Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե՛ համակարգային հիմնախնդիրների և թե՛ արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի: Չլինելով իշխանափոխությունը հեղափոխական ճանապարհով իրականացնելու քաղաքականության կողմնակից, որը կարող է ուղեկցվել բռնությամբ, արյունով, ներքին և արտաքին այլ սպառնալիքներով, այդուհանդերձ, կուսակցությունը ողջունում է քաղաքական ու քաղաքացիական զարթոնք ապրող հայրենի երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր իրենց քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ ահազանգում են երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների մասին` ակնկալելով արագ, վճռական և արմատական փոփոխություններ:
Կուսակցությունը ընդգծում է քաղաքացիական ակտիվիստների, խաղաղ երթերի և ցույցերի մասնակիցների՝ առանց բռնի կոչերի և բռնի գործողությունների պայքարի միտված մարտավարությունը, կարևորում է ազատ լրատվական հանրության և լրագրողների օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ և հասարակության առջև հաշվետու վերաբերմունքը:
Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք սադրանքի, ժողովրդին և ոստիկանությանը հրահրելու բախման ենթակա ցանկացած փորձ` այն դիտարկելով որպես իրավիճակը սրելու դավադիր դիրքորոշում:
Իշխանությունը, հասարակությունը և քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ և ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության և ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք:
Ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը, որի իրականացման նպատակով հրատապ է դառնում հստակ քաղաքական օրակարգի ձևավորումը, որի նպատակը պետք է լինի վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը որպես քաղաքական հրամայական դիտարկելու անհրաժեշտությունը:
Ելնելով վերոշարադրյալից՝ ‹‹Oրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում ծավալված քաղաքական և քաղաքացիական ընդվզման բոլոր մասնակիցներին, ոստիկաններին ցուցաբերել քաղաքացիական և քաղաքական զգոնություն, զերծ մնալու համար անցանկալի զարգացումներից, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ և ձերբակալություններով, և թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ և երկարաժամկետ վտանգներ և ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձևավորմանը, մշակելով իրավիճակի հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսևորումներ, ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական և քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձևավորում: Դա կապահովի և կերաշխավորի նոր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում և փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսևորելու ազատ և արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը և Հայաստանում ձևավորել նոր որակի և, ինչու ոչ, նաև երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության և լայն համախոհության իշխանություն:
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ