«Ժողովրդի հետ դու չես կարող զենքով բանակցել». Լալա Մնացականյանը նույնպես Հանրապետության հրապարակում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ տարվող պայքարին միացել են բազմաթիվ արվեստագետներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Նախորդ օրերին նրանց մի մասը նաեւ ելույթ ունեցավ հարթակից` կոչ անելով միանալ պայքարին: Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Լալա Մնացականյանի հետ:

-Տիկին Մնացականյան, Դուք լինելո՞ւ եք Հանրապետության հրապարակի այսօրվա հանրահավաքին:

-Ես անպայման լինելու եմ:

-Հիմա իշխանությունը երկրորդ Մարտի 1 է ուզում, որ չի ցանկանում նահանջել եւ ոստիկանությունը մարդկանց է բերման ենթարկում, ծեծում:

-Այնքան էմոցիոնալ, այնքան հուզված եմ, որ ոչինչ չեմ կարողանում ասել: Բայց այն, որ կատարվում է ժողովրդի դեմ. արդեն բռնություն, բռնություն սկսվեց ժողովրդի դեմ, հարազատ ժողովրդի դեմ…: Իշխանությունը չի ցանկանում հեռանալ եւ կարծում է, թե քիչ բողոքողներ կան դրա դեմ: Սակայն ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում են ցույցեր ընթանում: Սա համաժողովրդական շարժում է:

-Ի՞նչ եք կարծում` այս պարագայում, երբ ժողովուրդը չի պատրաստվում նահանջել, Սերժ Սարգսյանը կրակելու հրաման կտա:

-Ես չեմ կարծում, որ մարդը կորոշի կրակել իր ժողովրդին: Ես չեմ ուզում հավատալ դրան:

-Մարտի 1-ին տասը զոհ եղավ եւ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում Սերժ Սարգսյանը նշեց, թե նա դասեր չի քաղել Մարտի 1-ից:

-Եթե նա կրակեց, նշանակում է` գտնում է, որ ժողովրդի հետ բանակցելու միակ լեզուն դա է: Իսկ ժողովրդի հետ դու չես կարող զենքով բանակցել: Դու որքան էլ ժողովրդի հետ այդ ձեւով վարվես այսօր, վաղը, ժողովուրդը հո չի լռելու, հո չի մոռանալու: Ժողովուրդը մեկ է` չի նահանջելու: Այս խնդիրը լուծում է պահանջում. չի կարող չլուծվել խնդիրը: Իսկ լուծումը բռնությամբ ու սպանելով չի: Դա լուծում չի: Հուսամ, որ զգոն բանականությունը կհաղթի եւ նա զենք չի հանի իր ժողովրդի վրա:

-Ինչպես եք գնահատում այն փաստը, որ մի շարք արվեստագետներ հրաժարվում են վաստակավոր արտիստի կոչումից:

-Եթե արվեստագետները հրաժարվում են, իսկ այդ կոչումը Սերժ Սարգսյանն է տվել իրենց, դա արդեն լուրջ ակցիա է: Ողջունում եմ, ուրախ եմ եւ կարծում եմ, որ եթե արվեստագետները միանան, մեծ ուժ կարող են կազմել: Այո, մարդը հրաժարվում է այն կոչումից, որը տվել է այն մարդը, որը կրակում է իր ժողովրդի վրա: Դա արդեն խոսում է այն մասին, որ մեր արվեստագետները ոտքի են կանգնում: Վերջապես: Փառք Աստծո:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս