Երեկ ՀՀ նոր նախագահի կողմից լիազորությունները ստանձնելուց հետո ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2015թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելու հետեւանքով «ընդունված» ՀՀ Սահմանադրությունը: Ու, փաստորեն, պետք է արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. մեր երկրի ներկայիս Սահմանադրությունն, առավել, քան որեւէ այլ պետական փաստաթուղթ, ունի լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ: Եվ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա ամենախայտառակ կեղծիքներով պարտադրված Սահմանադրությունն է: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ այդ կեղծիքներն այնքան շատ էին, այնքան ակնհայտ, որ իշխանությունները որքան էլ փորձեցին, չկարողացան եղելությունը թաքցնել: Ավելին` ամենաշատ թվով քրեական գործեր, թերեւս, հարուցվել են հենց այս ընտրության ժամանակ: Սակայն դրանց արդյունքում կեղծարարները ոչ թե հայտնվեցին կալանավայրում, այլ միայն տուգանվեցին, տուգանքն էլ, ըստ որոշ տեղեկությունների, վճարելու էին նրանց ընտրակեղծիքի մղած ՀՀԿ գրասենյակները:
Ու թեեւ երկրի մայր օրենքը լեգիտիմ չէ, սակայն, այնուամենայնիվ, մարդիկ ստիպված են հաշտվել այս իրողության հետ այնքանով, որ այս փաստաթուղթը գոյություն ունի:
Եվ հիմա ի՞նչ ունենք սահմանադրական փոփոխությունների արդյունքում. ամենամեծ փոփոխություններից մեկը վերաբերում է երկրի նախագահին ու վարչապետին: Այսպիսով` լիազորությունների ճնշող մեծամասնությունը նախագահից փոխանցվեց ապագա վարչապետին. նրա ձեռքին են կենտրոնանալու իշխանական բոլոր լծակները: Հետեւաբար երկրի փաստացի ղեկավարը դառնում է վարչապետը: Մինչդեռ նախագահի պաշտոնն այս պարագայում դառնում է ավելի շատ սիմվոլիկ՝ անգլիական թագուհու նման, եւ վերջինս պարզապես վավերացնելու է ընդունված որոշումներն ու օրենքները, եւ ոչինչ ավելի:
Խոշոր փոփոխություններից էր նախագահական ընտրությունների վերացումը: Սա, թերեւս, ամենալուրջ հարվածն էր ժողովրդավարությանը: Եթե նախկինում ժողովուրդը երկրում իշխանություն ձեւավորելու երկու հնարավորություն ուներ` նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով, հիմա մնացել է միայն մեկը՝ խորհրդարանական ընտրությունները: Նպատակը պարզ էր. որպեսզի չլինեն նաեւ հետընտրական ցնցումներ, եւ ընտրությունների արդյունքը քաղաքացին լուռ ու մունջ ընդունի` գիտակցելով, որ այդ ընտրությունը ոչ թե ինքն է կատարել, այլ այս դեպքում` խորհրդարանը: Ընդհանուր առմամբ` ներկայում իշխանություն ձեւավորելու ընդամենը մեկ հնարավորություն ունի ժողովուրդը` համապետական ընտրությունների միջոցով: Իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան 2022 թվականին: Մինչեւ այդ իշխանությունը շարունակելու է եւս 4 տարի մնալ Հանրապետական կուսակցության ձեռքում:
Նոր Սահմանադրությամբ ժողովրդին օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունք է տրված. 50 հազար ստորագրության դեպքում քաղաքացիները կարող են օրենսդրական առաջարկ ներկայացնել, սակայն դատելով այսօրվա իրողություններից` այդ օրենքը, եթե անգամ խորհրդարանական օրակարգ բերվի, հարց է, թե արդյո՞ք կընդունվի: Ասել է, թե սա ընդամենը ձեւական մի գործառույթ է, որը սիմվոլիկ նշանակություն ունի եւ վերջ:
Փոփոխություններով իբր պետք է խորհրդարանում ընդլայնվեին ընդդիմության լիազորությունները, բայց սա էլ սիմվոլիկ բնույթ կրեց. հիմա «Ծառուկյան» խմբակցությունը, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, ունի ԱԺ փոխնախագահի պաշտոն, ունի մի քանի հանձնաժողովի նախագահի պաշտոն, բայց դրանք իրականում որեւէ լծակ, որեւէ ազդեցություն չունեն: ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը միայն խորհրդարանի նիստեր է անցկացնում, հանձնաժողովների նախագահներն էլ իրենց հերթին չունեն լուրջ գործառույթներ:
Այսպիսով` կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 3 տարի առաջ գծագրած սցենարով` հերթականությամբ իր համար բոլոր նպաստավոր քայլերը կատարեց` առանց ցնցումների, սեփական նկրտումներն առաջ տանելու համար: Այսինքն` սա առաջնահերթ ուղղված էր Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման համար պարարտ հող նախապատրաստելուն: Ու այս բոլոր քայլերի արդյունքում ժողովուրդն օտարվում է պետությունից, իշխանությունից: Ընդհակառակը, քաղաքացին ստիպված է ապրել կեղծիքների արդյունքում պարտադրված Սահմանադրությամբ, որի բացասական հետեւանքներն ընդունման օրվանից մինչեւ այժմ զգում ենք:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՄԵՆԱԱՂՔԱՏԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ունեցվածքը պաշտոնապես այդպես էլ չի աճում: Նա համարվում է Հայաստանի ամենաաղքատ նախարարներից մեկը, միաժամանակ ամենակոռումպացված չինովնիկներից մեկը: Նա այս կոչումը վաստակել է երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իր կայացրած վիճահարույց որոշումների արդյունքում. նախարարությունում կամ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտվել են տարատեսակ չարաշահումներ ու վատնումներ, բայց Ասատրյանն այդպես էլ պատասխանատվություն չի կրել իր ղեկավարած ոլորտի համար: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ասատրյանը պաշտոնական հայտարարագրի համաձայն` ունի ընդամենը 28 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 660 հազար դրամի չափով: Իսկապես նա հայտնի ֆիլմի հերոսի նման «ստորգետնյա միլիոնատերերից» է, որին չի կարող բացահայտել իշխանությունն «իր հարկային գերհզոր մեքենայով»:
ՇՂԹԱՅԵԼ ԵՆ
Ինչպես գիտենք` մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանը, Դիանա Գրիգորյանը` Դինա Ակոպովնան, մեղադրվում են ԱՄՆ-ում մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման մեջ: Նկատենք, որ Դիանա Գրիգորյանը այս օրերին գտնվում է Հայաստանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանն ԱՄՆ իրավապահների կողմից ձերբակալված չէ եւ կալանքը կրում է տան պայմաններում: Այս օրերին ԱՄՆ այցելող անձինք, ովքեր նախկինում առիթ են ունեցել նրա հետ շփվելու, տեղեկացրել են, որ նա խիստ հսկողության տակ է, եւ դեռ ավելին` ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, ինչպես նաեւ հանձնել է անձնագիրը: Նշենք, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան համարվում է փախուստի մեջ գտնվող, ու մինչ ԱՄՆ-ում քննում են այս գործը, Ակոպովնան բավականին հանգիստ իր գործունեությունն է շարունակում:
ՆՈՐ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂԸ
«Մետալ գրուպ» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ նախատեսելով 2018-2021 թվականներին ուսումնասիրել Սյունիքի մարզի Նշանաքարի ոսկի-բազմամետաղների տեղամասը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին: ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով` «Մետալ գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, իսկ հիմնադիրներն են Սուրիկ Խաչատրյանը եւ Վարդան Բարսեղյանը: Ի դեպ, այսօր Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի են ունենալու «Մետալ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:
ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչեւ ապրիլի 16-ը կհայտարարի ՀՀ վարչապետի թեկնածուի անունը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն ապրիլի 11-ին` ժամը 20-ին, գործադիր մարմնի նիստ է գումարելու: Չի բացառվում, որ այս շաբաթ նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ գումարվի, գործադիր մարմինը խորհրդին առաջարկի հաստատել վարչապետի թեկնածուին: Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ընտրելու են վարչապետին: Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հրաժարական է ներկայացրել:
ՋԱՆՔԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Ըստ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի` ՄԱԿ-ն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբից բոլոր ջանքերի գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Այժմ հակամարտության կարգավորման համար բոլորի կողմից ընդունված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Անհրաժեշտ է հարգել այդ մեխանիզմը եւ ամբողջությամբ օգտագործել դրա ներուժը»,-ասել է նա: Նա նաեւ նշել է, որ ապրիլի 24-25-ին Նյու Յորքում նախատեսվում է հանդիպում, որի շրջանակում տեղի կունենան քննարկումներ` նվիրված խաղաղության պահպանմանն ու հակամարտությունների կանխարգելմանը: «Մի շարք երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ եւ այլ բարձրաստիճան անձինք իրենց մասնակցությունը կունենան այդ միջոցառմանը, որի ժամանակ կկիսվեն հակամարտությունների կանխարգելման ու կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի հետ համագործակցության իրենց փորձով: Հույս ունեմ, որ այդ քննարկումները հնարավորություն կտան մեզ ավելի ակնառու արդյունքներ գրանցել ոչ միայն հակամարտությունների հետեւանքների հաղթահարման, այլ նաեւ դրանց կանխարգելման գործում»,- հավելել է ՄԱԿ պաշտոնյան:
ՆՈՐՄԱԼ Է
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա կիսում է տարածված այն կարծիքը, որ 2011թ. Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, եւ արդյո՞ք ակնկալում է առաջխաղացում բանակցություններին, պատասխանել է, որ իսկապես սպասումները Կազանյան գագաթնաժողովից մեծ էին, ռուսական կողմը մյուս երկու համանախագահների` Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների համաձայնությամբ պատրաստել էր փաստաթուղթ, որը կողմերը պետք է ստորագրեին, սակայն վերջին պահին նոր մեկնաբանություններ ու հարցեր են ծագել, եւ փաստաթուղթը չի ստորագրվել: «Այդպես լինում է: Սա ողբերգություն չէ, եւ աշխատանքները շարունակվում են ամեն դեպքում», – հավելել է Լավրովը: «Ամենակարեւորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսեւորվում է բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: Ըստ նրա` ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաեւ փաստաթղթում ամրագրվի:
ԱԶԱՏԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություններ Ավետիս Բերբերյանին, Արմեն Աբելյանին, Վարուժան Ներսեսյանին եւ Հրայր Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: