Ինչպե՞ս է Գորիսի 26-ամյա քաղաքապետն ահռելի ունեցվածք կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անգամ չի ներկայացրել կնոջ եւ ընտանիքի մյուս անդամների հայտարարագրերը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկացավ, որ ունի մեկ բնակարան, արտադրական նշանակության մեկ շինություն եւ VOLKSWAGEN PHAETON 4.2 եւ BMW X6 5.0 I մակնիշի ավտոմեքենաներ:

Գորիսի քաղաքապետը հայտարարագրել է նաեւ հանձնած փոխառությունները, որը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ 26-ամյա քաղաքապետի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար եւ 122 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելիս նրա աշխատավարձը կազմել է 1 մլն 520 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2008 թվականին հիմնադրել է «Գոր Մետալ» ընկերությունը եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքապետի հայրը` Գագիկ Առուշանյանը եւս գործարար է, ում պատկանում է շինանյութերի վաճառքով զբաղվող «Առանցք» ՍՊԸ-ն: Փաստորեն Առուշանյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, բայց հիմա փորձում է թաքցնել իր ունեցվածքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ու հասարակությունից: Սա, թերեւս, պատահական չէ. այս տարվանից քրեականացվել է ապօրինի հարստացումը, եւ հիմա պետք է պարզել, թե Առուշանյանն ինչպե՞ս է ավելացնում իր միջոցները:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը անցած տարվա նոյեմբերի 5-ին ընտրվեց քաղաքապետ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս