցած տարի թանկացումների շուրջ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը այսպիսի հայտարարություն էր արել, թե. «Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն եւ առեւտուր չեն անում»: Արդյունքում այս հայտարարությունից հետո, ըստ մեզ հասած լուրերի, իշխանությունները պատգամավորին արգելել են խոսել: «Ժողովուրդ» օրաթերթը Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ասում եմ Ձեզ` ես լրագրողներին բան չեմ ասում, քանի որ այն, ինչ ես չեմ ասել, վերագրում են ինձ եւ ինձ քննադատում են»: Հակոբ Հակոբյանը նեղանալու փոխարեն ճիշտ կաներ` եւս մեկ անգամ դիտեր իր հարցազրույցի տեսագրությունը, գուցե այս անգամ համոզվի, որ ինքն իրոք ասել է այն արտահայտությունները, որի համար եւ քննադատության արժանացավ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան