ՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԱՆԶԱՊԻՆԻՑ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ դժգոհում են պետպատվերով գնված դեղի որակից: Խոսքը, մասնավորապես, հայկական արտադրության օլանզապին դեղամիջոցի մասին է: Ի դեպ, նշենք, որ օլանզապինը տրամադրվում է նախկին զիպրեքսիայի փոխարեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պնդում են, որ օլանզապին ընդունելուց հետո իրենց ինքնազգացողությունն ավելի է վատանում: Նրանք ունենում են ընդհանուր թուլություն, անքնությամբ են տառապում: Բացի այս` մեծ մասի մոտ վերջույթներն են ջղաձգվում, աշխատունակության անկում են ունենում, իսկ մի մասն էլ ագրեսիվանում է:
«Անընդհատ ձգտում էի քնել, ննջարանից չէի կարողանում դուրս գալ: Ընտանիքիս անդամների հետ անհնար էր դառնում շփվել, խոսել: Մշտապես թույլ էի ու ուզում էի անվերջ պառկել, քնել: Աշխատելու մասին անգամ չէի մտածում: Հարազատներս պատմում են, որ չեմ ցանկացել շփվել իրենց հետ, անընդհատ անտրամադիր էի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է 36-ամյա Անահիտը: Իսկ ահա տիկին Մարիամը պատմում է, որ ամուսինը օլանզապին խմելուց հետո բավականին ագրեսիվ է իրեն պահել, անգամ փորձել է ինքնավնասել: «Հայկական արտադրության օլանզապին ընդունելուց հետո ամուսնուս վիճակը կտրուկ վատացավ: Փսխումներ էր ունենում: Կարճ ասած` ուղղակի հրաժարվեցինք այդ դեղն ընդունելուց»,- պատմեց տիկին Մարիամը: Այս ամենի պատճառով նրանց մեծ մասը ստիպված է լինում հրաժարվել դեղամիջոցը ստանալուց եւ ընդունելուց: Նա նաեւ նշեց, որ ստիպված դեղատնից է գնում ամերիկյան զիպրեքսիան` մեկ հաբի համար վճարելով մոտ 3300 դրամ: Այսինքն` մեկ ամսվա համար նշված դեղամիջոցը ձեռք բերելու համար ծախսում են ավելի քան 100 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ անցած տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւս բողոքներ է ստացել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից, որոնք դժգոհել են հենց այս դեղի որակի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս 2014 թվականին (այդ ժամանակ պաշտպանը Կարեն Անդրեասյանն էր) այս խնդրի շուրջ ահազանգել էր: Բայց մի տարբերությամբ` այն ժամանակ զիպրեքսիա դեղամիջոցն էր փոխարինվում զոլաքսայով: Ավելին` ՄԻՊ-ի միջամտությամբ իրականցվել էր զոլաքսա դեղի փորձաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ վերջինիս բացասական ազդեցությունը մեծ է: Արդյունքում որոշվել էր շահառուներին մատակարարել զիպրեքսիա դեղը` 2015-2016 թվականների «Արտահիվանդանոցային բուժում զիպրեքսիա դեղով» ծրագրի շրջանակներում: Բայց չնայած սրան` առողջապահության նախարարությունը որոշել է զիպրեքսիան եւս փոխարինել, այս անգամ օլանզապինով: ՄԻՊ-ի այս տարվա զեկույցում եւս անդրադարձ կա այդ խնդրին:
Նշենք, որ օլանզապին, զիպրեքսա, զոլաքսա եւ այլ դեղեր ընդգրկված են ՀՀ ԱՆ կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող եւ համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում: Հայկական արտադրության օլանզապին դեղը ստացող մի խումբ շահառուների դժգոհության կապակցությամբ ԱՆ-ն պարզաբանել է, որ յուրաքանչյուր դեղ կիրառման ընթացքում կարող է դրսեւորել տարբեր բնույթի, ուժգնության կողմնակի երեւույթներ, որոնց առկայությունը կախված է ոչ միայն դեղից, այլեւ տվյալ հիվանդի օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, հիվանդության ընթացքի առանձնահատկություններից, բուժման գործընթացից: Բացի այս` ԱՆ-ն նշել է, որ առանձին շահառուների կողմից դեղի վերաբերյալ բողոքները կարող են կրել սուբյեկտիվ բնույթ եւ չեն կարող միանշանակ հիմք հանդիսանալ դեղի որակի եւ արդյունավետության վերաբերյալ բացասական եզրահանգման:
Ըստ ԱՆ-ի` հետազոտություն կատարվել է «Արփիմեդ» ընկերության արտադրության օլանզապին դեղի համար, որի արդյունքները փորձաքննության են ենթարկվել գրանցման գործընթացի ժամանակ, եւ տրվել է դրական եզրակացություն: Եւ զարմանալի չէ, քանի որ ըստ որոշ տեղեկությունների` «Արփիմեդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 97 տոկոսը պատկանում է Վաչագան Ղազարյանին, իսկ 3 տոկոսը` Արտակ Գագիկի Հարությունյանին, ով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է եւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Ի դեպ, «Արփիմեդ»-ը մշտապես մասնակցում է եւ հաղթող ճանաչվում գերատեսչությունների կողմից անցկացվող դեղերի գնման մրցույթներում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս