«Իմ կարծիքով՝ այս շարժումն առաջնորդվում է ժողովրդի կողմից: Մարդիկ այնքան համախմբված են, որ նույնիսկ ղեկավարի կարիք չունեն: Ամեն դեպքում, շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին, նրան իմ կողմից համբույրներ եմ ուղարկում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Շպռոտը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը:
Շպռոտը, թեեւ բնակվում է Միացյալ Նահանգներում, ուշի-ուշով հետեւում է հայաստանյան ներքին կյանքին, ավելին՝ Գլենդելում մասնակցում է այս օրերին կազմակերպվող ցույցերին. «Ես, երգչուհի Արփինե Բեկջանյանը, «Էմփիրեյ» խմբի նախկին վոկալիստ Սարգիս Մանուկյանը ու էլի շատերը մասնակցում ենք ցույցի, ձեզ հետ ենք առավոտից երեկո, իմ ամբողջ ընտանիքը Հայաստանում է ապրում: Իմ սիրտն այդտեղ է»,-ասաց Շպռոտը:
Նա շեշտեց, որ երկրի ապագայի կերտման հարցում հույսը դնում է երիտասարդների վրա. «Ես նրանց համարում եմ իմ հենարանը, նրանց կյանքս էլ կվստահեմ: Մեծ սիրով եմ լցված մեր խելացի, հավասարակշռված, սիրուն երիտասարդների հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ»:
Հարցին, թե ըստ իրեն՝ Սերժ Սարգսյանը սպասո՞ւմ էր իրադարձությունների նման ընթացքի, Շպռոտը պատասխանեց. «Երեւի ինքն էլ չէր սպասում, որ այսպես կլինի, բայց իրականությունից չես կարող փախչել: Ցուցարարների քանակը շատ արագ է աճում: Այն մարդիկ, որոնք հավես չունեին տանից դուրս գալու, հիմա հասկացան, որ յուրաքանչյուրիս վրա դրված է պատասխանատվություն՝ արձագանքելու պայքարին եւ ֆիզիկապես ներկա լինելու դրան»:
Հիշեցնենք, որ «Մերժիր Սերժին» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք հայտնիներ՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Հասմիկ Պապյանը, Ռուբեն Հախվերդյանը, Սերգեյ Դանիելյանը, Իվետա Մուկուչյանը, Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Զառա Սահակյանը, Գիսանե Պալյանը եւ այլք:
Աննա Բաբաջանյան