Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան հուսով է, որ Թուրքիան մի օր կընդունի պատմական փաստը: Դեսպանն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

«Օրը կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ ողջ մարդկության համար, որովհետեւ մենք բոլորս պետք է հիշենք հայ ազգի ողբերգությունը: Միգուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց ես ուրախ եմ, որ իմ երկիրը նախորդ տարի ճանաչեց Ցեղասպանությունը: Մենք այն երկրների շարքում ենք, որոնք հայ ազգի հետ սգում են այս օրը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը 2017թ. ապրիլի 25-ին կայացած նիստում ձայների 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ (96-ը չի քվեարկել) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով։




Լրահոս