Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու քրեական գործով լուրջ իրադարձություններ են սպասվում: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսումների հրապարակումից հետո քրեական աշխարհում լուրջ բախումներ կհասունանան: Բանն այն է, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձը ծրագրելու մեջ մեղադրվողների պլաններում եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ նման քայլ կատարելու մտադրություն:
Ինչպես հայտնի է` ապրիլի 10-ին ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ` Արտակ Այվազյանը:
Աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո հրապարակվեց, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի նկատմամբ, իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը: Այս քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան:
Սակայն նկատենք, որ նախաքննության ընթացքում պատկերը միանգամայն փոխվել է. պարզվել է, որ բացի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված սպանության փորձից, այլ քրեական հեղինակություններ են եւս թիրախում եղել:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բացի Դոն Պիպոյի դեմ կոնկրետ մահափորձ կատարելուց` վերոնշյալ անձինք հետեւել են ու թիրախավորել են քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանին` Զապին, եւ եւս մեկ այլ քրեական հեղինակություն Գագիկ Մելիքյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մասնավորապես Անդրանիկ Սողոյանի դեմ մահափորձ անելու համար կալանավորված անձանցից մեկը արտերկրից հատուկ քաղաքացու է կանչել Հայաստան` խոստանալով 400 հազար ԱՄՆ դոլար: Համենայն դեպս, նման փաստեր կան քրեական գործով, իսկ թե որքանո՞վ են դրանք հիմնավոր, պարզ կդառնա դատաքննության ժամանակ:
Մինչ այդ, նկատենք, որ այս բոլոր բացահայտումներն արվել են ԱԱԾ-ի կողմից՝ գաղտնալսումների արդյունքում: Այդպես պարզ է դարձել, թե ինչ պլաններ են ունեցել, ինչպես են ամեն ինչ որոշել իրականացնել, որ ժամին որտեղ պետք է հետեւեն իրենց թիրախավորված անձանց եւ այսպես շարունակ:
Եվ հիմա հարց է առաջացել` եթե դատարանում քրեական գործի քննությունը իրականացվի դռնբաց, եւ հրապարակվեն ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումները, ապա քրեական աշխարհում բախումը անխուսափելի կլինի, քանի որ գաղտնալսումների մեջ եղած խոսակցությունները առիթ են հանդիսանալու, որ գործով տուժող ճանաչված քրեական հեղինակությունները փորձեն իրենց դեմ նման ծրագիր իրականացրած մարդկանցից պատասխան պահանջել: Ուստի չի բացառվում, որ դատարանը, հաշի առնելով նաեւ կալանավորված անձանց միջնորդությունները, քրեական գործի քննությունը իրականացնի դռնփակ:
Չնայած, մեծ հաշվով` քրեական աշխարհի համար այլեւս կապ չունի՝ գաղտնալսումներն ինչպես կհրապարակվեն. քրեական գործում դրանց առկայության փաստն ինքնին բավարար է որոշակի գործընթացներ ծավալելու առումով. արդեն իսկ այդ աշխարհի ներսում կարող են տեղի ունենալ որոշ գործընթացներ: Պարզապես դռնբաց դատական նիստում այդ գաղտնալսումները հրապարակվելու դեպքում մեծ կլինի հասարակական ուշադրությունը, եւ այդ փաստերը կդառնան նաեւ հասարակության սեփականությունը:
Ի դեպ, նշենք, որ գործի շրջանակներում կալանավորվածներից շատերը սկզբում հրաժարվել էին ցուցմունք տալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ գործով եղել են կալանավորվածներ, որոնց ԱԱԾ-ն վերջին պահին կարողացել է համոզել, եւ նրանց ցուցմունքները նախաքննությունը իրականացնող մարմնի համար հիմք են եղել, որպեսզի գործով նախաքննության ավարտ հայտարարվի: Թե ում մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Ավելին` հավելենք, որ նախաքննության ընթացքում եղել են կալանավորներ, որոնք հրաժարվել են ցուցմունք տալուց:
Քնար Մանուկյան