Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 106-րդ տարելիցը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր:
Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է միայն 2 տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը(24) համազգային սգո օր սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պատրիարքարանի օրացույցում:
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելում է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։