Այն, որ մեր երկրում արմատական փոփոխությունների կարիք կա, որեւէ մեկը, նույնիսկ Սերժ Սարգսյանը, երբեք չի հերքել: Բայց միաժամանակ ոչինչ չէր արվում այդ ուղղությամբ՝ բացի սին խոստումներից: Ու հենց սուտը կործանեց ՀՀԿ ղեկավարի իշխանությունը՝ մեծամասնությունից վերածելով ծիծաղելի փոքրամասնության:
Կարենի դեմքով Սերժը
Նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում 10 հազար դրամով գնելով ՀՀ քաղաքացու քվեն` Կարեն Կարապետյանի դեմքով ու ժիլետով ընտրություն կազմակերպվեց եւ հաղթանակ կերտվեց: Տարբեր եղանակներով ոչնչացնելով ընդդիմադիր գործիչներին (ոմանց գնելով, ոմանց ճնշելով ու բանտարկելով)` քաղաքական դաշտը Հայաստանում պարզապես փոշիացրեց ՀՀԿ-ն: Եւ այդ փաստից նրանք այնքան էին «հարբել», թուլացել, ստեղծել էին մի երկիր, որտեղ իշխում էր ծուռ հայելիների թագավորությունը:
Որպես ընդդիմադիր «շիրմա» ԲՀԿ-ն էր պահվում, պետական ապարատի գործունեության մոտիվացիան միայն սուտն էր: Փոքրաթիվ «Ելք» խմբակցությանը պարզապես լուրջ չէին վերաբերվում, մանավանդ որոշ գործիչների ընդդիմադիր կերպարի հարցում վերապահումներ կային:
ՀՀԿ-ն այնքան էր կտրվել իրականությունից, որ չէր պատկերացնում՝ մի օր պատասխան է տալու բանակի անվան տակ տարիներ շարունակ լափված գումարների համար, ինչը բացահայտվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ զինվորները բահով էին մարտնչում տանկերի դեմ… Չէր սպասում, որ պատասխան է տալու Սերժ Սարգսյանի ստերի համար, երբ հայտարարեց` վարչապետ չի դառնա, բայց դարձավ: Ու հենց այդ առիթով հրավիրված ԱԺ նիստի ժամանակ ՀՀԿ-ականների քծնանքը, ստով ողողված հայտարությունները, մատ թափ տալու պահվածքը վերջնականապես հունից հանեցին հասարակությանը:
Սուտը որպես կենսակերպ
Եւ փոխանակ այս մասին ՀՀԿ ներսում քննարկելու, ելքեր գտնելու փորձեր արվեին, տարիներ շարունակ Սերժ Սարգսյանին ուժային եւ ոչ ուժային խողովակներով սխալ իրավիճակ էր զեկուցվում, թե ամեն ինչ վերահսկելի է, որեւէ խնդիր չկա երկրում, ընդամենը կան փոքրաթիվ դժգոհողներ, որոնք կան բոլոր, անգամ` զարգացած երկրներում: Դրա համար էլ, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ակցիաները սկսեցին զանգվածային դառնալ, ՀՀԿ-ականները անհետացան դաշտից՝ ծանր կացության մեջ միայնակ թողնելով իրենց առաջնորդին: Նույնիսկ արդեն ճամբարափոխ լինելու մասին էին մտածում:
Իսկ ինչպե՞ս հաջողվեց երիտասարդներին հաղթանակ տոնել. նախ`
որովհետեւ իրապես ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության համբերության բաժակը բերնեբերան լցվել էր,
որովհետեւ երիտասարդությունն էր փողոց դուրս եկել՝ չնահանջելու համառ պատրաստակամությամբ,
որովհետեւ երիտասարդությունը ազնիվ էր պայքարում՝ արդարություն հաստատելու հույսով,
որովհետեւ երիտասարդները համարձակ ու գիտակցված էին գործում եւ ամենակարեւորը՝
որովհետեւ ընդդիմության լիդերները համարձակ էին մինչ այժմ եղած բոլոր լիդերներից, չկաշկանդվեցին իրենց քայլերում եւ չտրվեցին մտավախություններին (Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան)
Սերժ Սարգսյանը միայնակ էր
Հաղթանակը եղավ, քանի որ Սերժ Սարգսյանը միայնակ էր. զանգվածային հանրահավաքների ու երթերի օրերին, երբ պարալիզացվել էր ողջ երկիրը: Նրա թիմակիցները անգամ չէին համարձակվում խոսել այդ թեմայով. չէր ընդունում, չէր լսում ոչ մեկի: Միայն հատուկենտ մարդիկ` Սամվել եւ Կարեն Կարապետյանները, Բակո Սահակյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանը հնարավորություն ունեին տեսնելու կամ խոսելու Սարգսյանի հետ եւ համարձակություն ունեցան իրավիճակի լրջությունը բացատրել՝ իրենք էլ չիմանալով, թե որն է ճիշտ ելքը: Դրա համար էլ վերջին բանակցությունից 2 ժամ հետո նա անսպասելի հրաժարական տվեց այնպիսի տեքստով, որն ուղղված էր ընդդիմության լիդերին՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» խոստովանությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմը իրեն միայնակ թողեց, ինքն էլ որոշեց թիմին թողնել բախտի քմահաճույքին՝ իր հանկարծակի որոշմամբ:
Արդյունքում` ունենք մի իրավիճակ, որ իրապես առանց դրսի ուժերի ազդեցության, առանց «դաբրոների», առանց մի ճյուղ ու ապակի կոտրելու Հայաստանում տեղի ունեցավ բաց ձեռքերի հեղափոխություն: Երիտասարդները հաղթեցին իրենց ավագների սերնդին, որոնք ծախվել էին 10 հազար դրամներով: Ու նկատենք, որ հետխորհրդային երկրներից առաջինն է Հայաստանը, որտեղ անցնցում իշխանափոխություն եղավ, եւ գերտերությունները հեշտությամբ «հանձնեցին» Սերժ Սարգսյանին: Ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Եվրոպան կարծես սպասում էին հարմար առիթի՝ իրենց մշտապես մոլորեցրած Սերժ Սարգսյանից ազատվելու համար: Համենայն դեպս, գերտերություններից որեւէ մեկը չփորձեց պաշտպանել նրան, չփորձեց ժողովրդի կողմից մերժված ղեկավարին ժողովրդի կամքին հակառակ պահելու համար միմյանց հետ հարաբերություններ փչացնել, մինչեւ հիմա եղած խնդիրներին եւս մեկ նոր պրոբլեմ` թեժ կետ ստեղծել: Եւ ամեն ինչ տեղի ունեցավ նրանց կոնսենսուսի արդյունքում:
Ինտերնետը՝ մոբիլիզացրեց, ոգեւորեց
Բայց այս շարժման մեջ կարեւորագույն դերակատարություն ունեցան ժամանակակից տեխնոլոգիաները եւ լրագրողները: Կարելի է ասել՝ լրագրողների թավշյա հեղափոխություն էր. նախ Նիկոլն ինքը լրագրող է եղել եւ գիտեր ինֆորմացիայի հետ աշխատելու ձեւերը, չկրկնեց քաղաքական լիդերների անցյալի սխալները, որոնք անձամբ է քննադատել, բացի այդ, ի հեճուկս հայաստանյան տասնյակ հեռուստաընկերությունների լռության` առցանց դաշտում աշխատող լրագրողները օրուգիշեր լուսաբանում էին երկրում տեղի ունեցող զարգացումները, բացահայտում սադրանքները, եւ բացի այդ` ամեն քաղաքացի լրագրող էր դարձել՝ հեռախոսներով տեսանկարահանելով իրենց ու իրենց շրջապատում տեղի ունեցածը:
3 ելք կար
Եւ Սերժ Սարգսյանը իրավիճակից դուրս գալու 3 ելք ուներ. կա՛մ գնար արյունահեղության՝ դարձյալ խեղդելով դժգոհությունը, կա՛մ գներ ընդդիմության լիդերներին, որոնք կամաց-կամաց կմաշեցնեին թափ հավաքող հանրահավաքային ու գործադուլային ալիքը, ինչպես եղել է նախկինում, կա՛մ էլ պետք է խաղաղ հեռանար: Ընտրվեց վերջինը՝ ի պատիվ իրեն: Եւ նա գնաց մենակ:
Հրաժարականի լուրը իրական տոնախմբության էր վերածվել: Եւ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության ծիծաղին ու ժպիտին հենց մի մարդ էր խանգարում: Սերժ Սարգսյանի ասած գաղջ մթնոլորտը իրապես ցրված է: Հայ ժողովուրդն արդեն ինքն իրեն հավատալու փաստարկված առիթ ունի: Կսխալվի՞ Նիկոլ Փաշինյանի թիմը, նրան էլ կփոխեն նույն զանգվածային ալիքով: Սա Հայաստանն է եւ վերջ:
Թագուհի Թովմասյան