ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՋԱՐԴԻ ԻՐ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ «ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը մինչ այս քննարկվել էր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում եւ դրական եզրակացությամբ ընդգրկվել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Ինչպես հայտնի է` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս նոյեմբերի 24-ին Բրյուսելում, սակայն դեռ պետք է վավերացվի ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից: Մինչ այս այն ամբողջովին վավերացրել է միայն Էստոնիան:

Այս համաձայնագրի կարեւորության մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն առավել կարեւոր է այն իրականացնելը: Որքանով ՀՀ իշխանություններին կհաջողվի կատարել ստանձնած պարտավորությունները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ի վերջո, ՀՀ-ԵՄ համաձայնագրում ամրագրված կետերը կատարելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Միայն իշխանության կամքը բավարա՞ր է:
-Պարտադիր չէր ունենալ այս համաձայնագիրը եւ նոր միայն քայլեր անել: Կարող էր այս համաձայնագիրը ընդհանրապես չլիներ, եւ դա չի նշանակում, որ մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ չպետք է արվեն: Երկիրը հասել է շատ վտանգավոր սահմանագծի` շատ վտանգավոր մարտահրավերների առումով` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Հենց վիճակագրական ծառայությունն է այդ մասին փաստում: Լավագույն դեպքում, եթե ընդունենք իրենց թիվը, որ 3 մլն մարդ է ապրում Հայաստանում, ապա 1 մլն-ից ավելը շատ աղքատ է: Հիմա ես չեմ կարծում, որ այս համաձայնագիրն է պետք բոլոր խնդիրները լուծելու համար: Հայաստանի տնտեսությունն ամբողջապես մոնոպոլացված է, հիմա եթե իշխանությունները ցանկանան, որպեսզի Հայաստանը շարունակի ամենաանգրավիչ երկիրը մնա ներդրումների համար, թող շարունակեն այս քաղաքականությունը: Երբ Կարեն Կարապետյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, ես իրեն ընդամենը մեկ հարց ուղղեցի, որի պատասխանն ինքը չտվեց: Դուք պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը, որովհետեւ իշխանությունը պետք է ջարդի իր ողնաշարը` այս համակարգային փոփոխություններն իրականացնելու համար:
-Բայց Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունը կարող է իր սեփական ողնաշարը ջադրել:
-Ես այդ հարցին կպատասխանեմ այն, ինչ պատասխանել եմ միշտ: Թող ես լինեմ մեր երկրի վերջին վատատեսը, բայց ես չեմ հավատում, որ իշխանությունը կարող է ջարդել սեփական ողնաշարը: Առանց այդ ողնաշարը ջարդելու, այսինքն` առանց այդ համակարգային բարեփոխումներն իրականացնելու, հնարավոր չէ իրականացնել այս համաձայնագրի դրույթները: Այնպես որ կապրենք, կտեսնենք: Համաձայնագրի ստորագրումը միայն առաջին, ամենանվազագույն քայլն է, դրանից հետո սկսվելու է ամենակարեւորը` ունենալ խիզախություն, քաջություն, թե ոչ: Սա է հարցի արժեքը:
-Սակայն հայտնի է, որ ամեն դեպքում պարտադրանքի մեխանիզմներ առկա չեն, եւ համաձայնագրի չկատարումը հետեւանքներ չի ունենա: Այս դեպքում, ըստ Ձեզ, իշխանությունները կցանկանա՞ն փոփոխություններ կատարել:
-Սպասվում է, որ համաձայնագիրը կդառնա ընդամենը մեկ թուղթ, եւ մենք հերթական անգամ միջազգային հանրության աչքին կդառնանք անվստահելի եւ անլուրջ գործընկեր: Իհարկե, համաձայնագիրն իրավական պրեսինգ, պարտադրող ուժ չունի, եւ դա նորմալ է, քանի որ պայմանավորվածությունը երկու հավասարազոր սուբյեկտների միջեւ է: Ընդամենը այստեղ վստահության եւ երկրի արտաքին քաղաքականության իմիջի հարցն է: Եթե մենք ցանկանում ենք մեր արտաքին քաղաքական իմիջով հավասարվել իզգոյ երկրների, ապա խնդրեմ: Ստորագրելն ամենանվազագույն հարցն է, ամենակարեւորը իրագործման փուլն է:
-ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ նշել էր, թե կառավարման մոդելի փոփոխությունն այնքան էլ կարեւոր չէ, այլ կարեւորը ժողովրդավարության կայացումն է: Իսկապես այս համակարգով կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել:
-Համաձայն եմ դեսպանի հետ, քանի որ ցանկացած կառավարման մոդելի դեպքում էլ կան ժողովրդավար եւ տոտալիտար երկրներ: Դա կապ չունի կառավարման համակարգի հետ: Այստեղ խնդիրն այն է` ուզում է քաղաքական ուժը կատարել ներքին բարեփոխումներ, թե ոչ: Մենք ուզում ենք ունենալ երկիր, որտեղից լեղապատառ կփախնեն, թե երկիր, որտեղ կուզեն վերադառնալ: Սա է հարցի արժեքը, պետք չէ բարդացնել: Իսկ դրա համար իշխանությունը պետք է ջարդի իր ողնաշարը, կոտրի այն ճյուղը, որի վրա նստած է:
-Խոսեցիք վստահության մասին, արդյո՞ք այժմ ԵՄ-ն վստահում է Հայաստանին:
-Այս փուլում այո՛, ես տեսնում եմ շատ պոզիտիվ ազդակներ նրանց կողմից: Երբեւէ ԵՄ-ն եւ Հայաստանն այսքան մոտ չեն եղել, սակայն ամեն ինչ կարող է մեկ ժամում եւ մեկ օրում փոխվել, որովհետեւ անկախությունից հետո մենք ունեցել ենք տարբեր փուլեր ԵՄ-ի հետ համագործակցության, երբ վստահությունից ամեն ինչ փոխվել է խորը անվստահության: Ես հույս ունեմ, որ հերթական անգամ Հայաստանը չի գնա այդ ճանապարհով եւ ԵՄ-ի համար չի դառնա իզգոյ երկիր:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՈՒՐ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԻ

Կառավարությունը պատրաստվում է Սեւանա լճից կրկին մեծ ծավալների ջուր բաց թողնել: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել Սեւանա լճից մինչեւ 170 խմ ջուր բաց թողնելու մասին որոշման նախագիծ: Պատճառը Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելն է ու ջրապահովվածությունը բարձրացնելը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ջրպետկոմին ջրապահանջ են ներկայացրել նաեւ ջրօգտագործողներ: Ըստ այդմ` ընթացիկ տարվա ոռոգման շրջանում մարտի 5-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազար հա, իսկ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի 482 մլն մ3:
Սակայն, ըստ որոշ բնապահպանների, Սեւանից ջրի միջին տարեկան բացթողումների ծավալները չեն համապատասխանում պաշտոնական կառույցների չափից ավելի «համեստ»` մոտ 2 անգամ պակաս տվյալների իսկությանը: Նրանց կարծիքով` կառավարության կողմից Սեւանա լճի ջրի բացթողման միակ, արդարացված եւ օրինական պահանջարկը ոռոգման նպատակներով դրա օգտագործումն է: Բայց արի ու տես, որ ջրի` նման մեծ ծավալների բացթողումից հետո էլ պարզվում է` բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ շարունակում են մնալ առանց ոռոգման ջրի: Սակայն որոշ բնապահպաններ, որոնք դեմ են արտահայտվել այս նախագծին, կարծում են, որ սրանով ամեն բան արվում է Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացնելու նպատակով: Մասնագետները համոզված են, որ ոռոգման անվան տակ Սեւանից բաց թողնվող ջրի մեծ մասն օգտագործվում է այլ նպատակներով: Իսկ այդ ամենի արդյունքում կասեցվում է լճի մակարդակի հետագա բարձրացումը. մի հանգամանք, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Սեւանա լճի համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈՍԱՌԱՏ Է
Վերջերս ճանապարհաշինական մի քանի ընկերություններ փոսային նորոգումներ կատարեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում, փոսերը ասֆալտի շերտով կարկատվեցին: Ադրբեջանի հետ սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ավտոճանապարհը խիստ փոսառատ է, ավտոմեքենաները դժվարությամբ են հաղթահարում այն: Վարորդները մեքենաները փոսերից փախցնելով` հաճախ դուրս են գալիս երթեւեկության հանդիպակած գոտի` ստեղծելով վթարային իրավիճակ: Շրջանցիկ այդ ավտոճանապարհը կառուցվել է 2001-2002 թվականներին, դրա օգտագործման ռեսուրսը սպառվել է, ճանապարհը վաղուց հարկ է հիմնանորոգելու: Միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում այժմ նորոգում է ընթանում, որի պատճառով Հայաստան բեռներ ներկրող եւ մեր երկրից բեռներ արտահանող խոշոր բեռնատարների մեծ մասը երթեւեկում է Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, որի մաս է կազմում Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ուղին: Խոշոր բեռնատարների ծանրության տակ շրջանցիկ ճանապարհի բարակ ծածկը շատ տեղերում իջվածքներ ունի: Բազմաթիվ փոսեր կան նաեւ Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանագոտու երկայնքով ձգվող ավտոճանապարհին: Այն ձգվում է ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց, ավտոմեքենաները ադրբեջանական գնդակոծության վտանգից խուսափելու համար այդ հատվածը պետք է անցնեն արագությամբ, սակայն ճանապարհի փոսերը թույլ չեն տալիս վտանգավոր այդ հատվածում արագություն զարգացնելու: 2007 թվականից գործում է նաեւ Բաղանիս-Ոսկեպար, սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհը, այն լեռնային տեղանքով է անցնում, ուստի վարորդների գերակշիռ մեծամասնությունը գերադասում է երթեւեկել սահմանի երկայնքով ձգվող, հիմնական ավտոճանապարհով:

 

 

ՎԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ
Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մեր աղբյուրների պնդմամբ` ԴԱՀԿ վարույթում են գտնվում պայմանագրային զինծառայողներից գումարների բռնագանձմանն առնչվող բազմաթիվ գործեր: Պայմանագրային զինծառայողների ընտանիքները բանկերից եւ վարկային կազմակերպություններից սպառողական նպատակներով, կենցաղային տեխնիկա գնելու, տունը վերանորոգելու եւ այլ վարկեր են վերցնում, նրանցից շատերը հետագայում դժվարություններ են ունենում վարկերը փակելու գործում: Պայմանագրային զինծառայողի աշխատավարձը, կախված պաշտոնից, կոչումից, 160-170 հազար դրամ է: Պայմանագրային զինծառայողների մեծամասնությունը իրենց տան միակ աշխատողն է, ընտանիքի կերակրողը: Ոչ բարձր աշխատավարձի պատճառով պայմանագրային զինծառայող հարկադրված դառնում են հիմնականում մշտական աշխատանք, մասնագիտություն կամ արհեստ չունեցողները: Ահա թե իշխանություններն ինչպես են վերաբերվում հայկական բանակին եւ պայմանագրային զինծառայողներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս