Հակոբ Շահգալդյանի անծայրածիր ունեցվածքը. կուտակում են օրինակա՞ն, թե՞ անօրինական միջոցներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը բավական խոսուն է: Շահգալդյանը նախորդ տարվա ընթացքում 1 մլն 735 հազար դրամով եւ 2 մլն 284 հազար դրամով հողամասեր է գնել: Բացի այս` նա երկու հողամաս է վաճառել` ընդհանուր 1 մլն 360 հազար դրամով: Չարենցավանի հավերժ քաղաքապետի դրամական միջոցը անցած տարեվերջին կազմել է 38 մլն դրամ:

Իսկ ահա որպես եկամուտ նա հայտարարագրել է մեկ վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 156 հազար դրամ: Շահգալդյանը նախորդ տարվա ընթացքում վարձակալության դիմաց ստացել է 727 հազար 200 դրամ, իսկ մեկ ընկերությունից ստացած շահաբաժինը կազմել է 3 մլն դրամ: Բացի այս` նրա ստացած փոխառությունները, վարկերը կազմել են 10 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաեւ Շահգալդյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ըստ որի` նա ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս, Hyundai sonata 2.4, Hyundai Sonata 2.5 L մակնիշի ավտոմեքենաներ: Պարզվում է` քաղաքապետը միայն ստացած աշխատավարձի հույսին չէ: Նա մեկ ընկերությունում ունի 22 մլն 380 հազար դրամի բաժնետոմս, իսկ երկու ընկերություններում` ընդհանուր 200 հազար դրամի բաժնեմաս: Սա դեռ Շահգալդյանների ոչ ամբողջական ունեցվածքն է:

Նրա որդին՝ Տիգրան Շահգալդյանն էլ իր հերթին է մինի-օլիգարխ: Որպես եկամուտ կրտսեր Շահգալդյանը հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 11 մլն 973 հազար դրամի շահաբաժինը եւ 830 հազար դրամ ստացած աշխատավարձը: Իսկ քաղաքապետի տիկինը՝ Արմինե Շահգալդյանը, հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը` 300 հազար դրամը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Շահգալդյանը նախորդ տարվա նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունը եւ վերընտրվել: Ավելին` Շահգալդյանը այժմ ոչ միայն կառավարում է Չարենցավանը, այլեւ եւս հարակից 5 գյուղերը, քանի որ Չարենցավանը խոշորացվել է: Մեկ փաստ էլ. այս տարվանից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի պաշտոնյաների հարստացման հարցը` պարզելու՝ ունեցվածքը կուտակում են օրինակա՞ն, թե՞ անօրինական միջոցներով: Ու հիմա Շահգալդյանների ընտանիքն այս առումով կարող է թիրախում հայտնվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս