Որ դեպքում ոստիկանությունը իրավունք ունի ցրել հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունն այսօր հերթական հայտարարությունն է տարածել, ըստ որի` սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն  ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:

Մասնավորապես, «Հավաքների ազատության» մասին օրենքի հինգերորդ հոդվածում ամրագրված է.

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական  հասարակությունում  պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հոդված 33. Հավաքը դադարեցնելը

1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։

3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։

Հոդված 34. Հավաքը ցրելը

1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ  մասում նշված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։




Լրահոս