ԱՐԱՏԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է շարունակել նախորդների արատավոր բարքերը: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ մարզահամերգային համալիրում Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախօրեին անցկացվեց փակ դռների հետեւում: Միայն իշխանահաճո մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի էր բախտ վիճակվել ներկա գտնվելու համալիրում, իսկ մյուսները ստիպված էին իրադարձություններին հետեւել համացանցով, մի քանի կիլոմետր հեռավորությամբ՝ կա՛մ ԱԺ շենքից, կա՛մ իրենց խմբագրություններից:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն իսկ հանդիպել է մի խումբ ռուս լրագրողների հետ: Այլ կերպ ասած` նորընտիր նախագահը որոշել էր արհամարհել տեղական լրատվամիջոցներին` գերադասելով առաջինը շփվել օտարերկրացիների հետ:
Հիշեցնենք` իր պաշտոնավարման ընթացքում այդպես է վարվել նաեւ Սերժ Սարգսյանը. նա «լեզվաշարադրական սխալներից», լեզվական հայտնի սայթաքումներից հետո կտրուկ դադարեցրեց լրատվամիջոցների հետ անմիջական շփումը:
Բացի այդ` գործող իշխանությունը հետեւողական պայքար է սկսել լրատվամիջոցների դեմ` մամուլի առաջ փակելով դռները: Պատահական չէ, որ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, անգամ օրենսդրական վերջին փոփոխություններից հետո լրագրողներին արգելում են ներկա գտնվել Երեւանի ավագանու նիստերին:
Հիմա այս արշավին միացել է նաեւ Արմեն Սարգսյանը, մինչդեռ ի պաշտոնե նա պետք է լիներ Սահմանադրության, հետեւաբար՝ ժողովրդավարության, խոսքի եւ մամուլի ազատության երաշխավորը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա չի հարցաքննվել գլխավոր մեղավորը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այնինչ` ողջ ծեծկռտուքը հենց Մարգարյանը սադրեց՝ «դեմներն առեք, շուտ» հրահանգով, երբ դրանից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց վրա հարձակվեցին ՀՀԿ-ականները: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մասնագետները չեն կարողացել պարզել՝ ավագանու նիստին ԵԾ անդամների բերած կոյուղաջրում իրո՞ք նաեւ «կիսլատա»՝ ազոտական թթու է եղել, ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, թե՞ ոչ: Պաշտոնապես ՊՈԱԿ-ից պնդում են, որ չունեն տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ՝ պարզելու բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը:

 

 

 

Թեեւ իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլեւս որեւէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել: Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին: Մեր աղբյուրները պնդում են, որ միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարող է չշարունակել հետագա պաշտոնավարումը. նա տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հրաժարականը ետ վերցրեց: Չնայած հավանական է, որ նա որոշի «դիմանալ» մինչեւ տարեվերջ եւ այդ ժամանակ ազատ արձակվի:

 

 

 

ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սննդամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր: Թեեւ ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչնչացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը: Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Սա միակ նման օրինակը չէ. ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաեւ մսխել պետական միջոցները: 27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որպես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգեւավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին:

 

 

 

ԹՄԲԻՐԻՑ ԵԼԱ՞Ն
Միայն Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգությունն առիթ դարձավ, որպեսզի Հայաստանի իշխանությունները սթափվեն եւ դուրս գալով խորը թմբիրից` որոշեին ուշադրություն դարձնել մարդաշատ վայրերի՝ առեւտրային խոշոր կենտրոնների, կրթական հաստատությունների հակահրդեհային վիճակին: Հիշում եք՝ Կեմերովոյի առեւտրային կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր ավելի քան 60 մարդ, այդ թվում` երեխաներ: Այդքան շատ մարդ էր զոհվել, որովհետեւ առեւտրային կենտրոնում չէր գործել հակահրդեհային համակարգը, նաեւ խնդիրներ էին առաջացել մարդկանց տարհանման ժամանակ:
Եւ ահա, այս ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ՀՀ ԱԻՆ-ը միանգամից սկսեց հրդեհատեխնիկական ստուգումներ անցկացնել Երեւանի խոշոր առեւտրային կենտրոններում, հանրային սննդի կետերում, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ ընկերություններում: Բնականաբար, բացահայտվել են թերություններ. մասնավորապես, ամենատարածված թերություններից են տարհանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը եւ այսպես շարունակ: Երեկ էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անդրադարձել իրենց ենթակայության դպրոցներում եւ մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի եւ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցին` հանձնարարելով սեղմ ժամկետներում ուսումնասիրել եւ քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ: Որեւէ կասկած չկա՝ կրթական հաստատություններում եւս կհայտնաբերվեն հրդեհատեխնիկական թերություններ:
Լավ է, իհարկե, երբ իշխանության տարբեր օղակներ, փորձելով դասեր քաղել այլ երկրում տեղի ունեցած միջադեպից, որոշել են հրդեհատեխնիկական ստուգումներ իրականացնել Հայաստանում:
Սակայն մյուս կողմից չենք կարող չարձանագրել մեկ տխուր իրողություն. եթե չլիներ Կեմերովոյի ողբերգությունը, ՀՀ իշխանությունները հազիվ թե հիշեին հասարակական նշանակության օբյեկտների հրդեհատեխնիկական վիճակի մասին, հազիվ թե ստուգումներ անցկացնեին ու բացահայտեին թերությունները: Ու արդյունքում հասարակական նշանակության օբյեկտները կմնային կամ գուցե դեռ մնում են հրդեհատեխնիկական առումով շատ վատ վիճակում: Իսկ թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ քիչ, թե շատ մեծ մասշտաբների հրդեհը, դժվար չէ եզրակացնել:
Եւ ուրեմն՝ Հայաստանում հրդեհատեխնիկական վիճակի ստուգումները ոչ միայն պետք է անցկացվեն պարբերաբար, այլեւ դրանք չպետք է կրեն ձեւական բնույթ, եւ ամեն ինչ չպետք է ավարտվի ընդամենը թուղթ ստորագրելով: Հակառակ դեպքում հետեւանքները կարող են անդառնալի լինել:




Լրահոս