Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը փակուղի են մտել. հրահա՞նգ է իջեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին հատկապես Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից դուրս չեն հանում, արդյունքում՝ չի կայանում նաեւ դատական նիստը: Մեր աղբյուրները որպես պատճառ երկու հանգամանք են նշում:

Ապրիլի 12-ից Երեւան քաղաքում մեկնարկել են բողոքի ցույցեր եւ հանրահավաքներ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ու հիմա, ըստ մեզ հասած տեղեկությունների, ապրիլի 12-ից հրահանգվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից կալանավորներին դուրս չհանել ո՛չ քննչական գործողությունների մասնակցելու եւ ո՛չ էլ դատարան տեղափոխելու համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլեւ անգամ ամենահասարակ գողության դեպքում ամբաստանյալներին ՔԿՀ-ներից դատարան չեն տեղափոխում: Այդ մասին չեն տեղեկացնում փաստաբաններին, եւ շատերն այս օրերին հասնելով դատարան` փաստի առաջ են կանգնում՝ տեղեկանալով, որ նիստերը չեն լինելու:
Մեզ հասած տեղեկություններով` պատճառներից մեկ այն է, որ այս օրերին պարզապես չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ. նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր` ցուցարարներին հետեւելու, հարկ եղած դեպքում բերման ենթարկելու համար: Ասել է, թե ոստիկաններն այս օրերին ծանրաբեռնված են:

Մյուս կողմից` իշխանությունները վախենում են ՔԿՀ-ից դուրս հանել հատկապես աղմկահարույց գործերով կալանավորներին՝ խուսափելով ճանապարհին հնարավոր վտանգներից, անցանկալի իրադարձություններից: Ի վերջո, չի բացառվում, որ հանկարծ ցուցարարների որեւէ խումբ որոշի շրջափակել այդ մեքենաներն ու կալանավորներին դուրս բերել, եւ որպեսզի ոստիկաններն էլ ստիված չլինեն դիմադրելու, միգուցե զենք օգտագործելու, որոշվել է հարցն այսպես լուծել:
Ու հիմա մեկ շաբաթ է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների նստավայրերում կոնկրետ քրեական գործերով նիստերը չեն կայանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հետ` հասկանալու համար, թե ինչ հրահանգ է տրվել նրանց, ինչու կալանավորներին թույլ չեն տալիս տեղախոխել դատարաններ կամ, առհասարակ, մասնակցել քննչական գործողություններին:

-Պարո՛ն Նավասարդյան, ինչո՞ւ կալանավորներին թույլ չեք տալիս դուրս հանել ՔԿՀ-ներից: Ինչպես հայտնի է` «Արմավիր» ՔԿՀ-ում մի շարք աղմկահարույց գործերով կալանավորներ կան: Ի՞նչ հրահանգ եք ստացել:

-Նման բան չկա, տանելունը տանում են, բերելունը բերում են:

-Ձեր ղեկավարությամբ գործող ՔԿՀ-ում են գտնվում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով մեղադրյալները: Այս շաբաթ պետք է տեղի ունենար դատական նիստ, սակայն նիստը չի կայացել, քանի որ կալանավորներին ՔԿՀ-ից չեն թողել դուրս հանել:

-Մենք մեր բնականոն գործն ենք անում: Մենք չունենք գրություն, որը չկատարենք: Հիմա ես չգիտեմ` դատական նի՞ստն են տեղափոխել, ի՞նչ են արել, մենք այդ ամենից տեղեկություն չունենք: Երբ գալիս են` ՔԿՀ-ից կալանավոր տանելու, ասում են` տանում ենք: Օրինակ` այսօր Վայոց ձոր են տարել:

-Խոսքը Երեւան քաղաքի մասին է: Հիմա կոնկրետ օրենքով սահմանված կարգով Ձեզ գրություն պետք է ներկայացնեն, որից հետո թույլ տաք` կալանավորը դուրս գա:

-Առանց գրության չի կարող լինել, մեկ կիլոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի, գա, վերցնի, տանի, մարդ են տանում, մարդ են բերում: Գրությունը ներկայացնում են, որից հետո մենք օրենքով մեր քայլն ենք անում: Չգիտեմ` դատարանը կամ քննիչը գրություն է գրում, որ այսինչ օրը, այսինչ ժամին տեղափոխեն, գալիս են, տանում են, եթե գրություն չկա, ես ինչ իմանամ` վարույթ իրականացնող մարմինը ի՞նչ պետք է անի, կամ դատարանը: Ես ասացի այն, ինչ կա, իսկ թե որտեղ իրավիճակի մասով ինչ է կատարվում, չգիտեմ:

-Այսինքն` Ձեզ հրահանգ չեն տվել:

-Ոչ մի հրահանգ չի եղել, նման բան չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս