ԼՂ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ՌԴ-ի լարված հարաբերություններն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ անմիջական ադզեցություն են ունենում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանն ուղղված գործընթացներում: Նրա խոսքով` քանի դեռ այդ հարաբերությունները չեն կարգավորվել, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում առաջընթաց սպասել պետք չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
-Օրեր առաջ նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ: Ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ-ն, քանի որ ոչ մեկ անգամ հայտարարվել է՝ Հայաստանին ուղղված ցանկացած ոտնձգություն նաեւ ուղղված է ՌԴ-ին:
-Հայաստանի հանդեպ սպառնալիք եղել է նաեւ նախկինում եւ ոչ միայն Նախիջեւանի կողմից: Այդ պատճառով այստեղ պետք է ուշադրություն դարձնել նման դեպքերի հաճախակի լինելուն: Իհարկե, մեր համբերությունը մի օր սպառվելու է, դա անխուսափելի է: Ադրբեջանի կողմից պրովակացիան կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ եւ այդ պարագայում դժվար կլինի չխառնվել: Պետք է հասկանալ, որ սրանք վտանգավոր խաղեր են եւ կարող են վատ հետեւանքներ ունենալ հենց Ադրբեջանի համար: Նախիջեւանն Ադրբեջանի իշխանության քաղաքականության գերին է:
-ՌԴ-ի կողմից հայտարարություններ են եղել, թե նախկինի պես Ադրբեջանին սպառազինություն չի վաճառվելու, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնիսկ սպառազինություն արտահանող երկիր դառնալու մասին է խոսել: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում նման հայտարարություններին:
-Հարցն այն է, թե հետագայում սպառազինության ինչպիսի տեսակներ կվաճառվեն Ադրբեջանին եւ ում կողմից: Այս պարագայում կարեւորն այն է, որ Ադրբեջանին վաճառվող սպառազինությունը չպետք է օգտագործվի ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Հայաստանի դեմ: Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի` բացի ՌԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ Ադրբեջանը միայն կախված չէ մեզանից: Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին:
-Այսինքն` չի վաճառվի միայն այնպիսի սպառազինություն, որը կարող է օգտագործվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի՞ դեմ:
-Իհարկե, հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում: Այս պարագայում պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաեւ հակասություններ: Դրանք հայտնի են, եւ այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաեւ ՌԴ-ի դեմ, դա խելամիտ չէ, իհարկե:
-Հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ ՌԴ նախագահի պաշտոնում կրկին Վլադիմիր Պուտինի ընտրվելը, առաջիկայում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում կարո՞ղ ենք առաջխաղացում սպասել:
-Ո՛չ, չեմ սպասում: Հաշվի առեք, որ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահների միասնական մոտեցում, համաձայնություն եւ, իհարկե, մեծ ցանկություն: Սակայն մինչ ՌԴ-ԱՄՆ եւ ՌԴ-ԵՄ հարաբերությունները լարված են, եւ չկա համաձայնություն ու վստահություն, ապա ճնշման սպասել պետք չէ: Միասնական ճնշման դեպքում ինչ-որ բան հնարավոր կլիներ անել:
-Այսինքն` ՌԴ-ԱՄՆ եւ ՌԴ-ԵՄ հարաբերություններն անմիջականորեն ազդո՞ւմ են ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման վրա:
-Իհարկե, այդ հարաբերությունները սերտ կապված են Ղարաբաղյան հարցի հետ: Ի վերջո, այդ հարաբերությունների ընթացքում է վստահություն առաջանում: Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը հանդիսանում են միջնորդ կողմեր, եւ եթե նրանց միջեւ համաձայնություն չկա, ապա չկա նաեւ այդ հարցում առաջընթաց:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է` երեկ Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ 4-րդ նախագահի պարտականությունները: Եվ այսպիսով ենթադրվում է, որ նա նախագահին վերապահված լիազորությունների շրջանակում պետք է օգտվի այն առավելություններից, որոնք ընդունված են նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար:

Օրինակ՝ մեր երկրում նախագահի լուսանկարը փակցվում է բոլոր պետական մարմիններում` նախարարություններից մինչեւ կրթական հաստատություններ: Պետական խորհրդանիշների մասին օրենքում նշված չէ այն մասին, թե ում լուսանկարը պետք է կախված լինի պաշտոնյաների աշխատասենյակներում: Պարտադիր է միայն զինանշանի եւ դրոշի առկայությունը, բայց այս տարիներին Սերժ Սարգսյանի նկարը պետական բոլոր հաստատություններում ղեկավարների աշխատասենյակում փակցված է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյո՞ք տարբեր հաստատությունների ղեկավարներ արդեն շտապել են պատից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը` փոխարինելով այն նոր նախագահի նկարով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հարցին, թե արդյո՞ք խմբակցությունից հանվել է Ս. Սարգսյանի նկարը, ասաց, որ նման տեղեկություն չունի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժ/պ Արտեմ Ասատրյանի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը նշեց, թե տեղյակ չէ, թե իր նախարարի աշխատասենյակում դեռեւս Սե՞րժ, թե՞ Արմեն Սարգսյանի նկարն է փակցված: Նույնը նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժ/պ Սուրեն Կարայանի դեպքում էր. նրա մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, թե քանի որ այս հարցը որեւէ օրենսդրական կարգավորում չունի, ուստի կարգադրություն էլ չկա:
Ինչպես հայտնի է` նախագահի լուսանկարը փակցվում է նաեւ դպրոցներում: Երեւանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք չի հանձնարարվել նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարը փակցնել, ասաց` ոչ դեռեւս: Դիտարկմանը, թե փաստորեն դեռեւս Սերժ Սարգսյանի լուսանկարն է պահպանվում, դպրոցի տնօրենը նշեց. «Որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել առայժմ, քանի որ դրա վերաբերյալ նոր հանձնարարական չի տրվել»: Այս հարցով դիմեցինք նաեւ Հասմիկ Պետրոսյանին, ով ընտրված նախագահի գրասենյակի ղեկավարն էր: «Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմում ես դեռեւս չկամ, որեւէ ստատուս չունեմ` այս հարցերին պատասխանելու համար»,-հայտնեց նա: Սակայն ինչպես երեւում է` շատ հաստատություններում չեն շտապել հանել Ս. Սարգսյանի լուսանկարը, այլապես այդ մասին աշխատակիցներն արդեն տեղյակ կլինեին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՓՈԽՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների համատեղ ակցիան, որը կրում էր «Սերժ Սարգսյանի հրաժեշտի երեկոն» խորագիրը: Եվ մինչ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակում տոնում էին Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտը, պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն հենց Սերժ Սարգսյանին է տեսնում որպես երկրի առաջին դեմք, եւ այդ մասին էլ անձամբ հայտարարեց Կարեն Կարապետյանը: Ամեն դեպքում, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ փաստը ոչնչով չի խանգարում իրենց ծրագրերին, քանի որ ի սկզբանե իրենք պատրաստ էին նման հայտարարությանը: Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում նաեւ հայտնեց, թե իրենց եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջեւ բանակցությունները հաջող են անցել, եւ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքը համատեղ է լինելու: Իսկ մինչ այդ, վաղվանից «Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատի անդամները կլինեն վարչական շրջաններում եւ այնտեղից երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կրկին հանրահավաք կանեն: Արդեն ապրիլի 13-ին նրանց կրկին երթով կմիանան Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության անդամները: Հավելենք, որ այսօր հանրահավաքից հետո նաեւ երթ տեղի ունեցավ եւ չնայած հանրահավաքն ու երթն այնքան էլ բազմամարդ չէին, սակայն օրեցօր նրանց նոր միացողներ են լինում:

 

 

ՍԱՍՏՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթն ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցի շրջանակներում փորձել էր հերոս նահատակների ընտանիքներից տեղեկանալ՝ արդյո՞ք իշխանությունները շարունակում են հոգատարություն ցուցաբերել, թե՞ ոչ: Պարզվել էր` շատ դեպքում զոհերի հարազատներն անտեսված վիճակում են: Եւ ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ հրապարակումներից հետո պաշտպանության նախարարությունից զանգահարում են զոհված զինծառայողների ծնողներին` հորդորելով զերծ մնալ հարցազրույցներ տալուց, իսկ ովքեր արդեն հարցազրույցներ են տվել, հորդորում են այլեւս չխոսել` նշելով, թե հարցը հասել է «մինչեւ նախարարին», ու գեղեցիկ չէ, որ թեման շարունակություն ունենա: ՊՆ-ին դուր չի եկել, որ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները բարձրաձայնել են իրենց անուշադրության եւ անտարբերության մասին: Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նա հերքեց տեղեկությունները՝ ասելով. «Չկա այդպիսի բան: Չի կարող նման բան լինել»:




Լրահոս