ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱՎՈՐԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշաք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի շուրջ դատական պրոցեսները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորի դեմ գումարի պահանջով նոր հայցեր են ներկայացվել դատարան:

Ինչպես հայտնի է` Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին` ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն` Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:
Նշենք, որ այս գործով դատաքննությունը արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է, եւ օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը գործով դատաքննությունն ավարտեց, եւ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը թեւակոխել է դատական վիճաբանությունների փուլ: Ու մինչ դատարանը նոր փուլ է թեւակոխում, Իշխան Բարսեղյանի դեմ նոր հայցեր են ներկայացվում դատարան:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Վահան Եղիազարյանը հայց է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ դատավոր Իշխան Բարսեղյանից պահանջում է 12 միլիոն 450 հազար դրամ: Այս գործով քննությունը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում է:
2016 թվականին Ռաֆիկ Գեւորգյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Իշխան Բարսեղյանից պահանջում է մեկ միլիոն 220 հազար դրամ: Ի դեպ, այս գործը նախագահող դատավոր Սերոբ Մանուկյանը կայացրել է վճիռ, որով Իշխան Բարսեղյանը պետք է Ռաֆիկ Գեւորգյանին վճարի մեկ միլիոն երկու հարյուր քսան հազար դրամ` որպես փոխառությամբ ստացած գումար:
2017 թվականի մայիսի 15-ին բանկերից մեկը դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Իշխան Բարսեղյանից պահանջում էր 625 հազար 932 դրամ: Այս գործը քննել է կրկին դատավոր Սերոբ Մանուկյանը եւ բավարարել է բանկի հայցը, որ Իշխան Բարսեղյանից, հօգուտ բանկի, բռնագանձվի 625 հազար 932 դրամ:
2017 թվականի նոյեմբերի 11-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է կրկին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը, 2018 թվականի մարտի 6-ին կայացրել է վճիռ, բանկի հայցը բավարել է մասնակի եւ որոշել է Իշխան Բարսեղյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 8 միլիոն 218 հազար 991,30 դրամ:
Սակայն նկատենք, որ բանկերից բացի` նախկին դատավորի դեմ դատարան հայցեր են ներկայացրել եւ գումար են պահանջում հասարակ քաղաքացիները: Տեղեկացանք, որ 2018 թվականի մարտի 30-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին դատավորի հայց է ներկայացրել Չուբար Մանուկյանը եւ պահանջում է, որ դատարանը Իշխան Բարսեղյանից գանձի 33 հազար ԱՄՆ դոլար: Այս գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբիրելյանին:
Ապրիլի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Սուսաննա Ղազարյանը եւ պահանջում է, որ դատարանը Իշխան Բարսեղյանից գանձի 2000 ԱՄՆ դոլար: Այդ գործը քննելու է դատավոր Էդուարդ Ամալյանը:
Դատելով իրավիճակից` նախկինում դատավորի հետ ֆինանսական հարցեր ունեցող անձինք դատարանի միջոցով են ցանկանում հետ բերել իրենց գումարները: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանին: «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքացիական հայցերով չեմ զբաղվում եւ ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»,- ասաց նա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Աժ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի դեմ դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բանկերից մեկը մարտի 30-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանից պահանջում է մոտ 18 հազար ԱՄՆ դոլար: Ի դեպ, նկատենք, որ դատարանում պատասխանող է հանդես գալիս նաեւ «Հայկ Արշին» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Արագած Ախոյանի որդին` Հայկ Ախոյանը: Ինչով կավարտվի դատարանի եւ նախկին դատավորի միջեւ դատական քաշքշուկը, դժվար է ասել, մինչ այդ, հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ, որ նախկին պատգամավորները հայտնվում են դատարանում:

 

 

ՎԿԱՅԻՆ ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գեւորգ Բրուտյանի գործով վկաներից այդպես էլ չեն ներկայանում դատարան: Հիշեցնենք, որ 2016թ. ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան` Հրանտ Կարապետյանը, որը Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարն էր, ազատվել էր պաշտոնից:
Ավելի ուշ մամուլը գրեց, որ նա տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այս աղմկահարույց բացահայտումից հետո կալանավորվեց Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գեւորգ Բրուտյանը, իսկ ահա Կարապետյանը ջրից չոր դուրս եկավ:
Ավելին` մարտի 14-ին եղել է այս գործով դատական նիստը, սակայն վկա Նարինե Գրիգորյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է: Տեղեկացանք, որ վկային բերման ենթարկելու որոշում է կայացվել: Չի բացառվում, որ վկաները, եթե ներկայանան դատարան, միգուցե եւ տան Շահգալդյանի փեսայի ու էլի շատերի անունները: Ինչեւէ, օրերս այս գործով հերթական դատական նիստն է կայացել, այլ վկաներ են բերել դատարան, սակայն վկա Նարինե Գրիգորյանին դեռեւս բերման չեն ենթարկել դատարան:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ Վերնիսաժում վիճաբանություն է տեղի ունեցել: Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից պոլիտրավմա ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել եւս 4 երիտասարդի: Պարզվել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Միքայելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով արդարադատության խորհրդի` 2018 թվականի ապրիլի 3-ի ԱԽ-9-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Ստեփան Միքայելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի` 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»,-ասված է հրամանագրում:

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ
ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 4-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: «Արաբկիր» ԲԿ-ից տեղեկացրել են, որ Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից տրախտիաստմա ախտորոշմամբ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի: Մահացածը 9 ամսական Արեւիկ Մ.-ն է: Պարզվել է, որ նույն օրը նրա մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետեւանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաեւ սրտի կանգ: Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ԿՈՉԸ
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատող Անահիտ Մանուկյանը երեկ կառավարության շենքի դիմաց այսպիսի կոչ է արել. «Դիմում ենք բոլորին` ընկերություններ, կազմակերպություններ, անհատներ, որոնք չեն ելնում իրենց քաղաքական նեղ շահերից, այլ մտածում են Հայաստանի տնտեսության, արտադրության զարգացման համար, միացեք մեզ, փրկենք «Նաիրիտը»»: Ա. Մանուկյանը նշել է, որ իրենք բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, վարչապետին` խնդրելով թույլ տալ գործարանով հետաքրքրվող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին իրավունք ստանալ իր միջոցների հաշվին աուդիտ անցկացնել: Նա նշել է, թե գործարանի արտադրական բլոկով իրենք են աշխատել եւ իրենց ունեցած տեղեկություններով` թեեւ շատ սարքավորումներ եւ գույք է օտարվել, բայց այդ բլոկին դեռ ձեռք չի տրվել, եւ քանի դեռ ուշ չէ, թույլ տան հաշվառել:




Լրահոս