Իշխանական ճամբարում խուճապային տրամադրություն է. ապրիլի 24-ի հոծ բազմությունը կարող է միանալ ցուցարարներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական ճամբարում, թեեւ արտաքուստ հանդարտությանը, խուճապային տրամադրություն է։ Մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մի քանի օրից ապրիլի 24-ն է, երբ հոծ բազմություն է գնալու դեպի Եղեռնի համալիր: Եթե այն միանա ցուցարարներին, ապա ոստիկանները կհայտնվեն աննախանձելի վիճակում. չեն կարող ուժ գործադրել, քանի որ դա միջազգային մեծ ռեզոնանս կունենա, եւ կստացվի, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը բռություն է կիրառվում հայերի նկատմամբ իր իսկ իշխանության կողմից: Մայիսյան եռատոները նույնպես սարսափի առարկա են, քանի որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները եւս խոստանում են մարդաշատ լինել։ Բացի այդ՝ ՀՀ են ժամանելու մեծ թվով հյուրեր արտերկրից, ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Արամ 1-ին կաթողիկոսը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը, ինչպես հայտնի է, պակաս ընդդիմադիր չեն:

Եվ, ուրեմն, իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն արագ լիցքաթափվի, եւ «Նիկոլը փողոցից խորհրդարան բերվի»՝ մինչեւ նշված միջոցառումները: Հավանաբար, այս համատեքստում են նաեւ Արմեն Սարգսյանի, Գարեգին կաթողիկոսի, ՀՅԴ-ի ու ռամկավարների երեկվա կոչերը։ Ընդամենը 10-11 օր պաշտոնավարող Արմեն Սարգսյանը 7-օրյա ցույցերից ու հանրահավաքներից հետո, «որպես պետության ղեկավար», կողմերին հրավիրել է երկխոսության․ «Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս