Հայաստանում սկսվել է նյարդերի պայքար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ներկայումս կատարվող իրադարձությունները հաճախ են համեմատվում ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային պատմության նախորդ շրջանների իշխանափոխության շարժումների հետ: Թեեւ յուրաքանչյուր իրադարձություն պատմության մեջ առանձնահատուկ է իր բնույթով, բոլոր դեպքերում կա ընդհանրություն` հասարակության ծարավն առ փոփոխություններ: Ինչպես գրեթե ամենուր, մեզանում նույնպես վերեւներն այլեւս չեն կարողանում կառավարել հին մեթոդներով, իսկ ներքեւները չեն ցանկանում ապրել հին ձեւով:

Քաղաքացիական զանգվածային ընդվզումների համաշխարհային փորձը ցույց է տալիս` յուրաքանչյուր նման իրադարձություն նախեւառաջ նյարդերի պայքար է: Եվ այն կողմն է հաղթում, որը դուրս չի գալիս հավասարակշռությունից ու, ինչպես ժամանակին առաջին նախագահն էր դիպուկորեն ձեւակերպել, ոչ միայն կանգնում է, այլեւ կանգնած է մնում: 2008թ. փետրվարի 20-29 Հայաստանում հենց նյարդերի պայքար էր, որտեղ չդիմացան իշխանության ջղերը, ու սկսվեց մարդկանց հրապարակային գնդակահարությունը: Իշխանությունը հաղթեց միմիայն միջազգային հանրության քար լռության պայմաններում, քանի որ եթե Հայաստանի քաղաքացին ունենար ժողովրդավարական աշխարհի աջակցությունը, իշխանությունը հաստատապես չէր մարսելու այդ մասշտաբի ոճիրը: Դրանից առաջ Վրաստանում Վարդերի հեղափոխությունը տեւել է 2003թ. նոյեմբերի 2-ից մինչեւ 2004թ. հունվարի 4-ը:

Այն, ըստ էության, հաջողեց ժողովրդավարական աշխարհի ընդգծված աջակցության պայմաններում: Արաբական գարունը Եգիպտոսում տեղի ունեցավ 2011թ. հունվարի 25-ից 2011թ. փետրվարի 8-ը` համառությամբ հասնելով իշխանության փոփոխությանը: 2018թ. քաղաքացիական մասսայական անհնազանդությունները Հայաստանում մեկնարկել են ապրիլի 13-ից: Ըստ էության, դեռ 7 օրը չի լրացել, սակայն կա տպավորիչ հրապարակ, գործողությունների ցանցային մեխանիզմ: Տարածաշրջանում դերակատարություն ունեցող գրեթե բոլոր ուժային կենտրոնները հանդես են եկել հայտարարություններով` ընդգծելով, որ հետեւում են իրադարձությունների զարգացման ընթացքին, ինչպես նաեւ կարեւորելով օրինականության պահպանումը:

Քաղաքացիական բողոքը խելամտորեն դուրս չի գալիս այդ սահմաններից` էականորեն խաթարելով զենքի դիմելու իշխանության ձգտումը:
2011թ. արաբական գարունը ցնցեց գրեթե ողջ Մերձավոր արեւելքը` մի շարք երկրներում հանգելով իշխանափոխության, իսկ Սիրիայում մինչեւ այժմ շարունակվում է պետության քայքայման գործընթացը: Արաբական գարնան եւ մասնավորապես Սիրիայի ներքաղաքական իրադարձությունների ակունքը իշխող վերնախավի սպառվածությունն է: Վերնախավը բթացած իշխանություն ունենալու արտոնությունից անկարող է պատկերացնել փոփոխությունների անհրաժեշտությունը հասարակության համար:

Բացարձակ կոմֆորտի, ֆինանսական հսկայական շահույթների ու կառավարական անսահմանափակ լիազորությունների պայմաններում իշխանությունները օրինաչափորեն չեն էլ ցանկանում փոփոխություններ` հասականալով, որ վերջինների արդյունքում զրկվելու են իրենց վայելքներից: Սեփական գայթակղությունները զսպելը բնորոշ է պետականամետ վերնախավին, որը չի կարող պատկերացնել իր շահերի գերակայությունը պետական շահերի նկատմամբ: Արեւելյան տիպի պետություններում, սակայն, ապապետական էլիտայի առկայությունը օրինաչափություն է: Այսպիսի էլիտան, ըստ էության, կտրված է հասարակությունից, չի հասկանում, թե ինչու են մարդիկ բողոքում: Վերնախավը հետեւաբար վերածված է մակաբույծի, որին թվում է, թե շնորհ է անում իր կառավարմամբ, ինչի համար հասարակությունը պետք է լռելյայն շնորհակալ լինի:

Սերժ Սարգսյանի պահվածքը ապրիլի 9-ից ի վեր հենց այսպիսի վերնախավերի դասական օրինակ է: Խորհրդարանում իր ընտրության ժամանակ նա կիսաքնած վիճակում էր, ինչը ցույց է տալիս, որ բացարձակապես հետաքրքրված չէր գործընթացով: Խորհրդարանում ունեցած իր ելույթում Սարգսյանը բազմաթիվ խեղաթյուրված հայտարարություններ արեց` իբր համոզելու, թե որքան է բարգավաճել Հայաստանը նախորդ 10 տարիներին: Սակայն արտաքին պարտքի 5 անգամ ավելանալն ու ավելի քան 350 հազարի հասած արտագաղթը ինքնըստինքյան զրոյական են դարձնում թղթի վրա մնացած նրա աճը:

Ավելին` Սարգսյանը գրեթե չանդրադարձավ իր վարչապետության դեմ ցույցերին` դրանք արհամարհելով ու դիտավորյալ աչքաթող անելով: Այդպես էր վարվում ժամանակին Վրաստանի Շեւարնաձեն, մինչեւ որ խորհրդարանում հենց իր աչքով չտեսավ ընդվզող քաղաքացիներին, Ուկրաինայի Յանուկովիչը, մինչեւ հրապարակում չտեսավ իր թիմակիցների փախուստը երկրից, Եգիպտոսի Մուբարաքը, մինչեւ զինվորականությունը չհրաժարվեց կատարել քաղաքացիներին գնդակահարելու հրամանը, Զիմբաբվեի Մուգաբեն, մինչեւ սեփական կուսակցությունը նրան չվտարեց իր շարքերից եւ այլն: Այս բոլոր օրինակները գալիս են փաստելու, որ իրականությանը վարդագույն ակնոցներով հետեւող վերնախավը թանկ է վճարում ինչպես պետական, այնպես էլ անձնական շահերի տեսանկյունից: Եվ միշտ չէ, որ այդ վերջաբանը կարող է Աբաշիձեի պես Մոսկվայում հանգիստ ծերություն խոստանալ:

Ուստի այս պայմաններում հայկական վերանախավին ու մասնավորապես Սերժ Սարգսյանին մնում է ոչ թե Հայաստանի քաղաքացիների բողոքը մեկնաբանել տուրիստական գործակալության տնօրենի աչքերով, այլ նախ խորհել դրությունից խաղաղ ելք գտնելու հարցի շուրջ: Իսկ որքան իրավիճակը լարվում է, ոստիկանությունը բռնությունների է դիմում, Սարգսյանը անհամարժեք գնահատականներ է հնչեցնում իրադրության շուրջ, այնքան նեղանում է խաղաղ հանգուցալուծման պատուհանը: Սերժ Սարգսյանի ու իշխանության անադեկվատ պահվածքը, ինչպես համաշխարհային փորձն է ցույց տալիս, բումերանգի էֆեկտով կարող է հարվածել հենց իշխանությանը: Այսպիսով` հաշվի առնելով նախորդ փորձերը` 2018թ. հայկական շարժումը նվազագույնը 1-2 շաբաթ դեռ պետք է օրուարեւ չտա իշխանությանը: Ընդդիմության խնդիրն էլ, արդ, մնում է պահել տեմպը` նյարդերի պայքարում տեղի չտալու գիտակցությամբ:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս