Պաշտպանության նախարարությունում պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գործընթացը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում, մասնավորապես զորամասերում, պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ զորամասի ճաշարանի պետ-խոհարար` ծառայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասում սպայական պաշտոնի նշանակվելու նպատակով 2016 թվականի հունիս ամսին օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ դիպլոմի նոտարական վավերացմամբ պատճենը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Վերջինիս մասով քրեական գործը քննելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ կեղծ դիպլոմով ՊՆ ներկայանելով կարողանում են պաշտոն ստանալ: Գրել էինք, որ Գեղամ Բադալյանը, ով եղել է ՀՀ ՊՆ զորամասի պարետային եֆրեյտոր Բադալյանը, ոմն Արամից ութ հարյուր դոլար գումարի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ: Այնուհետեւ նշված դիպլոմի վավերացված պատճենը ներկայացրել է ՊՆ զորամասի համալրման բաժանմունքի պետ մայոր Արման Գեւորգյանին եւ հանձնելով քննությունը` ստացել զինվորականի լեյտենանտի կոչում, ապա աշխատանքի անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար:

Կեղծ հիմքերով անձնագիր

Ստեփանավանի պաշտոնատար անձանց դեմ քրեական գործերը շարունակվում են: Մեզ հայտնի դարձավ, որ Վահագն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի առաջատար մասնագետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` Հայաստանի Հանրապետությունից բացակայող Արամ Հովհաննիսյանին հաշվառել է կեղծ հիմքերով, իսկ անհայտ անձին տրամադրել է Արամ Հովհաննիսյանի ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս