«ԱՅԴ ԱՂԵՏԸ ԵՍ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ ՏԵՍԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այս օրերին գործնական այցով գտնվում է Սյունիքի մարզում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Մեղրիում հանքերի շահագործման արդյունքում առաջ եկած խնդիրների, հուշարձանների նկատմամբ անհատական հոգածությունից զատ՝ մասսայական հոգածության պակասի, հանրության՝ նախնյաց հիշատակներին ծանոթ չլինելու եւ այլ թեմաների շուրջ: Պարոն Կարապետյանը նշել է, որ նկատում է թշնամական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ:

-Պարո՛ն Կարապետյան, գիտենք, որ գործնական այցով Սյունիքում եք: Կպատմե՞ք տեղում Ձեր կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին՝ կապված հուշարձանների եւ, առհասարակ, տեղի, միջավայրի հետ:
-Ես եղա Մեղրիում եւ Ձեզ մի պատկերի մասին կպատմեմ, մնացած հետեւությունները կարող եք արդեն Դուք անել: Մեղրիում մարդիկ բացում են ծորակն ու ասում. «Մեր հերն են անիծել, ջրից էլ չենք կարող օգտվել»: Մարդիկ քաղաքից դուրս են գալիս, կապրոնե տարաներով ջուր են կրում այն աղբյուրներից, որոնցից դեռ կարելի է խմել: Այնքան հանքեր են շահագործում այդ տարածքում, որ մի օր թունավորելու են ամբողջ բնակչությանը: Սա անհեռատես, անհագուրդ, անխոհեմ վերաբերմունքի արդյունք է, այդ աղետը ես իմ աչքերով տեսա այս օրերին: Ընդ որում, հին հանքերի կողքին անընդհատ բացվում են նորերը՝ առանց հաշվի առնելու, որ դրանք գտնվում են աղբյուրների ակունքների շրջանում: Ազգային պատկանելիություն չունեցող մարդկանց գործելակերպ է սա: Ագարակի պես վիթխարի տարածությունը անապատի է վերածվել, ուղղակի թունավորված է: Կամ, ասենք, Լիճք գյուղի վանքը հենց խմելու ջրի վրա են բացել, բացողները մտածում են միայն այսօր գրպանները լցնելու եւ վաղը թռչելու մասին: Բայց չէ՞ որ այս գործելաոճը առանց այդ էլ թվով փոքր հայաստանաբնակ հայերին դրդում է հեռանալ հայրենիքից: Սա թշնամական վերաբերմունք է սեփական ժողովրդի եւ հայրենի չնաշխարհիկ բնության նկատմամբ:
-Իսկ հուշարձանների մասով ի՞նչ կասեք:
-Միակ մխիթարությունս այն է, որ Մեղրու շրջանում հուշարձանների պատմական հիշատակների նկատմամբ անհատների կողմից առկա է հոգածություն: Նայում ես ու տեսնում ես մեկին, որը իր հարազատ վայրում ամեն հուշարձանի, ամեն քարի տեղը գիտի, պատրաստ է հոգին տալ ամեն բույսի համար, եւ մյուս կողմից տեսնում ես երախները բացած հրեշների: Բայց այս վերջինները երբեք չեն մտածի, օրինակ, իրենց շրջապատող անմշակ արտերի մասին: Իսկ խորհրդային տարիներին դրանք մշակված են եղել: Հեկտարներով անմշակ հողատարածությունները հարյուրավոր են: Փոխանակ հողը մշակեն, խափանված ջրանցքները վերականգնեն, բերք ու բարիք ստանան, միայն ավերելով են զբաղված:
-Դուք նշեցիք, որ հուշարձանների նկատմամբ անհատների կողմից հոգածություն կա: Իսկ ինչպե՞ս անենք, որ դա ավելի մասսայական բնույթ կրի:
-Դե որպեսզի այդ երեւույթը դառնա մասսայական, հարկավոր է, որ հասարակությունը ունենա համապատասխան գիտակցական, ճանաչողական մակարդակ: Մեր կրթության եւ գիտության նախարարությունն այդպես էլ այնպիսի առաջարկ չարեց, որ դպրոցներում նախնյաց հիշատակներին ծանոթացնող առարկա մտցվի: Մեր հասարակության անդամները հաղորդակից չեն իրենց մշակութային հսկա ժառանգությանը:
-Իսկ Սյունիքում կա՞ն հուշարձաններ, որոնք առանձնակի հոգածության կարիք ունեն:
-Այո, ես կառանձնացնեի Բեխի անապատը (այլ անվանումներ՝ Տանձափարախի կամ Արիստակես անապատ), գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արեւելք, բարձր լեռան արեւելյան լանջին, անտառի մեջ, ինչպես նաեւ Հալիձորի վանական համալիրը, գյուղական մի շարք վանքեր: Գիտեք, մի շարք հուշարձաններ էլ վերականգնվել են, սակայն կա՛մ աշխատանքը վատ է կատարվել, կա՛մ թերի, եւ դրանք կրկին առանձնահատուկ հոգածության կարիք ունեն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՆԱԽԸՆՏՐԵՑԻ ԿԱՐԻԵՐԱՆ, ԻՍԿ ՆԱ ՍՊԱՍԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների: Նրանք կատարում են խոստովանություններ, նշում են, թե ինչի համար են ափսոսում, ինչը կցանկանային վերադարձնել անձնականում եւ այլն:

Այս անգամ մեր զրուցակիցը ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյն է: Նրա համոզմամբ՝ ինչպես առաջին սերը, այնպես էլ ցանկացած այլ սեր դադարում է գոյություն ունենալ այն ժամանակից սկսած, երբ սիրահարները բաժանվում են. «Իհարկե, սկզբում հետքերը տաք են լինում, բայց հետո ժամանակն ամեն ինչ անց է կացնում»,-ասաց նա:
Թինան պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է 20 տարեկանում. «Դա այն տարիքն է, երբ սիրահարված մարդը կարող է գնալ ծայրահեղ քայլերի»,-շեշտեց պարուհին:
Նրա ընտրյալն իր ոլորտից չի եղել: Առհասարակ, Թինային իր բնագավառից տղամարդիկ երբեք չեն հետաքրքրել. «Պատճառն այն է, որ ես անգիր գիտեմ այդ մարդկանց ապրելակերպը: Ինչ վերաբերում է իմ առաջին սիրուն, ասեմ, որ նրա հետ ունեցել եմ կարճատեւ հարաբերություններ: Սովորաբար առաջին հարաբերությունները չեն էլ երկարում: Քիչ է պատահում, որ, ասենք, դպրոցական սիրուդ հետ ամուսնանաս եւ հասնես մինչեւ խոր ծերություն: Իսկ, առհասարակ, եթե տվյալ մարդը քո ճակատագիրը չէ, հարաբերություններն էլ երկար տեւել չեն կարող, հատկապես, որ կյանքը քեզ համար լրիվ ուրիշ բան է պատրաստել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչու իրենց հարաբերությունները երկար չտեւեցին, պարուհին պատասխանեց. «Մեր ճակատագիրն այդպես դասավորվեց: Բացի այդ՝ ես արդեն պլանավորել էի կարիերա անել: Այդ տղան ուզում էր, որ մենք ամուսնանայինք, իսկ ես նախընտրեցի կարիերա անել, ու նա չէր կարող անվերջ սպասել ինձ: Եթե սպասեր, շատ երկար կսպասեր: Երեւի թե մեր սերն էլ բավականաչափ հզոր չէր: Եթե ես 20-ում ամուսնանայի, կլինեի Քրիստինե Գրիգորյանը, ոչ թե Թինա Քեյը: Իսկ Աստված ինձ համար պահել էր բարձունքներ, 30-ում՝ ամուսնություն, ապա՝ երկու զավակի ծնունդ»:
Թինան հավելեց, որ իր առաջին սիրուն հետագայում հանդիպելու ոչ մի առիթ չի ունեցել, ուղիները նրանց տարբեր տեղեր են տարել:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԻՆԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը. երեկ նման որոշում է կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ, եւ Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը»: Նշենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի ընտրանին մարզել է նաեւ 2009-2013 թվականներին:

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄՈՐԱՏԱՅԻ ՀԵՏ
Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի հետ եւ իսպանացուն կարող է վերադարձնել արդեն ամռանը: «Corriere dello Sport»-ի փոխանցմամբ` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէ անգլիական ակումբից հեռանալուն, քանի որ «ազնվականները» մրցաշրջանի արդյունքներով չեն հայտնվի Չեմպիոնների լիգայում: Նշենք, որ Իտալիայի չեմպիոնի ղեկավարությունը հետաքրքրված է Մորատային վերադարձնելու մեջ, ով թուրինցիների կազմում է հանդես եկել 2014-ից 2016 թվականներին: Գլխավոր խնդիրը հարձակվողի բարձր աշխատավարձն է, որը տարեկան 8 միլիոն եվրո է կազմում: «Յուվենտուսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը տարեկան ստանում է 7.5 միլիոն եվրո:

 

 

Adidas-Ը ԿՓՈԽԱՐԻՆԻ Puma-ԻՆ
Լոնդոնի «Արսենալ» ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մտադիր է փոխել տեխնիկական հովանավորին։ Այս պահին «զինագործները» գործող պայմանագիր ունեն Puma ընկերության հետ, որը լոնդոնցիներին բերում է տարեկան 30 միլիոն ֆունտ ստերլինգ: Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: Տեղեկությունների համաձայն` «Արսենալը» սկսել է բանակցել Adidas-ի հետ, որի հետ գործարքը պետք է բերի տարեկան նվազագույնը 40 միլիոն ֆունտ: Այս պահին ամենամեծ գումարը տեխնիկական հովանավորներից ստանում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 75 միլիոն ֆունտ:




Լրահոս