ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը:
Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև կենսամակարդակը դեռ բավարար չէ։ Սակայն իշխանություններից դժգոհություններ կան բոլոր հասարակություններում. այս օրերին իր վարչապետության հետ կապված դժգոհությունների մասին ասել է Սերժ Սարգսյանը: «Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով (բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհի) իրենց դժգոհությունն արտահայտելու։ Եվ կարծում եմ՝ դա և՛ իշխանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ:
Բայց երբ որ մի քանի հարյուր հոգի կամ նույնիսկ մի քանի հազար հոգի անցնում են խաղաղ ցույցով նախատեսված այդ շեմը և սկսում են խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել ուրիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելիս, թե ինչու ես՝ աշխատավոր մարդս, պիտի գործից ուշանամ 2-3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել։ Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անկայունություն ստեղծել. սա է խնդիրը»,- նշել է Սարգսյանը։