Դե որ հրաժարական է տալիս, հենա տանը նստած հրաժարական կտա էլի. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիների` չդադարող հավաքների, Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի բանակցությունների եւ այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարոն Շարմազանով, քաղաքացիները շարունակում են պայքարել, բայց իշխանությունը չի նահանջում: Ի՞նչ կարող է լինել սրա արդյունքում:

-Գիտեք ինչ, այս իրավիճակում հաղթող չի լինելու. պարտվելու ենք բոլորս, բոլորիս պարտությունն է լինելու:

-Եթե ի՞նչ լինի:

-Եթե չկարողանանք երկխոսել: Ես լսել եմ Էդմոն Մարուքյանին էլ, Արամ Սարգսյանին էլ, այդ մարդիկ հո իշխանություն չեն, քննադատում են, բայց մարդիկ ասացին, որ ճանապարհը երկխոսելն է:

-Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախապես հրապարակում հայտարարել էր, որ կգնա Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու` միայն նրա հրաժարականի ժամկետները եւ դրանից բխող այլ հարցեր քննարկելու:

-Նախագահի խոսնակ Հասմիկ Պետրոսյանն այլ ինֆորմացիա է ասում, որ Փաշինյանի ասածը նախագահի հետ հանդիպմանն այլ է եղել: Ես այնտեղ չեմ եղել բանակցությունների, չգիտեմ: Համենայնդեպս, ով ինչ էլ ասել էր, բանակցություններն ուլտիմատումով չեն սկսում: Մենք ունեինք , Աստված տա` էլի ունենանք, բացառիկ շանս` խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով: Եվ պետք է ամեն ինչ անել, ով ինչ կարող է` պետք է անի, որ խնդիրը լուծվի երկխոսության ճանապարհով:

-Իշխանությունը նորից պատրա՞ստ է երկխոսել:

-Ինչ էլ ուզում է լինի` չեն կարող լինել հաղթողներ, եթե այսպես է լինելու: Հրապարակում կանգնածն էլ է իմ երեխան, իմ եղբայրը, ինչ տարբերություն: Կներեք, ոչ ձեւական, ոչ էլ պաթոսային խոսք է սա: Համոզված եմ, որ հրապարակում կանգնածների համար կարող է, միգուցե հետաքրքիր էլ չէ իմ կարծիքը, բայց ես որպես հայ մարդ` այդ կոչն եմ անում Ձեզ. սթափվելու, համերաշխության եւ խնդիրները քննարկելու: Ի վերջո, ում դուրը կգա, ումը` չի գա, փաստը սա է`եղել են ընտրություններ, ընտրությունների արդյունքում ձեւավորվել է օրինական իշխանություն եւ օրինական ընդդիմություն: Եթե ընդդիմությանը չի բավարարում իր հնարավորություները, վարվող քաղաքականությունը, կարող են առաջարկներ անել, կարող են քննարկումներ ծավալել:

-Բայց եթե գլխավոր հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականն է…

-Եթե այնտեղ կանգնած մարդիկ գտնում են, որ չպետք է լինի, մարդիկ էլ կան, որ գտնում են` պիտի լինի:

-Ամբողջ հրապարակը հիմա լեփ-լեցուն է…

-Եվ ի՞նչ…

-Այսքան մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում, ցանկանում են, որպեսզի Սարգսյանն այլեւս չպաշտոնավարի: Ցույցեր են նաեւ այլ երկրներում` այնտեղ ապրող հայության կողմից: Հիմա եթե դա չկատարվի, այսինքն, անտեսվում է մի ամբողջ ժողովրդի պահանջը:

-Դա էմոցիոնալ հայտարարություն է` ամբողջ ժողովրդի: Եթե այդպես լինի, ընտրություններն ինչի համար են: Կարող է ամեն տարի մենք ընտրություն անենք եւ հետո մի ժամանակ գա, որ ժողովրդի մի զանգված հավաքվի հրապարակում ու ասի` գնա: Իշխանությունն ով է ձեւավորել, կարող է` ես եմ ձեւավորել: Ժողովուրդն է ձեւավորել, ոչ թե` Սերժ Սարգսյանը կամ Էդուարդ Շարմազանովը: Ընտրությունները բոլորն ընդունել են`ընդհուպ մինչեւ Նիկոլ Փաշինյանը:

-Բայց վարչապետին խորհրդարանն է ընտրել, ոչ թե` ժողովուրդը:

-Այո, խորհրդարանն է ընտրել:

-Իսկ եթե ժողովուրդը չի ուզում:

-Ժողովրդի մի մասը չի ուզում, մի մասն` ուզում է: Քաղաքական ուժերն ինչի համար են: Ես ասել եմ` մեծ հարգանք ունենալով ցուցարարների նկատմամբ, բոլոր երկրներում էլ կան չէ միտինգներ, հակառակ դեպքում իշխանության մարմինները, պառլամենտն ինչի համար են, որ ով փողոցում հավաքվեց, մեծ զանգված`այդպես էլ որոշեցինք:

-Հիմա արդեն բռնի գործողություններ են ոստիկանների կողմից կատարվում` ցուցարարների նկատմամբ: Իշխանությունը կրակելու է ժողովրդի վրա:

-Ես կրակելու անուն չեմ ուզում լսել, ես չեմ ուզում լսել իրար հայհոյելու անուն: Ես գտնում եմ` քաղաքական սթափությունը պիտի հաղթի: Համոզված եմ` էմոցիոնալ գնահատականներից պետք է վեր կանգնել: Մենք այնքան պրոբլեմ ունենք, ինձ ամենից շատ հետաքրքրում է այն, որ մենք այս փորձությունից դուրս գանք մինիմալ վնասներով կամ եթե հնարավոր է` առանց վնասների: Եվ պետք է գնահատել իշխանությունների` երկխոսության գնալու պատրաստակամությունը: Ես չեմ հիշում 1990 թվականից այս կողմ` եղել է մի դեպք, երբ պետության վարչապետը կամ նախագահը մտնեն ցուցարարների մեջ եւ հանդիպեն, ասեն` պատրաստ ենք երկխոսելու:

-Բայց ինչո՞ւ մինչեւ վերջ չբանակցեց Ս. Սարգսյանը եւ հեռացավ:

-Կներեք, դա էլ ենք մենք մեղավոր: Մարդն ասել էր` ուղիղ եթեր, ուղիղ եթեր եղավ: Պարոն վարչապետն ասաց. «Ուրախ եմ երկխոսելու», Փաշինյանն ասաց. «Ես երկխոսության չեմ եկել: Մենք մի բանի շուրջ պետք է խոսենք. քո հրաժարականի»: Դե որ հրաժարական է տալիս, էլ ինչու է գալիս. հենա տանը նստած հրաժարական կտա էլի: Խաբարն էլ կուղարկեր իրենց, էլի: Մարդն ասում է` ես դրական եմ ընդունում, որ երկխոսություն է, իսկ Փաշինյանը ասում է` ես չեմ ընդունում, վեր կաց, գնա տուն: Այդպես հարցեր չեն լուծում, սա պետություն է:

-Քանի որ երեք պատգամավորի բերման են ենթարկել, օրենքի համաձայն` հնարավոր է խորհրդարանում նիստ անցկացվի` քվեարկելու համար նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը:

-Իմ սկզբունքը հետեւյալն է. ամեն ինչ պետք է լինի օրենքին համապատասխան, քաղաքական մշակույթին համապատասխան: Երբ նման խնդիր կլինի` գլխավոր դատախազը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, այդ ժամանակ կքննարկենք: Հիմա դեռ վաղ է դրա մասին խոսելու, քանի որ Ազգային ժողովը նման բան չի ստացել:

-Դուք այդ դեպքում ինչպե՞ս կքվեարկեք:

-Ժամանակը կգա, կխոսենք:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս