«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՐ ՎՐԱ ԹՔԵԼ-ՄՐԵԼՈՒ ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի, որպես քաղաքացի սեփական դիրքորոշումը արտահայտելու հարցում պասիվություն ցուցաբերելու եւ հանրային ռադիոֆոնդի երաժշտական գոհարների թվայնացման թեմաներով զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ։

-Պարո՛ն Իսպիրյան, «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։ Մարտի 31-ին Գյումրիում մեկնարկած «Իմ քայլը» արշավը միտված է նրա իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում պայքարի այս ձեւին։
-Դե, թող արշավն անեն, կիմանանք՝ այն իմաստ ունի, թե ոչ։ Հասարակությունն այսօր ինչ-որ շատ թմրած վիճակում է, արթուն չէ։ Մենք մեկս մյուսիս մեղադրում ենք տարբեր բաների մեջ, բայց ամեն մեկս մեր տեղում քնած ենք։ Չգիտեմ՝ ինչ կլինի, ամեն բան թողել եմ ինքնահոսի։ Հիմա ես իմ սիրած գործն եմ անում, կենտրոնացել եմ ռադիոֆոնդի մաս կազմող արժեքավոր ձայնապնակները թվայնացնելով։ Ինձ համար դա հիմա ամենակարեւոր աշխատանքն է, քաղաքականության մասին էլ չեմ ուզում լսել։
-Բայց նախկինում Դուք այդպիսին չէիք։ Հիմա Ձեզ կարող են մեղադրել պասիվանալու, քաղաքացիական դիրքորոշումը կորցնելու մեջ։
-Ինչպես ասում են իմ կոլեգաները` ակտիվիստից դարձա արխիվիստ (ծիծաղում է)։ Ռադիոֆոնդով զբաղվելն էլ պայքարի իմ ձեւն է։
-Այսինքն՝ պայքարի մյուս ձեւերը սպառե՞լ են իրենց։ Այնպիսի տպավորություն է, որ Դուք հուսախաբ եք եղել։
-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել՝ իրենց սպառել են, թե ոչ, բայց ես չեմ տեսնում քաղաքական այն ուժին, որը կկանգնի հրապարակում, իր շուրջ կհավաքի այնքան մարդու, որքան հավաքվել էր, ասենք, 2008-ի մարտին։ Ուղղակի չեմ տեսնում այդպիսի մեկին, հասկանո՞ւմ եք։ Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, ով պետք է գա։ Ամեն դեպքում, մարդիկ սիրում են Նիկոլ Փաշինյանին, լսում են նրա խոսքը, նա, ինչպես ասում են, մեր սրտի «վինտիլյատորն է», հովացնում է մեզ։ Ես նրան՝ որպես քաղաքական գործչի, հարգում եմ։ Բայց արդյո՞ք նրա քննադատությունները հասնում են իշխանություններին, բացթողումները շտկվո՞ւմ են. կասկածում եմ։ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից շատ խիստ, կրիտիկական քննադատություններ է անում, բայց ինչպես ուռին եւ բարդին, ամեն պաշտոնյա՝ իր դարդին, ամեն մեկը շարունակում է իր գործելաոճը, ոչ մի բան չի փոխվում։ Այս կառավարությունն արդեն իր վրա թքել-մրելու իմունիտետ է ձեռք բերել, չնայած ամեն ինչին՝ շարունակում է իր գործն անել։
-Օրինակ՝ Դուք կցանկանայիք՝ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, թե՞ մեկ այլ գործիչ զբաղեցներ վարչապետի պաշտոնը։
-Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, ես իմ գործի «վարչապետն եմ»։
-Լավ, մի փոքր էլ Ձեր գործնական կյանքից խոսենք։ Ռադիոֆոնդի արխիվային գոհարները ուսումնասիրելուց, թվայնացնելուց հետո չե՞ք պատրաստվում որեւէ հաղորդաշար հեղինակել, երիտասարդ սերնդի շրջանում ճաշակ ձեւավորել։
-Այո, կան նման մտքեր։ Գիտե՞ք՝ ուսումնասիրում եմ արխիվներն ու մտածում՝ ժամանակին մեծ արտիստները ո՜նց են աշխատել, մեղվի պես են աշխատել, մեղր են տվել, ոչ թե այսօրվա երգիչների նման՝ լավագույն դեպքում՝ շաքարաջուր։ Ֆոնդն իրականում բարձիթողի վիճակում էր։ Հիմա, երբ այն արդեն երկրորդ կյանք է ստացել, պատրաստվում ենք հանրության դատին հանձնել նոր կայք, որտեղ մուտք գործելով՝ մարդիկ կկարողանան ծանոթանալ հատուկ հեղինակային ծրագրերի, լսել ժողովորդական, էստրադային մաքուր երաժշտություն, ինչպես նաեւ մանկական հին ու նոր երգեր, ծանոթանալ մեր մեծերի ձայներին։ Սա շատ կարեւոր առաքելություն եմ համարում։
-Օնլայն տիրույթում հաճախ կազմակերպում եք մեղեդին գուշակելու վերաբերյալ հարցումներ։ Հնարավո՞ր է` նման բնույթի հաղորդում վարեք։
-Մենք պատրաստում ենք նաեւ արխիվի մասին ռադիոհաղորդում, այնպես որ, ինչ-որ կերպ կմոտենանք Ձեր ասածին։ Այդ դեպքում արդեն լրատվամիջոցներն էլ կհասկանան, թե ինչ սխալ պրոպագանդա են անում, ինչ սխալ են դաստիարակում մատաղ սերնդին։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը, ով հանրությանը հայտնի է մի շարք հեռուստասերիալներից, տեւական ժամանակ է՝ զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ունի ատելյե, զբաղվում է հագուստի վաճառքով, սակայն խանութ դեռ չունի, բայց մտածում է այն բացելու ուղղությամբ։

«Մտքերը, գաղափարները շատ-շատ են, հաջողության գրավականը աշխատասիրությունն է, նվիրվածությունը գործին։ Ովքեր հետեւում են իմ աշխատանքին, տեղեկացնեմ, որ առաջիկայում պատրաստվում եմ նրանց դատին հանձնել նոր մոդելներ, այնպես որ, սպասեք նորությունների»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ամեն սեզոն ինքն է թելադրում թրենդները։ Ձմռանն, օրինակ, Արեւիկը գույների պակաս է զգացել եւ որոշել է վառ գույնի հագուստներ մոդելավորել։
«Գունային խաղերն ու համադրությունները դարձան իմ կրեդոն, գարնանային հավաքածուս էլ է այդ նույն սկզբունքով ստեղծվել։ Փորձում եմ բոլոր մտքերս հերթով իրականացնել»,-մեկնաբանեց Արեւիկը։
Հարցին, թե կան արդյոք արտիստներ, որոնց հետ աշխատում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ունեմ շատ դերասան ընկերուհիներ, որոնք հագնում են իմ մոդելավորած հագուստները, լուսանկարվում են, ասում են, որ դրանք երիտասարդական են, դա ուրախացնում է ինձ։ Հիմա մտածում եմ նաեւ դրսի շուկա դուրս գալու մասին, հուսամ՝ կստացվի»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ մոդելավորման աշխատանքով զբաղվելու արդյունքում չի տուժի արդյոք դերասանուհու գործունեությունը. «Իհարկե, ոչ։ Հիմա էլ ներգրավված եմ մի քանի ներկայացումներում, այդ թվում՝ Զարուհի Անտոնյանի «Պատրանքներում», որը դրամատիկ բնույթի է։ Շատ ոգեւորված եմ, որովհետեւ սիրում եմ աշխատել իր հետ։ Առհասարակ, թատրոնն այն տեղն է, որտեղ միշտ զգում եմ ինձ ինչպես տանը»,-եզրափակեց դերասանուհին։

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

4 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: 4 թեկնածուների թվում են` Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Խամես Ռոդրիգեսը («Բավարիա») եւ Ժերար Պիկեն («Բարսելոնա»):
Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Յուվենտուս»-«Ռեալ» (0:3), «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» (3:0), «Սեւիլիա»-«Բավարիա» (1:2) եւ «Բարսելոնա»-«Ռոմա» (4:1) հանդիպումներ: Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 10-ին եւ 11-ին:

 

 

ՄԻԼՆԵՐԸ` ԱՌԱՋԱՏԱՐ
«Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն «Լիվերպուլ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անձնական հակառակորդ է սահմանել այս մրցաշրջանում: Լիվերպուլում կայացած խաղում բելգիացին կատարել է 8 առանցքային փոխանցում, որոնցից միայն մեկն է հասել թիմակիցներին (13 տոկոս): Մինչեւ այդ խաղը Դե Բրույնեի առանցքային փոխանցումների միջին ճշգրտությունը Չեմպիոնների լիգայում կազմում էր 45 տոկոս, իսկ Պրեմյեր լիգայում` 54 տոկոս:

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ
Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել շուրջ 7 ամիս, վերսկսել է մարզումները: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահը վնասվածք էր ստացել:

 

 

ՄԻՆՉԵՎ 4 ՏԱՐՎԱ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ
ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի 2017թ. մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանին (75 կգ) 4 տարվա որակազրկում է սպառնում: Օրերս Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ մարզուհու դոպինգ թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Հիմա ծանրորդուհին այս որոշումը բողոքարկելու 21-օրյա ժամանակ ունի: Նշենք նաեւ, որ օրերս իրենց պաշտոններից հեռացվել են ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ինչպես նաեւ 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը, որը նաեւ Սոնայի անձնական մարզիչն է. փետրվարին նրա արյան մեջ կրկին դոպինգ էր հայտնաբերվել:




Լրահոս