Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր պատկերացումը, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». – «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ», – գրում է Սարգսյանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին իր պատասխանում:

Անհրաժեշտ համարելով, որ շրջանավարտներն անմիջապես իրենից լսեն իրենց արտահայտած մտահոգությունների հակիրճ արձագանքը, նա վստահեցնում է. – «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված»:

«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին», – վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ գրել է Սերժ Սարգսյանը:




Լրահոս