Հրահանգ է իջեցվել. «Մարշալ Բաղրամյան» կայարանը դեռ չի գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ 5-րդ օրը, ինչ Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը չի գործում: Կայարանից վստահեցնում են, թե պատճառը տեխնիկական անսարքությունն է. շարժասանդուղքներին առնչվող խնդիրներ են առաջացել, եւ այս պահին աշխատանքներ են իրականացվում` անսարքությունը վերացնելու համար: Միայն թե, նկատենք, իրականում պատճառը բոլորի համար պարզ է. «Մարշալ Բաղրամյան» կայարանը սկսեց չգործել այն օրից, երբ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ պաշտոնավարման դեմ պայքարող մեծաքանակ մարդիկ փորձեցին հավաք անցկացնել Բաղրամյան պողոտայում: Իսկ կայարանի աշխատակիցները, ստացվում է, թաքցնում են դրա չգործելու իրական պատճառը:

Եվ այժմ մետրոպոլիտենի վարորդները վերոնշյալ կայարանում կանգ չեն առնում: Թե որքան կշարունակվի այս իրավիճակը, դեռեւս հայտնի չէ: Թերեւս այնքան, քանի դեռ ընթանում են երթեր, հանրահավաքներ: Իսկ Բաղրամյան պողոտայում, ինչպես հայտնի է, տեղակայված են երեք կարեւոր կառույցներ` նախագահական նստավայրը, որտեղ այժմ արդեն վարչապետի կարգավիճակով Ս. Սարգսյանն է գտնվում, Ազգային ժողովի շենքը եւ Սահմանադրական դատարանը: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ մետրոպոլիտենի աշխատողներին այս հրահանգը իջեցվել է Երեւանի քաղաքապետարանից:




Լրահոս