Ապրիլի 19-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «ԼենԿոշ» կոշիկի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից ծուխ է դուրս գալիս: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:
Պարզվել է, որ Շիրակացի 8 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes B» մակնիշի (վարորդը՝ Պ. Հ., 1987 թ.), «Mercedes ML» և «ԳԱԶ 53» մակնիշի (վարորդը՝ Պ. Գ., 1988 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ԳԱԶ 53» մակնիշի և «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Խ.-ը (1990 թ.), Ռ. Կ.-ը (1963 թ.) և Հ. Հ.-ը (1982 թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:57-ին:
Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը: