«Իմ քայլ»-ը մատնանշում է բնակչության նկատմամբ «համակարգային բնույթ կրող» մի շարք անօրինություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում բարձրաձայնում է «բնակչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողությունների» մասին:

«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայամանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները.

1. կոպտորեն խախտում է մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու, անհնազանդություն իրականացնելու, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև սեփականության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները:

2. ՀՀ ոստիկանության ծառայողները, առանց ներկայանալու, առանց տարբերանշանների, հաճախ քաղաքացիական հագուստով, չունենալով որևէ իրավական հիմք, անհամաչափ և առանց անհրաժեշտության, ինչպես նաև բռնության գործադրմամբ զանգվածաբար ձերբակալում և բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին, այդ բռնություններին բացականչություններով արձագանքող պատահական անցորդներին և զանգվածային լրտվության միջոցների ներկայացուցիչներին, ինչը զուգորդվում է մարդկանց գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների վնասմամբ:

3. ՀՀ ոստիկանության ծառայողները բաժանմունքներ բերման ենթարկածներին ստիպում են հրաժարվել փաստաբանական ծառայություններից, առանց արձանագրություններ կազմելու ապօրինի պահում են օրենքով սահմանված երեք ժամից ավելի:

4. Խաղաղ ցույցերը որակվում են որպես մասսայական անկարգություններ, և այդ պատրվակով հարուցվում են քրեական գործեր, այնուհետև ցույցի մասնակիցների նկատմամբ առաջադրում են մեղադրանքներ, իրականացվում են կալանավորումներ:

5. Պետական գործիչները և տարբեր աստիճանի պաշտոնյաները խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման սպառնալիքներ են հնչեցնում՝ ապահովելով բնակչության շրջանում վախի մթնոլորտի պահպանումը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ մեր շարժման առաջին իսկ օրից մենք անդադար հայտարարել ենք, որ մեր շարժումը կրում է բացառապես խաղաղ բնույթ, մեր շարժման խորհրդանիշներից են վեր պարզած բաց ձեռքերը, և մենք բազմաթիվ օրինակներով ապացուցել ենք, որ գործում ենք միմիայն այս տրամաբանության սահմաններում:

Հետևաբար, տեղի ունեցող բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը: ՀՀ ոստիկանության ղեկավարությանը և աշխատակիցներին, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության զանազան պաշտոնյաներին և թիկնապահական ջոկատներ ունեցող ներկայացուցիչներին հիշեցնում ենք, որ հրամանով ապօրինություններ կատարելը չի ազատում պատասխանատվությունից:

Սույնի կապակցությամբ հրավիրում ենք ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպանությունների, «Հյուման րայթս վոթչի», «Ֆրիդոմ հաուսի», «Ամնեսթսի ինթերնեյշնլի» անհետաձգելի ուշադրությունը»»,- նշված է «Իմ քայլի» տարածած հայտարարության մեջ:




Լրահոս