ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) արձագանքել են Երևանում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

«Մենք ողջունում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ որոշումը՝ հրաժարվելու պաշտոնից երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով: Հուսով ենք, որ այս ամենը կհանգեցնի նոր և կառուցողական երկխոսության երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև՝ նպատակ ունենալով գտնել տիրող իրավիճակի վերաբերյալ տևական լուծում՝ համաձայն սահմանադրական համապատասխան դրույթների»,- ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները պետք է ազատ արձակվեն, պետք է լիակատար հարգանք ցուցաբերվի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Համազեկուցողները մտահոգություն են հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումների առնչությամբ՝ այն մասին, որ համացանցում ավելացել է անհատների դեմ ատելության խոսքն ու անգամ բռնության կոչերը՝ հորդորելով հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Ջուզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան նշել են, որ շարունակելու են հետևել Երևանում տեղի ունեցող զարգացումներին:




Լրահոս