«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում կամ Հայաստանում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարցերը, որ առնչվում են թե՛ փողոցում, թե՛ իշխանության մեջ տեղի ունեցող երեւացող ու չերեւացող բազմաթիվ ասպեկտների, անկասկած շատ են: Դրանց թվում թերեւս առանցքայիններից մեկն այն է, թե ինչ է կատարվում ներկայումս իշխանության մեջ: Մասնավորապես՝ ինչպե՞ս են տեղի ունեցողը ընկալում տարբեր ֆինանսատնտեսական խմբերը, որոնք ձեւավորում են իշխանությունն իր տարբեր թեւերով: Այլ կերպ ասած՝ փողոցում ծավալվող շարժումն ինչպես է ընկալում կամ ընդունում, դրա հանդեպ ինչպիսի վերաբերմունք եւ զգացողություն ունի օլիգարխիան:
Առայժմ այդ մասով, կարծես թե, եղել է մեկ դրսեւորում, երբ մի քանի օր առաջ եղավ տեղեկություն Մհեր Սեդրակյանի կամ Թոխմախի Մհերի, այսպես ասած, «զորքի» մոբիլիզացիայի մասին, որ տեղի էր ունեցել նրան պատկանող գազալցակայանում: Դրանից հետո եղան կասկածներ ու մտավախություններ, որ դա արվում է, այսպես ասած, ներքաղաքացիական բախումներ հրահրելու համար, սադրիչ խմբեր ձեւավորելու եւ այդպիսով փողոցում ծավալվող շարժումը վարկաբեկելու, խոցելի դարձնելու, այսպես ասած՝ ուժի կիրառման լեգիտիմ իրավունք ստանալու համար: Հետագայում եղան նաեւ մի քանի նշանային դեպքեր, որոնք սակայն, բարեբախտաբար, չեն ունեցել շղթայական շարունակություն:
Միեւնույն ժամանակ, Թոխմախի Մհերը, այսպես ասած, «շնորհազրկված» օլիգարխի կարգավիճակում է, որը հեռացված է իշխանության առաջնային շարքերից: Ի՞նչ վիճակ է առաջին շարքերում, այստեղ կա՞ մոբիլիզացիա, թե՞ այդ «սեւագործ» աշխատանքը թողնված է, այսպես ասած, «պատժվածներին»: Մհերի մոբիլիզացիան վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ է օլիգարխիայի համար: Ի՞նչ են մտածում Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը, այլք, որոնք կազմում են իշխանության, այսպես ասած, «պոլիտբյուրոն»՝ ինչպես Գագիկ Բեգլարյանն էր ասել, այն մարմինը, որը լուծում է բոլոր հարցերը եւ կատարում բոլոր նշանակումները: Արդյո՞ք նրանք հրաժարվել էին մոբիլիզացիայից, որ այդ պարտականությունը դրվել էր, օրինակ, «շնորհազրկված» օլիգարխի վրա:
Այդ տեսանկյունից, իրավիճակը հետաքրքիր է ՊՊԾ գնդի գրավման դրամատիկ օրերի իրադրության հետ համեմատությամբ: Իհարկե, բացարձակապես համեմատելի չեն այդ օրերին տեղի ունեցողն ու այսօր ծավալված շարժումը, ի բարեբախտություն բոլորիս, բայց հիշարժան է, որ այդ օրերին իշխանությունը բացարձակապես լուռ էր, ընդ որում՝ հրահանգված լուռ, երբ ամեն բառ կարող էր աշխատել հենց իշխանության դեմ: Այսօր, իհարկե, չկա քար լռությունը, սակայն տվյալ պարագայում խնդիրը միայն հրապարակային կամ առերեւույթ պահվածքը չէ, այլ նաեւ ներքին տրամադրությունները՝ հաշվի առնելով նաեւ ներիշխանական բաժանարար գծերի եւ ոչ միատարության հանգամանքը: Ի վերջո, այստեղ լրջագույն խնդրի առկայությունը խոստովանել է նաեւ ինքը Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ լինելու է կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ հակասությունը բացառող վարչապետ:
Այսինքն՝ կա հակասություն, որը պետք է չեզոքացնել, ըստ այդմ՝ առկա է նաեւ հարց, թե այդ հակասությունն ինչպե՞ս է արտահայտվելու փողոցում տեղի ունեցողի հանդեպ՝ հաղթահարվելո՞ւ է դրա շնորհիվ նաեւ, թե՞ ավելի խորանալու՝ դրա պատճառով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: