ՀՀ ոստիկանության իրավունքների և պարտականությունների մասին պատկերացումներ չունենալով կամ միտումնավոր կերպով հասարակությանն ապատեղեկացնելու նկատառումներով ապօրինի հավաքների կազմակերպիչները, որոշ մասնակիցներ, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ օրվա ընթացքում ահազանգեր էին հնչեցնում հասարակական կարգն ապահովող ոստիկանության առանձին ծառայողների կողմից քաղաքացիների գույքը վնասելու վերաբերյալ՝ դա ներկայացնելով որպես քաղաքացիների սեփականության անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն: Արդեն տևական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաները օրենքով չթույլատրված երթևեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում են ինչպես ներքաղաքային, միջհամայնքային, այնպես էլ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու մայրուղիները՝ այդ կերպ ոչ միայն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակական կարգն ու անվտանգությունը, այլև խոչընդոտելով երթևեկության մասնակիցների ազատ տեղաշարժին, անհամաչափ կերպով սահմանափակելով այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը և վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը:
ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ ապօրինի հավաքները դադարեցնելու իր օրինական պահանջի չկատարման և անտեսման, զանգվածային անկարգությունների շարունակման պայմաններում օրենսդրությունը լիարժեք իրավունք է վերապահում ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով միջոցներ ձեռնարկելու իրավախախտումները կանխելու կամ խափանելու համար, այդ թվում, բնականաբար, նաև վերականգնելու խաթարված երթևեկությունը՝ կատարելով այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր պարտականությունը: Չնայած դրան՝ ոստիկանության ծառայողների կողմից տևական ժամանակ իրավախախտում թույլ տվող անձանց նկատմամբ ցուցաբերվում էր հանդուրժողականություն՝ այն հույսով, որ ինչպես ապօրինի հավաքների կազմակերպիչները, այնպես էլ դրանց մասնակիցները կդրսևորեն անհրաժեշտ ողջախոհություն՝ ի վերջո անսալու Ոստիկանության օրինական պահանջներին և դադարեցնելու զանգվածային իրավախախտումները:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում «ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»: Հետևաբար ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները միտումնավոր չկատարելու պայմաններում օրենքի պահանջների խախտմամբ, ճանապարհների երթևեկելի հատվածներում կայանված ավտոմեքենաները հեռացնելուն ուղղված գործողությունները իրավաչափ են: Հետևաբար հորդորելով ձեռնպահ մնալ ոստիկանության իրավաչափ գործողությունները որպես իրավախախտման կոպիտ դրսևորումներ ներկայացնելու միջոցով հանրային սխալ կարծիք ձևավորելու փորձերից՝ ևս մեկ անգամ զգուշացնում ենք, որ հետայսու ևս ՀՀ ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն, կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք զերծ մնալ հետագա նմանատիպ հակաօրինական գործողություններից և կատարել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները: