Լուսանկարն արվել է Երեւանում
Մի փոքր խիստ, բայց աշխատող մեթոդ է կանաչ տարածքների պաշտպանության համար:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային վճարի համար ի՞նչ դրույքաչափեր են սահմանված:
Ռոբերտ Մովսիսյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով`
ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10.000 դրամ.
բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ճանապարհային վճարի տեսակները հետեւյալն են`
ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը. բ) ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճարը. գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճարը. դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` անձը կոնկրետ ո՞ր դեպքում է կարող է ձեռք բերել անժամկետ հաշմանդամություն: Ընդհանրապես ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:
Գուրգեն Դանիելյան (57 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամության 1-ին խումբ սահմանելու հիմք է հանդիսանում օրգանիզմի գործառույթների այնպիսի խանգարումը, երբ հաշմանդամը չի կարող ինքն իր մասին հոգ տանել եւ կարիք ունի մշտական օգնության, խնամքի կամ հսկողության: Նշենք, որ 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով: Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաեւ նրա դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ: