Սխալի կեսից ետ դառնալն ավելի օգտակար կլինի. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել, երբ խաղաղ ցույց էին իրականացնում: Այս պարագայում օրենքի համաձայն` անհրաժեշտ է Ազգային ժողովի հավանությունը, որպեսզի պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցվի: Այս եւ այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

-Պարոն Բաղդասարյան, Դուք ինչպե՞ս եք քվեարկելու, եթե հարց դրվի` Ձեր գործընկերների նկատմամբ քրեական գործ հարուցելու:

-Երբ կոնկրետ կգա հարցը Ազգային ժողով, կմտածենք, ինձ թվում է` կարող է դրան նաեւ չհասնի, որովհետեւ իմ գործընկերները կլինեն ողջամիտ եւ կհասկանան այն անիմաստ քայլերը, որ իրենք կատարում են, թե ինչ վնաս են հասցնում մեր երկրին ու պետությանը: Եվ այդ ժամանակ եթե կգա, նոր դրա մասին կմտածենք: Բայց ինձ թվում է, որ մինչեւ դրան հասնելը իրենք ավելի ողջամիտ մտածելակերպ կցուցաբերեն:

-Ողջամիտ մտածելակերպը ո՞րն է. ետ կանգնեն, ժողովրդին ասեն` գնացեք տուն, մի բողոքեք:

-Ինչ պիտի…բողոքը դա նորմալ հարց չէ: Եթե նրանք ունեին ինչ-որ խնդիրներ, սահմանադրորեն իրենք իրենց իրավունքը չօգտագործեցին ժամանակին, որ գային ԱԺ-ում իրենց թեկնածուին առաջադրեին: Երբ որ կլինեին քաղաքական հակասություններ եւ այդ ժամանակ բողոքի ցույցեր անեին, դրա մեջ կլիներ տրամաբանություն: Բայց քաղաքական ամբիոնը թողնել եւ գնալ փողոց, փողոցում այս խնդիրները բարձրացնել, դա անընդունելի է: Եվ 2017 թվականին, երբ ամբողջ փողոցը խաղաղ է եղել, եւ իրենք տեսնում էին տնտեսական աճը, երկրի վերելքը տուրիզմի եւ բոլոր բնագավառներում, բնականաբար իրենք հասկանում էին, որ հետագայում` 2022-ին իրենք կարող է չունենան, եւ միակ նպատակը եւ միտումն այն էր, որ այդ առաջընթացը զսպեն, որպեսզի կարողանան իրենց նպատակներին հասնել եւ երկրին հետընթաց տանել: Այդ է իմ մեկնաբանությունը եւ ինձ թվում է` դա անթույլատրելի է պարզապես: Եվ կարող է այդ կազմակերպիչների խմբի մեծամասնությունն առանց գիտակցելու է գործում, եւ նրանք պետք է դատողություններ անեն: Իսկ սխալի կեսից ետ դառնալն ավելի օգտակար կլինի:




Լրահոս