Այն, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետն իր ողջ աշխատակազմով անգործության է մատնված, դա վաղուց հայտնի փաստ է: Դրա մասին են խոսում նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է ծառայության` 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի գործունեությունը: Այսպես` ՎՊ-ն ուսումնասիրել է ՍԱՊԾ-ի կողմից իրականացված ստուգումների 10 փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերել է խախտումներ:
Օրինակ` տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման ընթացքում կատարվել է արտադրատեսակներից նմուշառում եւ ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Ըստ փորձարկման արձանագրության` «Կոլոլակ» արտադրատեսակը չի համապատասխանել պահանջներին, եւ որոշվել է արտադրական գործունեությունը կասեցնել եւ խախտումները վերացնել: Սակայն ՎՊ-ն պարզել է, որ ստուգաթերթը լրացված է եղել մատիտով, արդյունքում՝ հնարավոր է փոխել հարցերի պատասխանները: Իսկ ահա պահեստում առկա եւ հետ կանչված վտանգավոր 17.1 կգ արտադրանքը տեսուչի կողմից ոչնչացվել է միանձնյա: Այսինքն` հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չի ստորագրել ոչնչացման ակտում, միգուցե եւ ներկա չի գտնվել այդ իրադարձությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մսամթերքի ներմուծմամբ եւ պահածոների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողի մոտ իրականացված դիտարկման արդյունքում պահածոների մեջ օգտագործվող տավարի գլխամսից արվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության` «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ: Արձանագրությամբ հաստատվել է, որ նմուշում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: ՍԱՊԾ-ի կողմից արձակվել է կարգադրագիր` փորձարկված նմուշի ամբողջ խմբաքանակը` 25 տոննա տավարի սառեցված գլխամիսը, ոչնչացնելու կամ օգտահանման ենթարկելու մասին: Բայց նույն օրը ընկերության տնօրենը նամակով դիմել է ՍԱՊԾ պետին եւ խնդրել թույլ տալ վերը նշված մսի խմբաքանակը օգտագործել պահածոների արտադրության մեջ, քանի որ այն անցնելու է ջերմային մշակում: Արդյունքում աղիքային ցուպիկի խմբի մանրէներով ախտահարված 25 տ մսամթերքը չի ոչնչացվել:
ՍԱՊԾ աշխատակիցների թույլ տված խախտման մեկ այլ օրինակ. անցած տարվա ընթացքում ուկրաինական «Պտիցեկոմպլեքս Գուբին» ընկերությունից տնտեսվարողի կողմից ներմուծվել է 15 տոննա սառեցված հավ, ՍԱՊԾ կողմից նմուշառվել է եւ ուղարկվել փորձաքննության «Ստանդարտ Դիալոգ» ընկերություն: Արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, այսինքն` այս դեպքում սննդամթերքը համարվել է վտանգավոր օգտագործման համար, եւ ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչնչացվեր կամ արտահանվեր ՀՀ-ից: Բայց նույն օրը սառեցված հավի այդ խմբաքանակի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը:
Բացի այս` ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Օրինակ` սննդամթերք ներմուծող ընկերությունը Բրազիլիայից անցած տարվա փետրվարի 9-ին ներկրել է թռչնամիս: Ծառայության աշխատակիցների կողմից նմուշառում է իրականացվել եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, սակայն արդեն փետրվարի 13-ին առանց լաբորատոր փորձաքննության արդյունքների տրամադրվել է բեռի անվտանգության սերտիֆիկատ: Իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները տրամադրվել են միայն 11 օր անց` փետրվարի 24-ին: Ավելին` նշված կառույցի աշխատակիցները չեն իրականացնում վերլուծություններ եւ գործողություններ` առավել ռիսկային երկրներից եւ արտադրողներից ՀՀ ներմուծվող սննդամթերքի մուտքը կանխարգելելու եւ անվտանգությունն ապահովելու համար: Եղել են դեպքեր, երբ սահմանային տեսուչը տնտեսվարողի ներմուծումը կասեցրել է սեփական նախաձեռնությամբ, անգամ ներմուծվող բեռի ոչ ռիսկային համարվելու պարագայում:
Նմանատիպ խախտումներից բացի, պարզվում է` այս կառույցը զբաղվել է նաեւ պետական միջոցները մսխելով, վատնելով: Այսպես` ծառայության կողմից 27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Նրանք ներգրավվել են որպես փորձագետներ, սակայն նրանց քաղաքացիական ծառայության թափուր աշխատատեղերի համար նախատեսված վարձատրության հաշվին վճարվել է 20 մլն դրամ աշխատավարձ: Պարզվել է նաեւ, որ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը ծառայությունում աշխատող փորձագետներից 24-ին տրվել է 9 մլն 863 հազար դրամի չափով պարգեւավճար: Մինչդեռ փորձագետը ծառայության աշխատակից չէ, հետեւաբար չէր կարող խրախուսվել ծառայության աշխատողների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին: Ափսոս ՎՊ-ն չի բացահայտել, թե ովքեր են այդ երջանիկ փորձագետները եւ ի՞նչ խնամիածանոթ-բարեկամական առնչություն ունեն ՍԱՊԾ պետի կամ իշխանության մյուս ներկայացուցիչների հետ: Սա կարող են անել իրավապահները, երբ քննարկեն ՎՊ հաշվետվությունը:
Իսկ ահա անասնաբուժության ոլորտը լրիվ բարձիթողի վիճակում է, բնականաբար շնորհիվ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի անգործության: Բանն այն է, որ անասնաբուժության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացվող պատվաստումների նկատմամբ վերահսկողությունը զուտ փաստաթղթային է: Պարզվել է, որ պատվաստանյութի ազդեցության ստուգման շճաբանական հետազոտություններ չեն իրականացվում:
ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննության ենթարկված մի շարք ապրանքների վերաբերյալ արձանագրությունները կազմվել են փորձաքննության ավարտից ավելի շուտ, որը փաստում է, որ փորձաքննությունները իրականացվել են կա՛մ նորմատիվ փաստաթղթերի խախտումներով, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել: Ավելին` 2016-2017 թվականների ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը իրականացրել է փորձաքննություններ, որոնք հաշվապահական ձեւակերպումներ չեն ստացել, ինչի արդյունքում թաքցվել են ՊՈԱԿ-ի եկամուտները եւ ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը: Այս կազմակերպությունը մինչեւ 2016 թվականի հունիսի 16-ը խախտելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ին ավտոմեքենաներ է տրամադրել անհատույց օգտագործման պայմանագրերի հիման վրա:
Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից: Նշենք, որ ՎՊ բացահայտումների ժամանակահատվածը ընդգրկել է ՍԱՊԾ նախկին պետ Արմեն Հայրապետյանի եւ ներկայիս պետ Իշխան Կարապետյանի պաշտոնավարման տարիները: Նախկինը ազատորեն պտտվում է ՀՀ տարածքում, իսկ ներկայիս պետը շարունակում է պաշտոնավարել: Մինչդեռ երկուսն էլ պետք է այսքանից հետո գտնվեին ոչ թե հարմարավետ աշխատասենյակներում` վայելելով իրենց միլիոնները, այլ առնվազն զոլավոր հագուստներով հայտնվեին ուղղիչ աշխատանքային գաղութում: Բայց ինչպես հայաստանյան փորձն է ցույց տվել` նրանք ջրից չոր են դուրս գալու: Չէ՞ որ երկուսն էլ վայելում են իշխանության վերին օղակների հովանավորչությունը. ՍԱՊԾ ներկա պետը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ազգականն է, նրա կադրը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՈՒՃԱՊ
Ռուսական արժույթի հետ վերջին երկու օրերին կատարվողը փորձագետները որակել են խուճապ. ռուբլին շարունակում է արագ արժեզրկվել` եվրոն արժի արդեն 78 ռուբլուց ավելի, իսկ դոլարը` 63 ռուբլի: Խուճապը սկսվել է, երբ հանգստյան օրերից հետո բացվել է մոսկովյան բորսան, եւ շուրջ 50 ընկերություններ մի օրում կորցրել են 14 միլիարդ դոլարից ավելի գումար՝ ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով: Հիշեցնենք` անցած ուրբաթ՝ ապրիլի 6-ին, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ: Ուրբաթ օրը հրապարակված ցուցակում հայտնված մարդկանց մուտքը ԱՄՆ արգելվում է, սառեցվում են նրանց բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է որեւէ գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց եւ ընկերությունների հետ։ ՌԴ կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան վստահեցրել է, որ կառավարությունը կօգտագործի տարբեր միջոցներ` իրավիճակը կարգավորելու համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ կան որոշ բացասական միտումներ բորսայում եւ տարադրամի շուրջ, եւ հավելել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է կառավարության հետ ու վերահսկում է իրավիճակը:
170-175 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասել է, որ Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: «2017-2020թթ. համար Հայաստանին տրամադրվելու է Եվրամիության օժանդակության ծրագրված ծավալը, որը կկազմի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,-նշել է փոխնախարարը: Ըստ նրա` ԵՄ-ի կողմից հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը:
ԱՀԱԶԱՆԳ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող հայ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ճնշումների մասին: Նա հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին էր: «Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը սահմանում է, որ միության անդամ երկրի քաղաքացիները միության անդամ մյուս երկրներում կարող են ազատ տեղաշարժվել եւ աշխատել իրենց ազգային փաստաթղթերով: Սակայն մենք մի քանի օր է` զանգեր ենք ստանում Ռուսաստանի տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանները հայ վարորդներին ստիպում են գնալ, քննություն հանձնել եւ ռուսական վարորդական իրավունք ստանալ: Սա Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի խախտում է»,- նշել է Մարուքյանը: Նա կառավարությանը կոչ է արել կապ հաստատել ռուս գործընկերների հետ եւ բարձրաձայնել խնդրի մասին։
ԿԱՐՄՐՈՒԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների` տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Կարմրուկի եւ կարմրախտի առումով դեռեւս իրավիճակը կայուն է։ Տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության վարակի տարածմանը: Իրավիճակի սրացմանը կարող են նպաստել նաեւ բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ։
ՀՀ առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա եւ պատվաստվել կարմրուկի դեմ: Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը կարող է կանխել կարմրուկը եւ վերջինիս հետեւանքով առաջացած բարդությունները: