ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՄՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության` 2017թ. տարեկան հաշվետվությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մշտապես փորձում է համոզել, թե մարտի 1-ի քրեական գործն իր առաջնահերթություններից մեկն է, սակայն հաշվետվության մեջ որեւէ տող չկար այդ մասին: Ասել է, թե նախորդ տարվա ողջ ընթացքում ո՛չ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, ո՛չ էլ դատախազությունն այս թեմայի շուրջ որեւէ գործողություններ չեն ծավալել, այլապես նրանք վառ գույներով ներկայացրած կլինեին կատարած աշխատանքները:

Փոխարենը դատախազությունը փորձել է տպավորություն թողնել, թե անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ:
Դատախազության հաշվետվությունից տեղեկանում ենք, որ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերն ավելացել են: Մասնավորապես 2017 թվականի ընթացքում այդպիսի 163 դեպք է արձանագրվել, որը 92 դեպքով գերազանցում է 2016 թվականի տվյալը (71 դեպք): Ընդ որում, վերջին 10 տարիներին, որպես կանոն, նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ՝ 2007 թվական՝ 7, 2017թ.՝ 163: 2017 թվականի ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով դատի է տրվել 43 պաշտոնատար անձ՝ 17-ով կամ 65 տոկոսով ավելի, քան 2016 թվականին (26 անձ): Ընդ որում, 2017 թվականին աճել են նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու դեպքերը: 2017 թվականի ընթացքում արձանագրվել է այս բնույթի 150 դեպք՝ 14-ով կամ կամ 10 տոկոսով ավելի, քան 2016 թվականին:
Ըստ այդ հաշվետվության` հատուկ քննչական ծառայության եւ ԱԱԾ քննչական վարչությունում 2017 թվականին քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից 45 անձ եղել են ոստիկանության աշխատակիցներ, ՊԵԿ պաշտոնյաներ՝ 10 անձ, 1 դատարանի նախագահ եւ երկու դատարանի դատավոր:
Մեկ այլ ուշագրավ փաստ եւս. «Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում»,- 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Նա նկատել էր, թե հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում, եւ դա պարզ տեսանելի է թվային պատկերից: Եվ, իսկապես, հետախուզության վերաբերյալ ներկայացված պաշտոնական թվերը հուսադրող չեն:
ՀՀ գլխավոր դատախազությունը խորհրդարան է ուղարկել 2017 թվականի գործունեության հաշվետվությունը, որում էլ հենց ներկայացված են թվային տվյալներ նաեւ հետախուզության վերաբերյալ: Եվ այսպես` 2017 թվականին հետախուզվել է 15.259 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել է 1834-ը կամ 12 տոկոսը: Ընդ որում, 2016 թվականի համեմատությամբ` 2017 թվականին հետախուզվողների թիվն ավելացել է 906-ով կամ 6.3 տոկոսով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է գտնվել 13.425 մեղադրյալ: Ընդ որում, նրանցից 11.170-ը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի, (Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը), իսկ 2555-ը՝ այլ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
Իսկ դատախազությունն էլ բավականին հետաքրքիր կերպով է փորձում արդարացնել հետախուզվողների թվի ավելացումը: Մասնավորապես նրանք նշում են, թե 2017 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքներով վեր է հանվել 112 այնպիսի դեպք, երբ անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացված չլինելու պայմաններում փաստացի հետախուզում չի իրականացվել: Դրանցից 109-ով վարույթները վերսկսվել են, եւ 36-ով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Դատախազության հաշվետվության մեջ անդրադարձ կա նաեւ 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին: Եվ ներկայացված թվերից իսկապես կարող ենք արձանագրել, որ խախտումների վերաբերյալ ներկայացված հաղորդումների ուսումնասիրությունն իսկապես ձեւական բնույթ է կրել, քանի որ դրանց մեծ մասին այդպես էլ ընթացք չի տրվել: Մասնավորապես տեղեկանում ենք` 855 հաղորդումից 835-ով քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել, 6-ով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, 12 քրեական գործ ուղարկվել է դատարան, որից 10-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից 8-ով որպես պատիժ նշանակվել է որոշակի ժամկետով ազատազրկում, իսկ երկու քրեական գործով դատաքննությունը դեռ շարունակվում է: Իսկ, ահա, Երեւանի ավագանու ընտրությունների առումով էլ դատախազությունը 124 հաղորդում է ստացել, որից 106-ը հերքվել են, եւ քրեական գործեր չեն հարուցվել: Այլ բան չէինք էլ սպասում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր. երկուշաբթի օրը նոր նախագահի երդմնակալությունից հետո գործադիրը հրաժարական կտա: Եվ չնայած վարչապետը կառավարության անդամներին «աչքալուսանք» տվեց, թե շատ չուրախանան՝ միասին աշխատելու են, սակայն նկատենք, որ երեկ շատերի մոտ անորոշության եւ ճամպրուկային տրամադրություն էր, խոսքը ոչ միայն նախարար-փոխնախարարների, այլեւ կառավարության աշխատակազմի մի շարք աշխատակիցների մասին էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանցից շատերն արդեն տեսել են իրենց գլխի ճարն ու նոր աշխատանք գտել: Ըստ ամենայնի, հենց Կարեն Կարապետյանն է նշանակվելու առաջին փոխվարչապետ եւ մնալու է այդ շենքում, բնականաբար, չի ունենա այնպիսի աշխատակազմ, ինչպիսին այժմ է: Բացի այդ էլ վարչապետ նշանակվելով` Սերժ Սարգսյանն իր կադրերին իր հետ «կբերի»: Պատահական չէ, որ երեկ նա միանգամից իր երեք խորհրդականներին էր աշխատանքից ազատել՝ իհարկե, հետագայում նրանց արդեն իր աշխատակազմում ներառելու հեռանկարով:

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈԼ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այսպես` նա անցած տարում գնել է երկու բնակարան` մեկը 124.3 մլն, մյուսը 90.7 մլն դրամով, երեք ավտոտնակ` յուրաքանչյուրը 3 մլն դրամով: Միաժամանակ մարզպետը 52 մլն դրամով վաճառել է հողամաս: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի Արաբական Միացյալ Էմիրությունների 10 հազար դիրհամի չափով արժեթուղթ: Անցած տարեսկզբին նա ունեցել է 147 մլն 406 հազար դրամի փոխառություն, իսկ տարեվերջին` 500 հազար դոլար: Մարզպետի դրամական միջոցները անցած տարում կազմել են 24 մլն 150 հազար դրամ, 400 հազար 800 դոլար եւ 106 հազար 100 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 500 հազար դրամ, 222 մլն դրամի չափով վարկերը եւ մեկ ընկերությունից ստացած 636 հազար 800 դոլարի չափով շահաբաժինը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզպետի պաշտոնը ստանձնելու տարում 275 հազար 874 եվրոյով բնակարան է գնել Իսպանիայում: Նշենք, որ անցած տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը, որը անդրադառնալու է 2017 թվականի տարեկան հայտարարագրերի վրա: Հետաքրքիր է` Վահե Հակոբյանը կհայտնվի՞ թիրախում, թե՞ ոչ. նա պետք է ապացուցի, որ ոչ թե ապօրինի կերպով է հարստացել, այլ օրինական ճանապարհով, մի բան, որը խիստ դժվար է լինելու երիտասարդ ՀՀԿ-ականի դեպքում:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԻ ԼԻՆԻ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ առկա ստատուս քվոն երբեք ընդունելի չի լինի: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չկարգավորված հակամարտությունը հանդիսանում է անվտանգության եւ տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտը»,-ասել է նա: Մամեդյարովը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում առկա ստատուս քվոն երբեք ընդունելի չի լինի:

 

 

ԳԼՈՒԽ Է ԽՈՆԱՐՀԵԼ
Երեկ Վատիկանում բացվել է հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը: Բացումը նշանավորվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու արձանի օծմամբ: Օծման արարողությանը ներկա էին Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր: Արձանի օծման արարողություններից հետո Առ Աստված աղոթք են հղել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիսավոր արարողության ավարտին գլուխ է խոնարհել արձանի առաջ:

 

 

ԱԶԱՏԵԼ Է
Սերժ Սարգսյանը հրամանագրերով աշխատանքից ազատել է իր երեք խորհրդականներին: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի` 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված, Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատել է Գագիկ Գեւորգյանին, Մաթեւոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին եւ Ֆելիքս Փիրումյանին»:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՄԻՆՍԿ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ: Նա կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:




Լրահոս